Ռուբինյանն առաջարկել է Անթալիայի ֆորումը դարձնել պատմական

Նմանատիպ
Այսօր՝ մարտի 1-ին, Անթալիայում ընթացող 3-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին, նշել է, որ Հայաստանում որոշ իրադարձություններ եղան, որոնք խաթարեցին հայ-թուրքական պայմանավորվածությունների կատարմանը, չմանրամասնելով, թե հատկապես ինչ իրադարձությունների մասին է խոսքը։
«Ռուբենին հրավիրել եմ Անկարա, պատրաստ եմ ինքս գալ Երևան՝ բանակցությունների համար։ Հուսալով լուծումներ գտնել, պիտի հանդիպենք, բայց ավելի քան 1 տարի է, չենք կարողանում այդ հանդիպումը կազմակերպել»,- ասել է նա։
Ի պատասխան Քըլըչի՝ Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է, որ Հայաստանի և անձամբ իր կողմից որևէ նախապայման չի եղել հանդիպելու հարցում։
«Նախորդ անգամ, կարծես, հանդիպել ենք Թեհրանում։ Բայց այսպիսի զգայուն գործընթացների ամենակարևոր կողմը արդեն իսկ կայացած համաձայնությունների իրականացումն է»,-նշել է Ռուբինյանը։
Անդրադառնալով սահմանների բացմանը, թուրք դիվանագետը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրի և դիվանագիտական անձնագրեր ունեցողների, իսկ հետագայում նաև Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար:
«Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան իրականացվում են չվերթներ, ինչը նշանակում է՝ երկու երկրների քաղաքացիների միջև կապ, երկխոսություն կա: Սահմանների բացումը միակ քայլը չէ, մենք այլ քայլեր էլ ենք ձեռնարկում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծում Թուրքիայում ՀՀ քաղաքացիների ապրելու համար», – ասել է Քըլըչը՝ հավելելով, որ վերջիններս անգամ ներդրումներ են անում Ստամբուլում:
«Այսինքն ջանքեր գործադրվում են, և երբ գա ժամանակը, սահմանի լիարժեք բացումը կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը», – հավելել է նա:
Որպես արձագանք, ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ու սահմանների բացմանը հենց այս պահին, այսօր, վաղը։
«Եթե Սերդարը համաձայնի, կարող ենք հիմա էլ հայտարարել և այս ֆորումը դարձնել պատմական»-ամփոփել է Ռուբինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում