ՌԴ-ից ՀՀ-ում հեղաշրջման կոչերի մասին Փաշինյանի խոսքերը որևէ հիմք չունեն․ Զախարովա

ՌԴ-ից ՀՀ-ում հեղաշրջման կոչերի մասին Փաշինյանի խոսքերը որևէ հիմք չունեն․ Զախարովա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական ​​հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ հիմք չունեն։ Մոսկվան երբեք նման բանի ակնարկ անգամ թույլ չի տվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի վարչապետի այն պնդումները, որ դուք նշեցիք, որևէ հիմք չունեն։ Ռուս պաշտոնյաները երբեք որևէ տեղ թույլ չեն տվել օրինական ընտրված իշխանությունների տապալման կոչեր հնչեցնել»-լրագրողի հարցին ի պատասխան, ասել է Զախարովան:

Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին, Զախարովան նշել է, որ այն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկման առարկա էր, սակայն ցավոք, այժմ այդ աշխատանքները, հայկական կողմի դիրքորոշման պատճառով, դադարի մեջ են։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է նաև «Զանգեզուրի միջանցքը» ռուս սահմանապահների վերահսկողությամբ շահագործելու հարցին, որը նրան ուղղել է ադրբեջանցի լրագրողը։

«Ինչ վերաբերում է «Մեղրիի երթուղին» ռուսական սահմանապահ ծառայության կողմից վերահսկելուն, ապա դա տրամաբանական է և՛ այդ երթուղին օպտիմալ կերպով կազմակերպելու, և՛ տնտեսական տեսանկյունից։ Ռուս սահմանապահներն այդպես, թե այնպես, տեղակայված են ՀՀ Սյունիքի մարզի հարավում, նրանք հսկում են Հայաստանի և Իրանի սահմանը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանության առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը չի կարող այլընտրանք հանդիսանալ «Զանգեզուրի միջանցքին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում