Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են ուղիղ առճակատման փուլ, իրավիճակը թեժանում է․ առավոտյան մամուլը Times.am-ում

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են ուղիղ առճակատման փուլ, իրավիճակը թեժանում է․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին բաց տեքստով մեղադրում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու փորձի մեջ, Արևմուտքը պահանջում է պաշտոնանկություններ՝ իշխանական ամենաբարձր էշելոններում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմինը վերջերս ստուգումներ է անցկացրել «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցում։ Մեր տեղեկություններով, ստուգումները կապված են ստվերային աշխատողներ պահելու, այսինքն` աշխատողներին գրանցելու հարցի հետ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնից։
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ խախտումների հետ են դրանք կապված եղել, եւ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, տեսչական մարմնից փոխանցեցին․ «Հունվարի 11-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Թեժ գիծ ծառայությամբ տեղեկատվություն է ստացվել, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցում խախտվում են աշխատակիցների աշխատանքային իրավունքները:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 2024 թվականի հունվարի 12-ին Տեսչական մարմնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը գտնվում է ընթացիկ փուլում»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի աջակիցների հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը տապալվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 26-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները նոր շարժում են ձեւավորվել՝ «Վարդանանք» անվամբ, ու պատրաստվում են փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը:
Գրել էինք նաեւ, որ ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք նախապես դիմել են Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել:

Տեղեկացանք, որ փոխարենը ընդդիմադիր տարբեր գործիչներ՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, «Զարթոնք» կուսակցության նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը, Էջմիածին քաղաքի ավագանու «Էջմիածին» ընդդիմադիր խմբակցությունը եւ Վեհափառի աջակիցները պատրաստվում են Մայր Աթոռում միջոցառումներ իրականացնել՝ ի աջակցություն Վեհափառի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին պարզ դարձավ, որ դատախազը «սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը»: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Հովհաննիսյանն ազատ է արձակվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ճնշումների արդյունքում:

Ի մասնավորի, մեր աղբյուրի փոխանցմամբ, այս հարցը առանցքայիններից մեկն է եղել նաև Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի՝ փետրվարի 6-ին կայացած հանդիպման ժամանակ, թեպետ, բնականաբար, այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէ: Ավելին, մեր աղբյուրները պնդում են, որ չնայած դատարանի՝ որևէ տեսակցության արգելքին, ԱՄՆ դեսպանին թույլատրվել է այցելել ՔԿՀ ու անձամբ հանդիպել «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

Հատկանշական է, որ ժողովրդավարական համարվող երկրի դեսպանը Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների հարցում որևէ կարծիք չի հայտնել, իսկ ահա «Սիներջիի» տնօրենի հարցով շահագրգռություն է ցուցաբերել: Դե, երևի, «ժողովրդավարությունը՝ առանձին, երկրի բիզնես հետաքրքրությունները՝ առանձին» սկզբունքն է գործում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս անգամ էլ էր անտեղյակ կամ անտեղյակ ձեւացավ լրագրողների մոտ։ Կառավարության նիստից հետո, երբ նրան հարցրել են Առողջապահական տեսչական մարմնի բժշկական օգնության եւ սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման դեպքից, Ավանեսյանը շտապել է հայտարարել. «Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու: Ես տեղյակ չեմ, որ Քրիստինա Աբրահամյանին կաշառք տվող կինը վերջերս ձեռք է բերել ֆիզիոթերապիայի ինստիտուտը»։

Հայտարարել է ու հեռացել լրագրողներից։ Մինչդեռ, առողջապահության նախարարը պետք է արդեն տեղեկացված լիներ դեպքի մանրամասներից, դեռ ավելին՝ ֆիզիոթերապիայի ինստիտուտի ճակատագրից։ Չենք բացառում, որ նա տեղյակ է, բայց լրագրողների մոտ չի ցանկացել անկեղծանալ։ Սա էլ է տարեբրակ, որովհետեւ լրագրողները կարող է մի քանի հարց տային, ու հիմնավորվեր, որ Ավանեսյանը չի տիրապետում իր գլխավորած ոլորտին, իր թիկունքում ով ինչ ուզում, անում է, կամ, ընդհակառակը, նա հովանավորում է:

Առողջապահական համակարգում մի սկանդալ էլ կապված է 44-օրյա պատերազմից հետո 2-րդ ԴՆԹ սեկվենատորի ձեռք բերման գործընթացի հետ: Այս գործով եղավ ձերբակալություն, թեեւ բանը կալանքի չհասավ։ Բայց այս դեպքում էլ Անահիտ Ավանեսյանը եղել է առողջապահության փոխնախարար, ավելի ճիշտ՝ նախարարի առաջին տեղակալը, որի համակարգման ոլորտում են եղել նման հարցերը։ Ավանեսյանը կրկին լռում է։

Ու այս պատմություններին զուգահեռ, Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել՝ ոլորտի ձախողումների ու բացթողումների մեղքը փորձելով այլոց վրա գցել, ինչպես եղավ փոխնախարար Արմեն Նազարյանի հետ, որին փետրվարի 23-ի որոշմամբ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից, թեեւ վաղուց էին ասել՝ դիմում գրիր գնա։ Ավանեսյանը պաշտոնավարում է, որովհետեւ հասկացել է՝ պետք է Նիկոլ Փաշինյանին անվերապահ ենթարկվել, երբեք չհակառակվել, կուսակցական ու ոչ կուսակցական միջոցառումներին էլ որքան հնարավոր է շատ մասնակցել, աչքի ընկնել ակտիվ կոմերիտականի նման։

Դա է պատճառը, որ առողջապահական ոլորտը այս վիճակում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք՝ մյունխենյան հանդիպումից հետո Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտան բաց առճակատման փուլ, ինչն Արեւմուտքի պահանջն է եղել. վերջնականապես կողմնորոշվեք՝ մեզ հե՞տ եք, թե՞ Ռուսաստանի։
Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում իրագործել է այդ պահանջը՝ հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, եւ Ռուսաստանն անցած տարվա սեպտեմբերին հեղաշրջման փորձ է արել Հայաստանում։ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արեւմուտքը նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետագա պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցն է առաջ քաշել։

Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ նրան համարում են ռուսական ազդեցության գործիչ եւ կասկածներ ունեն, որ Գրիգորյանը խոչընդոտում է Արեւմուտքի պլանները Հայաստանում։
Սակայն Մհեր Գրիգորյանին առհասարակ ՔՊ-ում «սվոյ» չեն համարում եւ կարծում են, որ նրան պետք է իրենց թիմակցով փոխարինել, բայց արժանի փոխարինող չեն գտնում։ Հատկապես լարված են Գրիգորյանի եւ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանի հարաբերությունները:

ԱԺ-ում ասում են, որ Մհեր Գրիգորյանն այնպիսի նախագծեր է լոբբինգ անում, որոնք սպասարկում են փողատերերի խավերին։ Եվ չնայած Մհեր Գրիգորյանին հեռացնելու ցանկություն շատերն ունեն, սակայն կառավարության աղբյուրները կարծում են, որ քիչ հավանական է նրա ազատումը, քանի որ նա հմուտ ֆունկցիոներ է, բացի այդ՝ կարեւոր ֆունկցիա  իրականացնում` դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովը ղեկավարելով»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում