Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է ունենանք ուժեղ բանակ. Էրդողան

Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է ունենանք ուժեղ բանակ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Սաքարիայում տեղի ունեցած հանրահավաքում, որի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է ահաբեկչության դեմ պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ չի չեզոքացրել վերջին ահաբեկչին՝ անկախ նրանից, թե ով է կանգնած նրա հետևում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Եթե խաղաղություն ու հանգստություն եք ուզում, պետք է պատրաստ լինեք պատերազմի։ Մենք պետք է ունենանք ուժեղ պաշտպանական արդյունաբերություն և ուժեղ բանակ։ Մենք այն կունենանք ցամաքում, ծովում և օդում»,-շեշտել է նա:

Ըստ Էրդողանի, Թուրքիայի համար պարտականություն է ուժեղ լինել բոլոր ոլորտներում, հակառակ դեպքում, ոչ միջազգային իրավունքը, ոչ այն դաշինքները, որոնց անդամակցում են, ոչ էլ Միավորված ազգերի կազմակերպությունը, որի անզորությունն այժմ ընդունում են բոլորը, չեն կարող պաշտպանել իրենց:

«Բոլորս հիշում ենք 30 տարի առաջ Բոսնիայի կոտորածը։ Եվրոպայի կենտրոնում մեր բոսնիացի քույրերն ու եղբայրները բացահայտ ցեղասպանության էին ենթարկվում։ Արևմտյան պետություններն ու ինստիտուտներն անգամ մատը մատին չեն խփել։

Իրաքում պաշտոնապես 2 միլիոն մարդ է սպանվել։ Ղարաբաղը երկար տարիներ մնացել է օկուպացիայի տակ։ Սիրիայում գազանաբար սպանվել է 1 միլիոն մարդ և ոչ ոք ոչ մի միջոց չի ձեռնարկել։ Գազայում հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել են 30 հազար անմեղ պաղեստինցիներ, հիմնականում երեխաներ, կանայք և խաղաղ բնակիչներ: Ավելի քան 70 հազար խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Ոչ արևմտյան տերությունները, ոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ մի ջանք չեն գործադրել իսրայելական վայրագությունները կանխելու համար։ Նրանք միայն հետևում են Իսրայելի կողմից մարդկության դեմ կատարվող հանցագործություններին։ Արևմտյան տերությունները, որոնք քննադատում են Իսրայելին հեռուստատեսային տեսախցիկների առջև, շարունակում են ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել իսրայելական օկուպացիոն բանակին»-ասել է Թուրքիայի նախագահը:

️Իր խոսքում Էրդողանը նշել է, որ KAAN կործանիչների, Anadolu նավերի, AKINCI, KIZILELMA, ANKA ԱԹՍ-ների, Fırtına հաուբիցների, Altay տանկերի և տարբեր հրթիռային համակարգերի առկայությունը Թուրքիայի համար գոյատևման խնդիր է:

«Եթե այսօր Թուրքիան նպատակ է դնում դառնալ տարածաշրջանային և գլոբալ տերություն, ապա դրա հետևում կանգնած են վերջին 21 տարիների ջանքերը։ Շուտով մենք կավարտենք շինարարությունը և շահագործման կհանձնենք հազար մահճակալ ունեցող Սաքարիայի քաղաքային հիվանդանոցը»-հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում