Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ սույն Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից, վերջինիս՝ Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաևկողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:

Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային  ժամանակացույցի հաստատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում