Հին երևանցիները կօտարվեն իրենց տներից․ առավոտյան մամուլը Times.am-ում

Հին երևանցիները կօտարվեն իրենց տներից․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ինչպես ընդունված է ասել, օրերս տեղի ունեցավ մեկ լավ և մեկ վատ իրադարձություն։ Վատն այն է, որ ազդարարվեց Կոնդ թաղամասի օտարման ծրագրի մասին, սակայն տները գնահատվել են այնքան էժան, որ մարդիկ այդ գումարով հնարավորություն չեն ունենա շարունակելու ապրել կենտրոնում, գուցե նաև Երևանում, իսկ լավն այն է, որ տապալվեց Հայ Առաքելական եկեղեցու դեմ հերթական արշավը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վեոլիա ջուր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումում նշված է, որ մատուցված ծառայության դիմաց կրոնական կազմակերպությունը «Վեոլիա ջրին» պարտք է 65 հազար 883 դրամ, որը չի վճարել, եւ ընկերությունը դատական կարգով է փորձել ստանալ: Սակայն այնուհետեւ «Վեոլիան» դիմել է դատարան՝ նշելով, որ պարտավորությունն արդեն կատարված է, եւ խնդրել է կարճել գործը»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական արշավը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է իրականացնել ինչ-որ շարժման միջոցով, որը փետրվարի 24ին նախատեսում էր բողոքի ակցիա իրականացնել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Նշել էինք նաև, որ, մեր ունեցած տեղեկություններով, Մայր Աթոռի մուտքի մոտ մեծաթիվ հայ քրիստոնյաներ են լինելու, որոնք թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Եվ ահա, փետրվարի 24-ին բազմահազար մարդիկ էին այցելել Էջմիածին՝ ի աջակցություն Վեհափառ հայրապետի ու Եկեղեցու: Բավական տպավորիչ արշավ էր կազմակերպել «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը»՝ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ: Մեր տեղեկություններով, ավելի քան հինգ հազար «խաչակիրներ» են մասնակցել այս քայլերթին:

Ակցիա էին իրականացնում նաև Էջմիածնի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ և այլն: Էջմիածնում էին նաև բազմաթիվ այլ հայ քրիստոնյաներ, որոնք պարզապես եկել էին աջակցելու Հայ առաքելական եկեղեցուն:

Այստեղ կարևոր է նշել, որ ազգային արժեքների, այս դեպքում՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբման արդյունքում հնարավոր եղավ տապալել իշխանությունների նախաձեռնած հերթական արշավը Եկեղեցու դեմ: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ վերջին շրջանում, որքան իշխանություններն առավել ինտենսիվ են պատերազմում Եկեղեցու դեմ, այնքան շատ են ակտիվանում ՀԱԵ-ին աջակցող, սատարող նախաձեռնությունները, ինչը թույլ է տալիս հուսալ, որ ինչպես պատմության տարբեր ժամանակաշրջաններում, ներկա բարդագույն փուլում ևս Եկեղեցին կարող է համախմբող գործոն դառնալ:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել էր, որ Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագիր չի ներկայացրել։ Փորձեցինք հենց նրանից տեղեկանալ պատճառների մասին, սակայն Հովսեփ Աղազարյանը մեր զանգերին չպատասխանեց։ Նախկին փոխթաղապետի հայրը՝ Հովիկ Աղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ որդին աշխատանքի է անցել Էկոնոմիկայի նախարարության վարչություններից մեկում որպես խորհրդական։

Հովսեփ Աղազարյանը որոշել է 2016 թվականի արտադրության CHRYSLER վարել, որը ձեռք է բերել 2023 թվականին։ Մինչ այդ էլ Աղազարյանը 2020 թվականին բնակարան էր ձեռք բերել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 20 մլն 702 հազար դրամ։

Հովիկ Աղազարյանի նախկին փոխթաղապետ որդին պաշտոնի դադարեցման հայտարարագիրը ներկայացրեց օրերս` պահանջվող ժամկետից 2 ամիս ուշ։ Ի դեպ, կրտսեր Աղազարյանի ֆեյսբուքյան գլխավոր էջը, հեղափոխության առաջնորդի լուսանկարի փոխարեն, այժմ զարդարում է Մարկ Տվենի մի գրառում։ Ըստ երեւույթին նրանք նեղացած են Նիկոլ Փաշինյանից, քանի որ որդին չնշանակվեց Նոր Նորքի թաղապետ, փոխարենն ազատվեց պաշտոնից, սակայն, անկասկած, ՔՊ օրոք ծաղկող խնամի-ծանոթ-բարեկամ կապը չի թողնի «տաշած» իշխանավորը գետնին մնա։

Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են դիզել ունեցվածք՝ անշարժ գույք, մեքենա։
Կրտսեր Աղազարյանը շտապել է նաեւ կարեկցանք հայտնել Վահան Քերոբյանին` ամրապնդելով ՔՊ վարքի նոր` կոռուպցիոն ռասիզմի տեսությունը, այն է՝ նախկին թալանչին թալանչի է, ներկա թալանչին` մանկահասակ երեխայի մայր»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հյուսիսային պողոտա կառուցելու համար Երևանի կենտրոնի բնակիչներին տարհանելու տեսարանները երևանցիները լավ են հիշում: Այդ տարհանումները դարձան Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենասև էջերից մեկը: «Կոնդի նախագիծը» սպառնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մեկը: Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց «Կոնդ» թաղամասի իրացման մեկնարկի մասին: Ասվեց, որ այս տարածքում հողի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 214 եւ 139 հազար դրամ է, այսինքն` 500-600 դոլար, ինչին անմիջապես արձագանքեցին կոնդեցիները:

Խմբագրություն զանգած քաղաքացիներն ասում էին. «Աբսուրդային գներ են առաջարկում, 210 հազար դրամով կենտրոնից ո՞ւր գնանք… Մարդիկ 100 տարի ապրել են Կոնդում, հիմա եկել եք՝ կոպեկներով ուզում եք հանե՞ք մեզ մեր տներից, մենք ոչ մի գումար չենք ուզում, ուզում ենք ընդամենը մեր համար տներ սարքեն` մի երկու-երեք շենք, մնացածն ինչ ուզում են, թող անեն»։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում