ՔՊ-ում չեն հավատում ոստիկանությանը, վստահ են, որ իրենց տների ու գրասենյակի մոտ իրական ռումբեր են տեղադրվում․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Հայաստանում կալանավորների թվի կրկնապատկման ու ՔՊ-ականների ունեցվածքի դիզմանը զուգահեռ, վերջիններիս գրասենյակների ու տների մոտ իրական ռումբեր են տեղադրվում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ-ն եւ Արդարադատության նախարարությունը ներքին քննարկումների մեջ են, թե ինչ անեն՝ կալանավորներին պատշաճ դատարաններ հասցնեն, որ դատավորների ու փաստաբանների զայրույթը զսպվի, ու դատարանները բնականոն աշխատեն։
Տեղեկացանք, որ փակ քննարկման ժամանակ հարց է բարձրացվել, թե կալանավորների թիվը այնքան է շատացել, որ ոստիկանների ուղեկցող խումբը չունի այդքան աշխատակից, որ կարողանա ապահովել բոլոր կալանավորների ուղեկցումը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, օրինակ, 2020 թվականին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, իսկ, ահա, այսօր ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ կալանքի տակ է գտնվում 1406 քաղաքացի։ Ստացվում է, որ 2020 թվականից մինչ օրս կալանավորված անձանց թիվն աճել է 420-ով։
Ինչով կավարտվեն այս քննարկումները, դժվար է ասել, սակայն փաստ է, որ դատարաններում դժգոհության ալիք է հասունացել։
Հիշեցնենք, որ փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նիստը 5 րոպեից հետաձգելու եմ, ուրիշ գործով նիստ ունեմ, կալանավորին կարող եք հետ տանել»։
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ համատարած այս վիճակն է։ Կալանավորի ներկայությունը դատական նիստերին ապահովելը պետության պոզիտիվ պարտավորությունն է, որը չի կատարվում։ Մեկ գործով ուշացումը շղթայաբար տարածվում է հաջորդների վրա, եւ խախտվում է օրվա աշխատանքային գրաֆիկը»։
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել. փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ Արսենյանի ու ՔՊ-ի գրասենյակի մոտ իսկական ռումբ էին տեղադրել։
ՔՊ-ականները մեր մասնավոր զրույցում այս վարկածը հիմնավորում էին նրանով, որ մոտ 15 օր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում` Նոյ թաղամասում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է` պատճառելով նյութական վնաս։
Եվ մի փաստ էլ կա, որը վկայում է նախապես ծրագրված ակտի մասին. դեռեւս փետրվարի 20-ին Գուրգեն Արսենյանն ու ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են ստացել հեռախոսով. «Դեռ չե՞ք պայթել, այ․․․»: Վիրավորական բովանդակությամբ հաղորդագրությունն Արսենյանն անմիջապես ջնջել է ու չի պատկերացրել, որ դա զգուշացում է` իրեղեն ապացույց, միայն երկու օր անց այցելելով իր գրասենյակ՝ տեսել է, որ պահակը կասկածելի իր է հայտնաբերել, եւ այդ ժամանակ է հասկացել, թե ինչ էր գրել անհայտ անձը, ու ահազանգել է իրավապահներին: Ռոմանոս Պետրոսյանն իր ստացած հաղորդագրությունն ուղարկել է ԱԱԾ:
Իրավապահները մի քանի օր ՔՊ տարբեր գրասենյակներում փնտրել են ռումբը` չեն հայտնաբերել, միայն փետրվարի 26-ին Արաբկիրի գրասենյակի մաքրուհին է հայտնաբերել ու ահազանգել ոստիկանություն։ ՔՊ-ում կարծում են, որ ոստիկանության անգործությունը պարտակելու նպատակով են հայտարարել, թե ռումբն իսկական չի եղել։ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ե՛ւ ինքը, ե՛ւ Ռոմանոս Պետրոսյանը նման հաղորդագրություններ են ստացել, իսկ Մելքոնյանի տան մոտ նման պայթյուն է եղել»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ուժային կառույցները մանրադրամ են դարձել իշխող ՔՊ-ի ձեռքին. նախ պատգամավոր Արսեն Թորոսյանը դատախազությանն ու մյուս իրավապահներին ոչ օբյեկտիվութան և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ մեղադրեց, երեկ էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «սխալ հանեց» ՀՀ քննչական կոմիտեին:
«Ես վստահ եմ, որ մեղադրանքը սխալմունք է, իմ բարեկամի վերաբերյալ գործի մասով ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ սխալմունք է տեղի ունեցել: Իմ բարեկամին վերագրվող արարքն ապացուցվելու է, որ որևէ ձևով հիմնավորված չէ …», – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով իր եղբոր կնոջ հետ կապված քրեական գործի մասին հարցերին։
Այսինքն, Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը սխալմամբ է Ալեն Սիմոնյանի հարսին մեղադրանք առաջադրել «մեդադրանքը սխալմունք է» ըստ ԱԺ նխագահի: Իսկ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դաախազ Աննա Վարդապետյանը, ում որոշմամբ ԱԺ նախագահի հարսը կալանքից ազատվեց, չի կարողանում ապահովել այդ գործի քննության օրինականությունն ու օբյեկտիվությունը: Քաղաքական այս «բեսպրեդելի» և ուժայիններին քաղաքական ուղղորդումներ անելու կոնկրետ դեպքերի վրաբերյալ «ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց ՀՀ քննչական կոմիտեից: Ի պատասխան, լրատվական ծառայությունից հայտնեցին․
«Չենք մեկնաբանում. վարույթի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությունն արդեն հնչել է Կոմիտեի կողմից»:
Բայց չմեկնաբանելը չի նշանակում, որ ՔՊ-ականները չեն ուղղորդում ուժայիններին»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը դեռ պատգամավոր է, քանի որ, ըստ ԱԺ կանոնակարգի, մանդատը վայր դնելու դիմումից 1 շաբաթ անց պետք է կրկնի հրաժարականը, սակայն երեկ ԱԺ-ում նա արդեն նախարարական «կայֆերի» մեջ էր։
Հիշեցնենք, որ Փաշինյանը որոշել է Վահան Քերոբյանի փոխարեն Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար։ Նախագիծ զեկուցելու նպատակով ԱԺ եկած էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը երեկ, բառի բուն իմաստով, վազում էր ապագա շեֆի՝ Պապոյանի ետեւից, կրնկակոխ ուղեկցելով նրան։
Ի դեպ, ՔՊ-ականները վստահեցնում են, որ Պապոյանի սրտով չէ գործադիր տեղափոխվելը, նա մտավախություն ունի, որ դա իր համար լավ ավարտ չի ունենալու` պատգամավորի կարգավիճակն ավելի ապահով է, սակայն կադրերի սղության պատճառով Փաշինյանի որոշումը չի քննարկվում, եւ նա զրկված է առաջարկից հրաժարվելու իրավունքից։
Պապոյանից հետո պատգամավոր դառնալու հերթը, ըստ ՔՊ ցուցակի, Դավիթ Կարապետյանինն է, ով 2018-ի դեպքերից հետո նշանակվեց Մալաթա-Սեբաստիայի վարչական ղեկավար։ Նաեւ աշխատել է ՊՎԾ-ում` որպես ծառայության ղեկավարի խորհրդական։ Նա ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ գրանցված միջադեպի առիթով հարուցված քրեական վարույթը կարճվել է: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Նախ հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում իշխանական պատգամավորի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, դանակահարել էր նույն համալսարանի մեկ այլ սանի, սակայն տուժողը ոստիկաններին չէր հայտնել այդ մասին՝ ասելով, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել ուսանողին: Այդ առիթով հարուցվել էր քրեական վարույթ, սակայն, ինչպես կանխատեսվում էր Նիկոլ Փաշինյանի ստեղծած արդարադատության համակարգում, իշխանական պատգամավորի թոռը չի պատժվի:
ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի, հայտնել են. «Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող իրավատնտեսական համալսարանի բակում 2023 թվականի նոյեմբերի 27-ին ուսհաստատության երկու անչափահաս սաների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Քննության շրջանակներում պարզվել են նշված անչափահասներից մեկի կողմից մյուսին մարմնական վնասվածք հասցնելու բոլոր հանգամանքները։
Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ստացվել են նշված երկու անչափահասների դիմումներն առ այն, որ հաշտվել են միմյանց հետ եւ ցանկանում են, որ հաշտության հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիման վրա վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է, եւ քրեական վարույթը կարճվել է»։
Իսկ թե ինչու է տուժողը հրաժարվել բողոքից, ճնշման ազդեցությամբ արդյոք, թե իրապես «բարիշել են», դեռ պետք է պարզել»։
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում