Բայդենն ու Թրամփը հաղթում են նախնական ընտրություններում

Բայդենն ու Թրամփը հաղթում են նախնական ընտրություններում

Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել Հանրապետական փրայմերիզներում։ Նախնական ընտրություններն ընթացել են միանգամից 15 նահանգներում, որոնց ճնշող մեծամասնությունում ԱՄՆ նախկին նախագահ ու ներկայումս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գրանցել է բացահայտ առավելություն։

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նրա մրցակից Նիկի Հեյլին առավելություն ունի միայն մեկ նահանգում ՝ փոքր Վերմոնտում, բայց դա չի ազդի ընդհանուր պատկերի վրա:

Յուտայում թեպետ ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, բայց, ըստ կանխատեսումների, այնտեղ նույնպես կհաղթի նախկին նախագահը: Մնացած 13 նահանգներում Թրամփն արդեն վերջնականապես հաղթել է։

Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ըստ նախնական հաշվարկների, Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում հաղթող է ճանաչվել 14 նահանգներում, ինչպես նաև Այովայում, որտեղ քվեարկել են փոստով։

Նա պարտվել է Ամերիկյան Սամոա տարածքում, որտեղ ձեռնարկատեր Ջեյսոն Փալմերը ստացել է 51 ձայն, իսկ Բայդենը՝ 40։

Նշենք, որ Միացյալ Նահանգներում երեկ՝ մարտի 5-ին, մեկնարկել է 2024 թվականի ընտրապայքարի առանցքային իրադարձություններից մեկը՝ «սուպերերեքշաբթին»։ Նախնական ընտրությունների ժամանակ թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է հաղթի ներկքին ընտրապայքարում, որից հետո տվյալ կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դրանք կլինեն երկրի պատմության մեջ 60-րդ նախագահական ընտրությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում