Ինչո՞ւ են Արցախի պատգամավորներին կանչում Քննչական կոմիտե․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ինչո՞ւ են Արցախի պատգամավորներին կանչում Քննչական կոմիտե․ առավոտյան մամուլը Times.am-ում

Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու օրենքի նախագծի արդյունքում, դրսից Հայաստան ուղարկվող գումարներն էականորեն նվազել են, սակայն դա չի խանգարում ՔՊ-ական պատգամավորներին պետբյուջեի հաշվին տուրիստական այցով մեկնել արերկրներ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները ԱՀ խորհրդարանականներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին:

Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թևի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները:

Մեզ հետ զրույցում «Ազատ հայրեքնի – ՔԴՄ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշեց, որ ինքը չի կանչվել ու թիմակիցների մասով էլ նման տեղեկություն չունի։

«Միգուցե կանչվել են, ես տեղյակ չեմ, բայց ինձ չեն կանչել հարցաքննության», – ասաց պատգամավորը:
Հավելենք, որ քննիչները հիմնականում պատգամավորներից հետաքրքրվում են, թե ով է ճնշել Արայիկ Հարությունյանին, որ հրաժարական տա, ինչ է տեղի ունեցել կուլիսներում: Թերևս կա քաղաքական հրահանգ Արցախի իշխանությունների վրա Հայաստանից գործադրված ճնշումների մասին ցուցմունքներ ստանալ Արցախի օրենսդիրներից, որպեսզի նախկին նախագահներին նոր մեղադրանքի առիթներ լինեն»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ կառավարությունն ամռան ամիսներին պատրաստվում է անցկացնել «Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր, որի շրջանակներում մոտ 400 սփյուռքահայ պատանիներ պիտի այցելեն Հայաստան։ Այդ նպատակի համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել։

Պարզվում է, սակայն, որ Փաշինյանի մերձեցումը սփյուռքի հետ այդքանով չի սահմանափակվում, աշնանն էլ՝ սեպտեմբերի 22-ից, պատրաստվում են իրականացնել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագիրը, որի շրջանակներում 22-35 տարեկան սփյուռքահայ 30 երիտասարդ պետք է այցելեն Հայաստան։ Թե ինչ թեմաներով են վերապատրաստելու, դեռեւս չեն հստակեցրել, բայց որոշել են պետբյուջեից 24 մլն դրամ հատկացնել։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը 2023թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա համեմատ, եղել է ցածր մակարդակում:

Նկատենք, որ 2023 թվականին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է 1.7 մլրդ ԱՄՆ դոլար, որն էականորեն ավելի ցածր է նախորդ տարվա 2.6 մլրդ ԱՄՆ դոլարից:

Հատկանշական է, որ զուտ ներհոսքի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտահոսքի աճով, որի ծավալը 2023 թվականին կազմել է շուրջ 4.0 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022թ. 2.6 մլրդ դոլարի համեմատ աճելով շուրջ 55.0%-ով, մինչդեռ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 9.7%-ով՝ կազմելով 5.7 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 5.2-ի դիմաց»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դեռ անցած տարեվերջին համառ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ական իշխանությունը որոշել է չսպասել հերթական ընտրություններին, այլ ուզում է նախ Սահմանադրություն փոխել, ապա արտահերթ ընտրություններ անել, քանի դեռ նոր ընդդիմություն չի ձեւավորվել։ Սակայն իշխանության կատարած հաշվարկների արդյունքում ՔՊ-ում, մեզ հասած տեղեկություններով, հետ են կանգնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու մտքից, որը նեղ շրջանակում քննարկում էին վերջին ամիսներին։ Իշխանական թիմում եկել են եզրակացության, որ հաղթելը բավականին բարդ է լինելու, եւ այս կասկածները նրանց սիրտը սողոսկել են Երեւանի ավագանու ընտրություններից հետո:

ՔՊ-ում կասկած չունեն, որ համապետական ընտրություններին գրեթե նույն ճակատագրին են արժանանալու, ուստի պետք է գնալ հերթական ընտրությունների եւ այս երկամյա ժամկետն օգտագործել վարկանիշ բարձրացնելու համար։ Իշխանական թիմի ներկայացուցչի կարծիքով, թերեւս նաեւ սրանով է պայմանավորված հակառուսական այս հիստերիան եւ դեպի Եվրոպա վիրտուալ «ուղեւորությունը»։ Արցախի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը հիասթափված է Ռուսաստանից, ուստի հակառուսական քաղաքականությունը կարող է վարկանիշ բարձրացնել։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայ պատգամավորների մի խումբ կմեկնի Գերմանիա աշխատանքային այցով: Դատելով սակայն նրանց կազմից՝ այդ այցը կրելու է զուտ տուրիստական բնույթ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային այցով 2024 թվականի մարտի 9-14-ը Համբուրգ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, անդամներ Հայկ Կոնջորյանը, Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը և «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ից՝ Թադեւոս Ավետիսյանը: Հասկանալի է, որ այցի բովանդակային ծանրությունն ընկնելու է Վ. Վարդանյանի և Թադևոս Ավետիսյանի վրա: Մյուսները ֆոն են ապահովելու, բայց նրանց բոլոր ճամփորդական ծախսերն արվում են ՀՀ պետբյուջեի հաշվին: Այսինքն՝ ՔՊ պատգամավորները հայ հարկատուների հաշվին աշխարհ են տեսնում, և նրանցից շատերը առաջին անգամ ինքնաթիռ են նստել պատգամավոր դառնալուց հետո»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում