ՔՊ-ում անհանգստացած են իրենց գրասենյակների ու տների մոտ տեղադրվող ռումբերի համար․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ ՔՊ-ում չեն կարողանում ազատվել իրենց գրասենյակների ու տների մետ տեղադրված ռումբերի հետ կապված անհանգստությունից, փողոցում սպասվում են բողոքի նոր ցույցեր ու հանրահավաքներ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հաջորդ հանրահավաքին է պատրաստվում, որը կանցկացվի մարտի 13-ին։ Շարժման համակարգող Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մեզ ասաց, որ, հանրահավաքային պայքարին զուգահեռ, մարզային այցելություններ են իրականացնելու՝ իրենց կողմնակիցներին համախմբելու նպատակով։
Այսօր կայցելեն Մասիս քաղաք․ «Ժամը 2-ին Մասիսում կհանդիպենք ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք պատասխանելու բոլոր հարցերին, կներկայացնենք մեր մոտեցումները, կլսենք ժողովրդի առաջարկները: Ի դեպ, այնտեղ մեծ թվով արցախցիներ կան նաեւ: Հաջորդ այցը կլինի Գյումրի»։
Հիշեցնենք, որ «Միասին»-ը փետրվարի 20-ին, 29-ին եւս հանրահավաքներ անցկացրեց:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Իրավունք» թերթը գրում է․ Ընդդիմադիր դաշտում այս օրերին տեղի է ունենում ակտիվ պայքարի «մարտավարական փոփոխություններ»: Բոլոր քաղաքական ուժերը, այսպես ասած, «թիվ մեկ պատրաստություն» են հայտարարել սեփական թիմերում: Իսկ, օրինակ, «Հայաստան» դաշինքի անդամները մարզային իրենց հանդիպումների ժամանակ անոնսավորում են նոր որակի մոբլիզացիայի եւ լայն մասշտաբով անհնազանդության ակցիաներ իրականացնելու մասին:
Թե արդյոք արդեն իսկ կան նախատեսված հավաքներ, «Իրավունքը» պարզեց, որ մինչեւ ապրիլի 4-ը Ազատություն հրապարակն իրենցով են արել ծռերի ԱԺԲ-ն:
Այս պահի դրությամբ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ի գիտություն է ընդունել նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կողմից մարտի7-ին՝ ժ.16.30-18.00-ն ընկած հատվածում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացի` Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում հավաք անցկացնելու մասին իրազեկումը»:
Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրենսդիրների շրջագայությունների թեժ սեզոնը մեկնարկել է․ գործուղումների անվան տակ ազգընտիրները՝ հիմնականում ՔՊ-ականները, հարկատուներիս հաշվին զուտ ճանաչողական այցեր են կատարում տարբեր երկրներ, իրենց համար բացահայտում աշխարհը, սակայն դրանից պետությունը որեւէ բան չի շահում։
Ահավասիկ՝ «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար մարտի 18-ից հնգօրյա այցով Հունաստան են մեկնելու ՔՊ-ական լեդիները՝ Քրիստինե Պողոսյանը եւ Մարիամ Պողոսյանը, ով մինչեւ պատգամավոր դառնալը Լիլիթ Մակունցի օգնականն էր: Ապա 10 պատգամավոր մարտի 18-21-ը Բրյուսել կմեկնի` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու:
Կմեկնեն ԱԺ Եվրանեսթի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Արման Եղոյանը: Նրանցից մեկ օր շուտ էլ նույն միջոցառմանը մասնակցելու կմեկնեն ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանը, Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը: Ինչպես նաեւ ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանը, Մերի Գալստյանը, Տաթեւիկ Գասպարյանը։ 2024 թ. մարտին կայանալիք ԵԽԽՎ նիստերի աշխատանքներին մասնակցելու համար էլ են պատգամավորներ գործուղվել:
Մի քանի օր է՝ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում է, նա կմնա մինչեւ մարտի 8-ը: Մարտի 3-5-ը Վլադիմիր Վարդանյանն էր այնտեղ, Արմեն Ռուստամյանը՝ մարտի 5-7-ը, բայց կմեկնի նաեւ մարտի 20-22-ը: Հռիփսիմե Գրիգորյանը՝ 17-20-ը, Արուսյակ Ջուլհակյանը՝ 18-21-ը, Սոնա Ղազարյանը՝ 20-22-ը: Գուրգեն Արսենյանն էլ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում է Եգիպտոս մեկնել։ Էստոնիա է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ողջ իրավապահ համակարգը արդեն 10 օրից ավել է՝ գիշերը ցերեկ արած՝ փորձում է բացահայտել ՔՊ-ի գրասենյակի եւ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց հայտնված նռնակի կամ դրա մուլյաժի գործը՝ պարզելու, թե ով կամ ովքեր են պայթուցիկ տեղադրողները, բայց ապարդյուն։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ այս հարցով անհանգստացել են ՔՊ-ականները, թե ինչ նորություն կա. պատասխանը մեկն է եղել՝ աշխատում ենք, դեռ հստակ ոչինչ չկա։ Ասել է թե՝ փնտրում են փնտրում, վարկածներ առաջ քաշում, բայց սայլը տեղից չի շարժվում։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ՔՊ-ի գրասենյակից իրավապահներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ եւ տեսնել, թե ինչ կա տոպրակի մեջ: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական վարկածով պարզել են, որ պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույն օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ:
Փետրվարի 22-ին Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ էլ են պայթուցիկ գտել, աշխատակիցներն անգամ այն տարել էին ներս, չէր պայթել»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների ֆոնին Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրերս հայտարարեց, որ ազատման դիմում է գրել:
Արդեն նախկին դեսպանը փակագծեր չէր բացել իր հրաժարականի պատճառների մասին՝ միայն իր գրառման մեջ ակնարկելով, թե արտաքին քաղաքական հարցերում տարաձայնություններ ունի գործող իշխանությունների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառների մասին:
Այսպիսով, հիմնական պատճառն այն է, որ Մարուքյանը ամբողջությամբ տապալված է համարել Փաշինյանի իշխանության հնարած խաղաղության օրակարգը, դրա մասին Էդմոն Մարուքյանը հենց Նիկոլ Փաշինյանի մոտ էլ բարձրաձայնել է՝ ասելով, որ որեւէ առաջընթաց չկա բանակցություններում, իսկ խաղաղության օրակարգը տեղում դոփում է, փոխարենը Ադրբեջանը միակողմանի պահանջներ է դնում Հայաստանի առջեւ, որոնք Հայաստանը կատարում է:
Մարուքյանն իր շրջապատին բացատրել է, որ իր հեռանալու պատճառներից է եղել նաեւ այն, որ հայկական կողմը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական անհեթեթ պահանջը, այն է՝ միջազգային բոլոր ատյաններից հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից:
Ընդ որում՝ երկու երկրների միջեւ նախապես այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել փոխադարձության սկզբունքով, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանը խախտել է այն ու չի հրաժարվում իր հայցերից, սակայն Փաշինյանը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառներից մեկն էլ եղել է իր թվիթերյան գրառումներից մեկը Խոջալուի ջարդերի մասին, որից հետո Արարատ Միրզոյանի համակարգման տակ գտնվող ԱԳՆ-ից զանգել, նկատողություն են արել Մարուքյանին ու արգելել այլեւս նման բնույթի գրառումներ անել:
Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էդմոն Մարուքյանին հրաժարականի ակնարկն արվել է ոչ թե Փաշինյանի, այլ հենց ԱԳՆ-ի «շուրթերով»:
Ահա այս բոլոր իրադարձությունները կուտակել են կրքեր նաեւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ում:
Բանը հասել է նրան, որ ԼՀԿ-ականները Մարուքյանից պահանջել են՝ պետք է հրաժարական տա կա՛մ դեսպանի, կա՛մ կուսակցության նախագահի պաշտոնից:
ԼՀԿ-ում ասել են, որ այս իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցնելը միայն վնասում է իրենց, ու թեեւ շատ հարցերում համաձայն չեն գործող իշխանությունների հետ, բայց չեն կարողանում բարձրաձայնել դրա մասին ու որպես իսկական ընդդիմադիր հանդես գալ:
Ահա արդյունքում Էդմոն Մարուքյանը որոշել է հրաժարվել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում