Հայաստանն ու Հունաստանն ունեն նույն մոտեցումներն անվտանգության ամրապնդման ուղղությամբ․ Պապիկյան
Նմանատիպ
Հայաստանն ու Հունաստանն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը Հունաստանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ համագործակցության հնարավորություններին»,-նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Պապիկյանի փոխանցմամբ՝ Նիկոլաոս Դենդիասի հետ կարևորել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի շրջանակներում սերտ համագործակցությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։
Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ»,-հավելել է Պապիկյանը։
Համատեղ ասուլիսի ընթացքում անդադառնալով հայ-հունական դարավոր կապերին, Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Հայաստանն ու Հունաստանը միանման ողբերգական փորձի միջով են անցել։
«Պատմությունը մեզ միավորում է, մենք միանման ողբերգական փորձի միջով ենք անցել՝ հալածանքներ, հետապնդումներ ցեղասպանություն, մեր ժողովուրդները միասին տառապել են։ Սա ստեղծել է շատ ամուր կապեր ոչ միայն երկրների, այլև ժողովուրդների միջև»,- նշել է Դենդիասը։
Հունաստանի պաշտպանության նախարարը հավելել է, որ անպայման այցելելու է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում