Ընդդիմադիրների նկատմամբ գործեր հարուցած քննիչները պարգևատրվում են․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ընդդիմադիրների նկատմամբ գործեր հարուցած քննիչները պարգևատրվում են․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մի կողմից իշխանությունները ավելացնում են ճնշումներն Արցախի իշխանությունների հանդեպ, մյուս կողմից պարգևատրում՝ ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործեր հարուցած քննիչներին․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախցիների դեմ ՀՀ իշխանությունների հակակրանքի սրացումների պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք չեն ենթարկվել վերեւից իջած հրահանգներին: Մեր աղբյուրը հայտնում է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հստակ ասվել է` ոչ մի քայլ չանել, որը կարող է հարուցել Իլհամ Ալիեւի զայրույթը․ փետրվարի 21-ին՝ Արցախյան շարժման 36-ամյակին, Եռաբլուր չայցելել, ուղերձներ չտարածել: Ամեն ինչ անել, որ փետրվարի 21-ը լուռ անցնի, ինչպես արեցին ՀՀ պետական այրերը։
ՀՀ իշխանությունները՝ ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ ԱԺ նախագահի մակարդակով բառ չասացին այդ օրը, ուղերձներ չտարածեցին, հարգանքի տուրք չմատուցեցին։ Մինչդեռ Շահրամանյանը, անտեսելով զգուշացումները, այցելեց Եռաբլուր, նրա հետ էին ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, արցախցի այլ գործիչներ, որոնք նաեւ հարցազրույցներ տվեցին։

Ապա, մեր տեղեկություններով, Արցախի տեղեկատվական շտաբում նաեւ հավաք է անցկացվել՝ արցախյան շարժման հիմնադիրների մասնակցությամբ, եւ կոշտ քննադատություններ են հնչել իշխանությունների հասցեին։ Շահրամանյանի թիկնապահի հետ կապված միջադեպը (լրագրողին ուղղված հայհոյանքը) ուղղակի «նվեր» էր իշխանություններին, որը նրանք լիուլի օգտագործեցին հակաարցախյան ալիք բարձրացնելու համար: Եվ դրա ֆոնին նաեւ հնարավոր դարձավ Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտե կանչելը եւ հանրությանը ներկայացնելը, թե արցախցիները «նարկոման են ու հանցագործ», հայհոյող թիկնապահներով են շրջում: Նախագահի թիկնապահը, որը նաեւ սամբոյի աշխարհի երկակի չեմպիոն է, 2 օր ձերբակալված էր՝ երեկ ազատ արձակվեց, խուզարկությամբ ո՛չ նրա ավտոմեքենայում, ո՛չ տանը չթույլատրվող իրեր չեն հայտնաբերվել»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եւ նրա շրջապատի նկատմամբ սկսված իշխանական արշավն իր արմատներն ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ 2023 թվականի աշխատանքային վերջին օրերին Սամվել Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին է ուղարկել Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը չեղարկելու որոշումը՝ այդպիսով հայտարարելով, որ Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի: Լուրի հավաստիությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզ գործուղումների էր, զանգերին չպատասխանեց:

Բնականաբար, Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումը եւ դրա ուղարկելու քայլը վրդովեցրել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա արցախատյաց թիմակիցներին: Նրանք համարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով եւ հանձնելով՝ կարող են փրկել Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, սակայն դա էլ չի հաջողվում: Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է տարածքային նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ՝ 8 գյուղեր, անկլավային այլ տարածքներ, ինչպես նաեւ 2021թ.-ից օկուպացված է պահում Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներից Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք: Այսինքն՝ Արցախը զոհաբերելով՝ Հայաստանը ոչինչ չի շահել, այլ կորցրել է:

Ապագայում սպասվելիք դժվարությունները, հարձակումներն ու ագրեսիաները որեւէ կողմի վրա բարդելու համար (որեւէ կերպ չի դիտարկվում Ադրբեջանը) Նիկոլ Փաշինյանը նոր մեղավորներ է փնտրում եւ, ահա, գտել է. Արցախի ղեկավարությունն է Հայաստանում: Հրահանգված է Արցախի նախագահի շուրջ հնարավորինս սեղմել օղակը, եւ առաջիկայում տարբեր թիրախավորումների ականատես կլինենք»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարչակարգը պարգեւատրում է բոլոր նրանց, ովքեր հլու-հնազանդ կատարում են քաղաքական պատվերը։ Երեկ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Տիգրան Շոխոյանը նշանակվել է Արարատի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Շոխոյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված շինծու գործը քննող քննիչն է, ում ջանքերով գործն այնպես կարվեց, որ նրան կարողանան պահել կալանքի տակ»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հրապարակային կասկածի տակ է դնում ՀՀ իրավապահ մարմինների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության գործունեության պրոֆեսիոնալիզմն ու օբյեկտիվությունը՝ նշելով զոհերի մասին, ասելով, թե վհուկների որս չպետք է լինի։ Ավելին՝ երեկ հայտարարել է. «Քանի որ մամուլը վերջին օրերին բազմաթիվ անգամներ անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված եւ դատախազության կողմից հաստատված հերթական անհիմն քրեական գործին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված 2-րդ ԴՆԹ սեկվենատորին, որի շնորհիվ կրկնակի արագությամբ նույնականացվել են մեր զոհերի մարմինները կամ մասունքները, ես մոտ օրերս շատ հանգամանալից կանդրադառնամ դրան»։

Ինչո՞ւ են լռում իրավապահ մարմինները, երբ ՔՊ-ական պատգամավորը «ցեխ է շպրտում» նրանց կատարած գործունեության վրա: Միգուցե ՔՊ-ական Արսեն Թորոսյանի այս համարձակ ու հրապարակային ելույթները ավելի խորը արմատնե՞ր ունեն: Մասնավորապես, իրավապահ համակարգը անզոր գտնվեց ու մինչ օրս ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին պատասխանատվության չի կարողանում կանչել Cօvid-19-ի շրջանում փողերի լվացման գործով, ու այն մինչ օրս դոփում է տեղում, ինչն էլ Թորոսյանին հիմք է տալիս գնահատական տալ ուժայինների գործունեությանը։
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը, ՔՊ-ական պատգամավորի կողմից Գլխավոր դատախազության հարուցած գործը անհիմն համարելու հայտարարության հետ կապված, Գլխավոր դատախազությունից մեկնաբանություն խնդրեց, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ դատախազությունը չի մեկնաբանում»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մոտ 2 տարի է՝ կալանքի տակ է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ում մեղադրում են 2020 թ. հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, ինչի հետեւանքով, ըստ ՔԿ-ի, հակառակորդը գրավել է Շուշին, եւ հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր ու վիրավորներ։

Բայց միեւնույն ժամանակ պաշտոն են տալիս մեկին, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ՊԲ-ում զբաղեցնելով սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը՝ նշանակված է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատու:
Խոսքն Արցախի ՊԲ փոխնախարար Սերգեյ Առստամյանի մասին է, որին երեկ նշանակեցին ՔԿ նախագահի խորհրդական: Հիշեցնենք նաեւ, որ Քյարամյանը եւս պատերազմի օրերին Հայաստանից գործուղվել էր Շուշի եւ թերեւս այնտեղ է Առստամյանի հետ ծանոթացել։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում