Արևմուտքը՝ ադրբեջանական լրագրողների ապաստարան

Օրերս Ադրբեջանից Եվրոպա են գաղթել Իլհամ Ալիևի վարչակարգին հակառակորդ, Բաքվում աշխատող երկու լրագրողներ:

Նրանցից մեկը «Բիզիմ յոլ» թերթի աշխատակից Իդրաք Աբբասովն է: Նա նաև Ռեպորտյորների ազատության և անվտանգության ինստիտուտի (RATI) աշխատակից է: Ի.Աբբասովի աշխատանքային ընկերները հաստատել են «Բիզիմ յոլ»-ից նրա հեռանալու փաստը, սակայն, չեն կարողացել հայտնել, թե կոնկրետ որ եվրոպական երկրում է գտնվում: 

Եվրոպա գաղթած մյուս լրագրողը ժամանակ առաջ փակված «Այնա-Զերկալո» թերթի աշխատակից, միևնույն ժամանակ Լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին է: Նրա ընկերները հայտնել են, որ Ջ.Սումերենլին մեկնել է եվրոպական երկիր:

Modern.az-ն ավելի վաղ հայտնել էր, որ օրերս Ադրբեջանից Եվրոպա են գաղթել նաև «Ազադլըգ» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի երկու աշխատակիցներ` Աբբաս Աթիլայը և  Մաարիֆ Չինգիզօղլուն:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ վերջին ամիսներին Ադրբեջանից առնվազն 7 ԶԼՄ-ների աշխատակիցներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր չեն հաշտվում Ալիեւի վարչակարգի հետ, քաղաքական ապաստան են խնդրել Արեւմուտքում:

Ըստ գործակալության` ապաստան խնդրած անձանց մեջ կան նաև Ադրբեջանում ձերբակալված ԶԼՄ-ների աշխատակիցների ընտանիքի անդամներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում