ՔՊ-ական պատգամավորները խնդրում են իրենց զենք տրամադրել․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ պաշտոնական Երևանը ցանկանում է Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, երկրի ներսում ՔՊ-ականները պատրաստվում են հանրաքվեի միջոցով Սահմանադրության փոփոխման, միաժամանակ դիմելով ՆԳՆ, որպեսզի իրենց զենք տրամադրեն ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում քպականների հետ կապված մի քանի «պայթուցիկային» պատմություններ եղան: Նախ՝ քպական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է: Հետո ռումբ հայտնաբերվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակներից մեկի մոտ, իսկ փետրվարի 26-ին՝ ՔՊ-ի՝ Արաբկիրում գտնվող գրասենյակի մոտ:
Ճիշտ է, ոստիկանությունը պաշտոնապես պարզաբանեց, որ վերջին երկու դեպքում «հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ «մուլյաժ», այն վտանգավոր չէ», այդուամենայնիվ, քպականների շարքերում գնալով խորանում են առանց այն էլ բավական սուր վախերը: Առավել ևս, որ մի քանի քպականներ «ռումբի» ու «պայթելու» թեմայով հաղորդագրություններ են ստացել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենից սարսափահար քպականները որոշել են իրենց անձնական անվտանգությունն ապահովագրել: Ի մասնավորի, այն պաշտոնյաներն ու պատգամավորները, որոնց օրենքով զենք չի հասնում, դիմել են ՆԳ նախարարություն՝ խնդրելով իրենց զենք տրամադրել ինքնապաշտպանության նպատակով»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակը» գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ խորհրդի անդամները նախօրեին հանդիպել են վարչապետի հետ՝ քննարկելու նոր սահմանադրությունը գրելու հարցը։ Գրել էինք, որ խորհրդում եւ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզում Ադրբեջանի կողմից թելադրված սահմանադրություն գրելու խարանը կրել, նրանք վերջին նիստին բուռն քննարկել են այդ հարցը: Իհարկե, այլ երանգ են տվել, թե իրենք չեն կարող նոր սահմանադրություն գրել` չունեն նման մանդատ, իրենք փոփոխություններ մշակելու համար են ձեւավորվել:
Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, որ որեւէ խնդիր չի տեսնում այդտեղ, որ նոր սահմանադրությունը պետք է գրի գործող խորհուրդը, ինչը կանխատեսելի էր, քանի որ նոր մրցույթ, նոր կազմ ձեւավորելը փորձություն կարող է դառնալ, եւ այդ գործը ստանձնելու պատրաստ մարդիկ էլ շատ չեն։ Ուշագրավ է, սակայն, որ Փաշինյանը որեւէ հստակ բան չի ասել, թե երբ է նախատեսվում սահմանադրական հանրաքվեն, ինչ ժամկետում պետք է գրվի մայր օրենքը եւ այլն: Խիստ անորոշ եւ ոչ կառուցողական քննարկում է եղել, որի մասին անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։
Նշենք նաեւ, որ խորհրդի կազմում են անկախ մարմինների ներկայացուցիչներ` ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ, որոնք իրավունք չունեն քաղաքական խնդիրների լուծմանը մասնակցել: Մնալո՞ւ են արդյոք նրանք խորհրդում, չհաջողվեց պարզել` ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն ասաց․ Հայաստանում չէ, չի մասնակցել հանդիպմանը, անտեղյակ է»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր նորանշանակ խոսնակ Նելլի Ղուլյանից պահանջել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացնի: Դա արել է հատկապես այն բանից հետո, երբ թիմակիցները նրա դեմ դավեր էին նյութում, թե ՔՊ-ին հավատարիմ չէ, շեղվել է կուսակցության հռչակած սկզբունքներից:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ԱԺ խոսնակի աշխատասենյակի պատին բերել եւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն են փակցրել:
«Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց Նելլի Ղուլյանին. վերջինս ասաց, որ ինքը ՔՊ աջակից է, ուստի չի բացառում անդամակցությունը, սակայն Սիմոնյանի կողմից նման պահանջ իր առջեւ չի դրվել։ «Ոչ մի պահանջ Պարոն Սիմոնյանը չի ներկայացրել, ինձ համար ծիծաղելի է՝ որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Ես կարող եմ ասել, որ 2018թ-ից ի վեր սատարել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես քաղաքացի եւ դրա համար չեմ բացառում իմ անդամակցությունը. դա եղել է միշտ իմ մտքին, բայց ԱԺ նախագահի կողմից երբեւէ նման պահանջ ինձ չի ներկայացվել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իր աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնելուն, ԱԺ նախագահի խոսնակն ասաց. «Ես ասացի, որ հեղափոխությանը սատարում եմ, ՔՊ-ին սատարում եմ, դրա համար սա շատ նորմալ եմ համարում»:
Նշենք, որ Նելլի Ղուլյանը ԱԺ նախագահի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից. մինչ այդ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը:
Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը նույնիսկ խոստացել է խոսնակին ԱԺ պատգամավոր դարձնել մյուս ընտրություններում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու «շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նման հայտարարությունը ավելի շատ անոնս է եղել, քան զուտ տեսակետ: Բանն այն է, որ, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցական «վերնախավին» տեղեկացրել է, որ ինքն իր որոշումը կայացրել է, և առաջիկա օրերին, առավելագույնը՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ է ներկայացնելու:
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ քայլի հնարավոր վտանգների մասին: Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, թե ինչ լինելու է, կլինի, Ռուսաստանից որևէ հույս ու սպասելիք չկա, իսկ Արևմուտքը կարող է անվտանգային երաշխիքներ տալ:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, Փաշինյանը հորդորել է պատգամավորներին՝ «գնալ, մտածել, որոշել», թեպետ ակնհայտ է, որ ՔՊ-ում ընդվզողները փոքրամասնություն են կազմում, իսկ մեծ մասը պարզապես «ձեռք է բարձրացնում»՝ հաստատելու Փաշինյանի ցանկացած որոշում: Ի դեպ, «որոշիչ» նիստը նախատեսվում էր երեկ ուշ երեկոյան:»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին չի ծառայել բանակում: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 14-ին հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. «ArmLur.am-ը տեղեկացել է, որ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին՝ Էդգար Արմենի Նիկողոսյանը (ծնված 23.07.1995 թվ.-ին, գրանցման հասցեն՝ Երեւան, Դեմիրճյան փ. 17Ա 15) ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ ֆուտբոլային կարիերա շարունակելու հիմնավորմամբ, սակայն հետագայում նրան ակտիվ ֆուտբոլում չենք տեսել: Ի՞նչ հիմնավորմամբ է ծառայությունից ազատվել Էդգար Նիկողոսյանը: 2018 թվականից հետո, երբ շատ պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման փաստաթղթերը սկսեցին ուսումնասիրվել, արդյոք Արմեն Նիկողոսյանի որդու ծառայությունից ազատման փաստը ստուգվե՞լ է. եթե ոչ, ինչու՞»:
Ի պատասխան, ՊՆ-ից հայտնել են. «Նիկողոսյանը օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից»: Իսկ թե ինչ հիմքով, ՊՆ-ից հրաժարվել են պատասխանել՝ մատնանշելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:
Արդյոք 2013-ին 18-ը բոլորած Էդգար Նիկողոսյանն իսկապես ֆուտբոլային կարիերա է ունեցել եւ ունի՞. փնտրեցինք տեղեկություններ, չգտանք: Զանգահարեցինք հորը՝ Արմեն Նիկողոսյանին, որը, սակայն, հրաժարվեց զրուցել մեզ հետ. չկարողացանք պարզել, թե ինչ հիմքով է որդին ազատվել զինծառայությունից, եւ ինչու չի զբաղվել հետագայում ֆուտբոլով, եւ ամենակարեւորը՝ ում միջնորդությամբ է ազատվել որդին բանակից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները ԱԺ ամբիոնից հաճախ խոսում են, թե մարդիկ նախկինների օրոք փողով բանակից ազատվել են: Ստացվում է՝ նաեւ իր թերթի նախկին աշխատակցի որդին է նույն հիմքով ազատվել ծառայությունից, եթե Փաշինյանը դա էլ չէր ստում: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա փաշինյանական իշխանությանը, ապա նրանց օրոք ՔՊ թիմակիցներից շատերը արհեստական հիմքերով ազատվել են պարտադիր զինծառայությունից։
Օրինակ՝ ՀՀ արտաքին գործերի երիտասարդ փոխնախարար Վահան Կոստանյանը բանակից ազատվեց, որ գիտությամբ զբաղվի, սակայն պետական պաշտոնյա է: Զինծառայությունից ազատված են ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ եւ Վլադիմիր Ղալումյանները: Հովիկ Աղազարյանի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը եւս չի ծառայել։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի 2 որդիները նույնպես ազատվել են ծառայությունից, եւ այս շարքը դեպի անվերջություն կարող ենք շարունակել»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում