Քուրդ փեշմերգաները Թուրքիայի տարածքով կմեկնեն Քոբանի

Իրաքյան Քրդստանի բանակի (փեշմերգա) զինվորները Սիրիայի քրդաբնակ Քոբանին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման բռնազավթումից ազատագրելու նպատակով քրդական իքնապաշտպանական ուժերին օգնելու համար վաղը Թուրքիայի տարածքով կանցնեն սիրիական սահմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը:

Փեշմերգայական ուժերի հրամանատար Ռամազան Ֆաթահը Rudaw լրատվական գործակալությանը հայտնել է, որ Իրաքից քուրդ զինվորների առաջին 150 հոգանոց խումբը Թուրքիայի տարածք մուտք է գործելու Հաբուրի սահմանային անցակետով: Նա ասել է, որ քուրդ զինյալներն իրենց հետ տանելու են նաեւ ծանր զինտեխնիկա եւ սպառազինություն:

Դա արտասահմանից Քոբանիի քուրդ աշխարհազորայիններին օգնության հասնող առաջին ցամաքային զինուժը կլինի:

Իրաքյան Քրդստանի պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ փեշմերգան Քոբանի պետք է հասնի թուրքական Սիլոպի-Սուրուչ-Նուսայբին ուղղությամբ:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ քրդական ինքնապաշտպանական ուժերը Քոբանիում հակահարձակման են անցել եւ ԻԼԻՊ-ի զինյալներից ազատագրել քաղաքի մի շարք շրջաններ: «Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Բուլաթ Ջանը հայտնել է, որ աշխահազորայինները վերահսկողություն են սահմանել Շայր բնակավայրում եւ տեղաշարժվում են հարավարեւելյան ուղղությամբ: Քոբանիի քրդական ինքնապաշտպանական ուժերին արդեն հաջողվել է ազատագրել Քոբանիի Հալանջ, Շեյրան եւ Քենեթզար շրջանները, եւ իսլամիստներին սկսել հետապնդել Բեշա էն Նուր բարձրավանդակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում