ՌԴ-ից ՀՀ-ում հեղաշրջման կոչերի մասին Փաշինյանի խոսքերը որևէ հիմք չունեն․ Զախարովա
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ հիմք չունեն։ Մոսկվան երբեք նման բանի ակնարկ անգամ թույլ չի տվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի վարչապետի այն պնդումները, որ դուք նշեցիք, որևէ հիմք չունեն։ Ռուս պաշտոնյաները երբեք որևէ տեղ թույլ չեն տվել օրինական ընտրված իշխանությունների տապալման կոչեր հնչեցնել»-լրագրողի հարցին ի պատասխան, ասել է Զախարովան:
Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին, Զախարովան նշել է, որ այն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկման առարկա էր, սակայն ցավոք, այժմ այդ աշխատանքները, հայկական կողմի դիրքորոշման պատճառով, դադարի մեջ են։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է նաև «Զանգեզուրի միջանցքը» ռուս սահմանապահների վերահսկողությամբ շահագործելու հարցին, որը նրան ուղղել է ադրբեջանցի լրագրողը։
«Ինչ վերաբերում է «Մեղրիի երթուղին» ռուսական սահմանապահ ծառայության կողմից վերահսկելուն, ապա դա տրամաբանական է և՛ այդ երթուղին օպտիմալ կերպով կազմակերպելու, և՛ տնտեսական տեսանկյունից։ Ռուս սահմանապահներն այդպես, թե այնպես, տեղակայված են ՀՀ Սյունիքի մարզի հարավում, նրանք հսկում են Հայաստանի և Իրանի սահմանը»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանության առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը չի կարող այլընտրանք հանդիսանալ «Զանգեզուրի միջանցքին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում