Փաշինյանը զայրացել է իր թիմակիցների վրա և տվել նոր հանձնարարություններ․ առավոտյան մամուլը Times.am-ում

Փաշինյանը զայրացել է իր թիմակիցների վրա և տվել նոր հանձնարարություններ․ առավոտյան մամուլը Times.am-ում

Թեպետ Նիկոլ Փաշինյանը հարթել է հարաբերությունները Ալեն Սիմոնյանի հետ, սական ՔՊ-ում զարմանում են առաջինի խորամանկության ու ծիծաղում՝ վերջինի միամտության վրա․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ նախորդ տարվա ամռան սկզբին շրջանառվեցին լուրեր, ապա հաստատվեց, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը համերգով հանդես կգա Հայաստանում։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ համերգի համար պետական բյուջեից հատկացվել է 6 միլիոն դոլար՝ 2.3 միլիարդ դրամ։ Ավելի ուշ որոշվեց, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը հայտարարություն տարածեց ֆեյսբուքյան էջում. «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը»:

Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ համերգը տեղի է ունենալու «հավանաբար հաջորդ տարի(2024)՝ մայիս-հունիս ամիսներին»։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թանկ կարծիքով՝ եթե համերգը տեղի ունենա, պետք է բաց լինի բոլորի համար։
Ճի՛շտ է, «եթե տեղի ունենա»։

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԳՄՍ-ից ճշտել՝ ինչ առաջընթաց կա համերգի կազմակերպման վերաբերյալ, սակայն նախարարությունից պատասխանեցին, որ հարցի հասցեատերը կառավարությունն է։

Կառավարությունն էլ իր հերթին ուղղորդեց ԿԳՄՍՆ, ապա խնդրեցին հարցում ուղարկել, իրենք կվերահասցեավորեն։
Ինչեւէ, հետաքրքիր հատվածը պատասխանն է, որում հարցին, թե ինչ գործընթացներ են եղել 2024 թվականի ընթացքում Սնուփ Դոգի համերգը կայացնելու վերաբերյալ, պատասխանել են. «Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության եւ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի միջեւ 2023 թվականի օգոստոսի 18-ին կնքվել է պայմանագիր, իսկ ս.թ. փետրվարի 19-ին՝ N1 հրամանագիր, ըստ որի՝ համաշխարհային աստղ Սնուպ Դոգի համերգը նախատեսվում է կազմակերպել 2024 թվականին»։

Բանն այն է՝ նախարարությունը կնքել է հրամանագիր, որը, ըստ ամենայնի, ոչ մի պահանջ եւ հրաման չի ենթադրում։ Ավելին՝ նախարարի հայտարարությունը, թե համերգը նախատեսվում է մայիս-հունիս ամիսներին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրական լինելու դեպքում այժմ գոնե ինչ-որ գործընթացներ կլինեին։

Նախարարի նշած ժամկետին մնացել է 2-3 ամիս, սակայն դեռ ոչ մի նոր տեղեկություն չկա։

Կառավարությանը խնդրեցինք պատասխանել նաեւ՝ վերջիվերջո ով է համերգի պատասխանատուն եւ մեր հարցերի հասցեատերը, որին ի պատասխան ստացանք հետևյալը. ««Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման պատասխանատու մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշման»։

Մեր հարցից հետո նախարարությունը եւս տեղեկացավ, որ պարտավորություններ ունի, սակայն մյուսների պես այն պատշաճ չի իրականացնում, իսկ Սնուփ Դոգի համերգը կարծես դարձել է կոկորդի ոսկոր, որը այդպես էլ կուլ չի գնում»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում իշխանության ներսում անհամեմատ ավելի խիստ է դրված ընդդիմադիր պատգամավորներին հակադարձելու խնդիրը։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, խորհրդարանի հայտարարությունների ժամին և, ընդհանրապես, տարբեր քննարկումների ժամանակ ընդդիմադիր գործիչների քննադատական թեզերին հակադարձելը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է ծայրահեղ մտասևեռման նոր թեմա. և նա իր թիմին հանձնարարել է կոշտ հակադարձել՝ «մեկին՝ տասը» սկզբունքով։

Մեր տեղեկություններով, Փաշինյանին հատկապես զայրացրել է, որ, ի մասնավորի, երբ որոշ ժամանակ առաջ հայտարարությունների ժամին Փաշինյանին կոշտ քննադատողները նրա թիմակիցների կողմից ոչ մի հստակ ու անվանական հակադարձում չեն ստացել:
Հենց դրանով էր պայմանավորված, որ երեքշաբթի օրը միմյանց հերթ չտալով՝ իշխանական պատգամավորները ինքնամոռաց թիրախավորել էին ընդդիմադիր որոշ պատգամավորների։ Այլ կերպ ասած՝ իշխանության ներկայացուցիչները իրենց մի ելույթում միանգամից 3-4 ընդդիմադիրի էին հակադարձում, որպեսզի «շեֆի» աչքը մտնեն։

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արարատը՝ Արագածով, «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմությամբ» փոխարինող ու հարկատուին երկրի թիվ մեկ հերոս հռչակած Նիկոլ Փաշինյանն ամռանը Հայաստան է ուզում բերել 13- 18 տարեկան սփյուռքահայ պատանիների։ Միջացառումը կոչվում է «Քայլ դեպի տուն» եւ իրականացվելու է հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 24-ը՝ 6 փուլով, որոնցից յուրաքանչյուրին պետք է մասնակցեն 50-150 սփյուռքահայ երիտասարդ ու պատանի։ Այս միջոցառման իրականացման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է մոտ 107 մլն դրամ։

Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականին էր նախաձեռնվել «Արի տուն» ծրագիրը, եւ ամեն տարի այս ծրագրի շրջանակներում հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ էին ժամանում Հայաստան: 2018-ից հետո իշխանությունը մի կարճ դադարից հետո այն վերականգնեց` «Քայլ դեպի տուն» անվան տակ»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, հանձնաժողովի զեկույցն են պատրաստում: Տեղեկացանք, որ արդեն հինգ հատոր գրել են, առանձնացված մաս են ուղարկել դատախազություն, սակայն սա ամբողջ զեկույցի մի չնչին մասն է, դեռ հատորյակներ են գրվելու, եւ, ամենայն հավանականությամբ, մայիսին կներկայացվեն խորհրդարան եւ, ինչպես ապրիլյան պատերազմի զեկույցը, այս դեպքում էլ կքննարկեն փակ ռեժիմում։

Հիշեցնենք․ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է տվյալ հարցի վերաբերյալ պարզված փաստերը եւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցին կցվում են փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր, այլ նյութեր: Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զեկույցը բաց քննարկվում է ԱԺ հերթական նիստում, հրապարակվում ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով, եւ դրան կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են իրավապահ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, նորություն չէ: Սակայն նույնիսկ այս ոլորտում բոլորը չէ, որ պատրաստ են դեմ գնալ օրենքներին ու անվերապահ կատարել Փաշինյանի ցանկությունները, որոշ դեպքերում՝ անգամ «կապրիզները»:

Պատահական չէ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով գրեթե նույն դատախազներն ու դատավորներն են նշանակվում: Սակայն, որպես օրինաչափություն, Փաշինյանի «սրտի» դատախազներին ու քննիչներին հետաքրքիր ճակատագրեր են սպասվում. նրանք ոչ միայն պարգևատրվում են, այլև ծառայություններից օգտվելուց հետո, ի վերջո, նրանցից բավականին արագ ազատվում են: Ի մասնավորի, կարելի է հիշել նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանին, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հիմնական դերակատարներից մեկն էր: Մուշեղյանը, ինչպես հայտնի է, հիմնական «պատռվողներից» մեկն էր, որպեսզի Քոչարյանը պարտադիր ազատազրկված լինի։ Նրա հետ նույն գործն ու նույն տրամաբանությունը տանում էին նաև մեղադրողները՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը։

Հրաչյա Մուշեղյանը, որը երևի թե մեծ ակնկալիքներ ուներ Փաշինյանի իշխանությունից, ի վերջո, հայտնվեց լուսանցքում. դուրս եկավ համակարգից, դարձավ փաստաբան, իսկ անցած տարի՝ օգոստոսի 12-ին դարձավ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի «հեղինակ» (ի դեպ, ղեկին է եղել ոչ սթափ վիճակում), իսկ այսօր բավարարվում է նրանով, որ իրեն, որպես նախկին քննիչ, չեն կալանավորել, ժամանակավորապես ազատության մեջ է, ինչպես ասում են՝ մինչև մի լույս կբացվի։

Փաշինյանի իշխանության համար գլխավոր դատախազի պարտականությունները «բարեհաջող» իրականացրած Արթուր Դավթյանը նույնպես հայտնվեց լուսանցքում. մամուլը գրեց, թե ուր որ է Մոսկվայում դասախոսություններ պետք է կարդա, մի անգամ էլ կադրերում երևաց Արցախի թեմայով փողոց դուրս եկած ժողովրդի մեջ, ու այդպես էլ մինչ հիմա տեղեկություն չկա, թե ինչով է զբաղվում նա։ Բաղդասարյանն ու Պետրոսյանը նոր դատախազ Վարդապետյանի պաշտոնավարման հենց սկզբից դուրս մնացին համակարգից: Ճիշտ է, հետո նրանք պաշտոնների նշանակվեցին ՔԿ-ում, բայց այդ պաշտոնները, մեղմ ասած, «այն չէին»՝ հաշվի առնելով նրանց հավակնություններն ու Փաշինյանին մատուցած ծառայությունները: Դժվար չէ կանխատեսել, թե ինչ «պայծառ ապագա» է սպասվում դատախազ Արթուր Դանիելյանին, որը հիմա ներգրավված է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի և փողոցային ակցիաների մասնակից, ծնունդով արցախցի Սերգեյ Ասատուրովի «գործով»:

Հիշեցնենք, որ մասնավորաբար Լևոն Քոչարյանը մեղադրվում է 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկների տեսագրություններում ակնհայտ երևում է, որ ոստիկաններն են իրեն հարվածում: Կան տեղեկություններ, որ Դանիելյանը Փաշինյանի ընտանիքի հետ բավական սերտ հարաբերություններ ունի, ինչի մասին դատական առաջին նիստի ժամանակ հարց տվեց նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Մեր տեղեկություններով, նրա՝ այս գործի մեղադրող դատախազ նշանակվելը պատահական չէ: Բանն այն է, որ Փաշինյանը անձամբ է շահագրգռված Լևոն Քոչարյանի գործով, ու իր մշտական վերահսկողության տակ է պահելու այն հենց Դանիելյանի միջոցով: Չնայած, որ դատավորը ևս Փաշինյանի «սրտի դատավորներից է»՝ Կարեն Ֆարխոյանը, այնուամենայնիվ վերահսկողությունը, ըստ ամենի, ավելի վստահելի է համարվում հենց սույն դատախազի միջոցով:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները կարծես հարթվել են։ ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետ կապված քրեական գործի պատմությունից հետո ՔՊ-ականներն ասում էին, որ Սիմոնյանը կարծես մեկուսացել էր թիմից` չէր մասնակցում կուսակցական հավաքներին, բացակայել է ՔՊ վարչության մի քանի նիստից, որոնք վարում էր Նիկոլ Փաշինյանը: Իսկ նախօրեին մասնակցել է փակ նիստին, անգամ հումորներ է արել։ Դիցուք, Նիկոլ Փաշինյանին գլխի է գցել, որ խոսելու ընթացքում ձեռքով չհարվածի սեղանին, որի վրա ավազի ժամացույցներ են դրված եղել, քանի որ հարվածների ժամանակ ավազն ավելի արագ է հոսում, ու Փաշինյանի խոսելու ժամանակն արագ է սպառվում։

Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ հայտնի պատմությունից հետո Փաշինյանը քանիցս փորձել է համոզել Սիմոնյանին, որ ոչ մի բան միտումնավոր իր դեմ չի արվել` թող չհավատա հակառակը պնդողներին, ինքը նույնքան սիրում եւ հարգում է նրան, եւ Քյարամյանի քայլերն իր դեմ չեն եղել եւ այլն։ Մեր աղբյուրներն ասում են, թե Ալեն Սիմոնյանի թիկունքում ՔՊ-ականները ծիծաղում են նրա միամտության եւ զարմանում Փաշինյանի խորամանկության վրա:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում