Ակտիվ քննարկում Անթալիայում․ ի՞նչ կպայմանավորվեն Հայաստանն ու Ադրբեջանը

Ակտիվ քննարկում Անթալիայում․ ի՞նչ կպայմանավորվեն Հայաստանն ու Ադրբեջանը

Այսօր՝ մարտի 1-ին, Անթալիայում իր աշխատանքներն է սկսել 3-րդ դիվանագիտական ​​ֆորումը։ Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Իլհամ Ալիևի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

​Քննարկման ժամանակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը, նշելով, որ Բաքուն պետք է պատրաստակամություն ցուցաբերի խնդիրները լուծելու համար։

«Մեր կողմից մենք անում ենք հնարավորը՝ խաղաղության հասնելու համար, սակայն Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում։ Հուսով ենք, որ սա կփոխվի: Մնում է ավարտել տեխնիկական աշխատանքները։ Հույս ունենք, որ կկարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել»,- ասել է նա։

Ռուբինյանը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն կարողացել են համաձայնության գալ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ՝ դա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է, այս հռչակագրի հիման վրա պետական ​​սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնվելով ինքնիշխանության սկզբունքի վրա։

«Խաղաղության բանակցությունները կանգ չեն առել։ Մեր մոտեցումն այն է, որ նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են խաղաղության հիմնական սկզբունքների վերաբերյալ՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանագծումը։ Եվ հաջորդը՝ տարածաշրջանի բոլոր հաղորդուղիները պետք է ապաշրջափակվեն։

Եթե մենք կարողանանք գրի առնել այս սկզբունքները, ապա խաղաղությունը շատ մոտ ապագայում հնարավոր է։ Մենք մեր կողմից պատրաստ ենք և անում ենք ամենն, ինչ հնարավոր է, նույնը, սակայն, չենք տեսնում Ադրբեջանի կողմից»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը։

Իր խոսքում Հիքմեթ Հաջիևը շեշտել է, որ Ադրբեջանի համար ԼՂ հարց այլևս գոյություն չունի, սակայն միաժամանակ նշել է, որ խաղաղության պայմանագրի քննարկումները պետք է հիմնված լինի երկկողմ ձևաչափի վրա՝ Երևանի ու Բաքվի միջև։

«Ադրբեջանի համար այլևս ԼՂ հարց գոյություն չունի, բայց մեր մոտեցումն այն է, որ խաղաղությունը Բաքվի և Երևանի մեջ է։ Այն պետք է հիմնված լինի երկկողմ ձևաչափի վրա։ Խաղաղությունը Փարիզում, Բրյուսելում կամ մեկ այլ տեղում չէ։ Երկու երկրները պետք է փոխադարձաբար գան խաղաղության։

Ադրբեջանը քաղաքական կամք ունի՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար։ Մեր քաղաքականությունը ոչ թե դրսի ուժերի, այլ տարածաշրջանային համագործակցության ու սեփականության զգացման մասին է՝ առանց արտաքին գործոնների։ Մենք Հայաստանից սպասում ենք հստակ պատասխանների  սահմանադրական կարգավորումների, «Միացման» և այլ իրավական կարգավորումների վերաբերյալ։ Մենք նաև պետք է ուշադիր լինենք դրսից Հարավային Կովկաս ներկրվող նոր զարգացումների վերաբերյալ»,-նշել է նա։

Հաջիևը անդրադարձել է նաև ՀՀ Անկախության հռչակագրին, միաժամանակ Հայաստանին մեղադրելով իբր ադրբեջանական 8 գյուղեր օկուպացիայի տակ պահելու մեջ։

«Խաղաղության պայմանագրում տեսնում ենք դրական զարգացումներ, սակայն ՀՀ անկախության հռչակագիրն ու դրա նախաբանը և ՀՀ դիրքորոշումը Միջազգային դատարանում շարունակում են պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու սուվերենության հանդեպ պահանջներ, և սրանք հարցեր են, որոնք պատասխան են ակնկալում։ Ավելին, Ադրբեջանի 8 գյուղեր շարունակում են Հայաստանի օկուպացիայի տակ մնալ։ Բայց մենք քայլ առ քայլ պետք է առաջ գնանք։ Կրկին, խաղաղության պայմանագիրը պետք է երկկողմ պրոցես լինի՝ տարածաշրջանային անվտանգության շրջանակներում»,-հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում