ՔՊ-ն «ՀայՓոստ»-ը վերածում է կուսակցական մասնաճյուղի․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ ՔՊ-ականները զբաղված են իրենց հարազատներին, բարեկամներին ու ընկերներին աշխատանքի տեղավորելով, Ադրբեջանն ըստ որոշ լուրերի, չափագրումներ է անում Տավուշի մարզի գյուղերում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երեկ հերթական հուժկու «ապտակը» հասցրեց Ռուսաստանին։ Կառավարության նիստում որոշում ընդունվեց, որ Հայաստանում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը դեկտեմբերի 20-ի փոխարեն կնշվի հունվարի 8-ին։ Այս հարցը, ի դեպ, չզեկուցվող նախագծերի շարքում էր։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի հունվարի 8-ին հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից օրենքների փաթեթը, որով համակարգային փոփոխություններ են նախատեսվել ԱԱԾ ղեկավար կազմի նշանակման եւ ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչով էլ իբր պայմանավորված է այս փոփոխությունը։ Իրականում, սակայն, սա քաղաքական որոշում է։
Բանն այն է, որ դեկտեմբերի 20-ը դեռեւս խորհրդային տարիներին նշվել է որպես Չեկիստի օր։ Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային հանրապետություններից շատերում դեկտեմբերի 20-ը շարունակում են նշել որպես ԱԱԾ աշխատողի օր։ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սորոսական հատվածն ամեն տարի դեկտեմբերին 20-ին քննադատում էր Փաշինյանին՝ այդ օրվանից չհրաժարվելու համար։ Բայց անցած տարի էլ Ազգային անվտանգության ծառայությունում տոնի կապակցությամբ հրավիրվել էր հանդիսավոր նիստ, որին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Երեկվա որոշումը եւս ցույց է տալիս, որ Հայաստանը միտումնավոր փորձում է սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ անգամ մանրուք թվացող հարցերում, որպեսզի հավատարմություն հայտնի Արեւմուտքին եւ ցուցադրի, թե հերթական քայլն է անում Ռուսաստանից հեռանալու ուղղությամբ։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սկսել է չարաշահել խնամի-ծանոթ-բարեկամ թեորեմը եւ սեփական բարեկամներին աշխատանքի տեղավորելուց հետո անցել է հեղափոխության ընթացքում ակտիվություն ցուցաբերած «հպարտ քաղաքացիներին»։
Եթե Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի վիրակապին չհետեւեր, ապա դեռ կշարունակեր առ այսօր աշխատել Vivaro բուքմեյքերական գրասենյակում։ Վերջինս կրկնում է դասական ՔՊ-ականների գերակշիռ մեծամասնության հետհեղափոխական կյանքի ուղին, ինչպես Հայկ Կոնջորյանի կնոջ դեպքում է։
Կոնջորյանը կնոջը տեղավորել էր «ՀայՓոստ»-ում, ապա աստիճանաբար սկսել էր նրա հաստիքը բարձրանալ, դրան զուգահեռ, կրկնապատկվում էր կնոջ տարեկան ֆինանսական եկամուտը։ Սերոբյանի դեպքում կարիերայի աճը գրանցվել է այլ կերպ։
Նա նախ Արաբկիրի թաղապետարանում տեղավորեց կնոջը, ապա ինքը սկսեց «շրջագայել» պետական աշխատավայրերում` Աջափնյակի թաղապետարան, «ՉՀԳ» ՓԲԸ, Շրջակա միջավայրի նախարարություն, կրկին Աջափնյակի թաղապետարան, այժմ էլ՝ «ՀայՓոստ» ՓԲԸ, որը թեեւ ամեն ամիս որպես անպարտաճանաչ հարկատու ՊԵԿ-ի կողմից տուգանվում է ՀԴՄ խախտման համար, սակայն պարտաճանաչ վճարում է ՔՊ-ականների եւ նրանց կանանց աստղաբաշխական աշխատավարձերը։
Հավելենք նաեւ, որ սա այն նույն փոխթաղապետն է, որը 2022 թվականի ապրիլի 30-ին Երեւանի Նալբանդյան փողոցում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներին անվանել էր «փնթիներ»»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին ամիսներին ոչ միայն ակտիվ քաղաքական հանդիպումներ է ունենում հայաստանյան տարբեր ուժերի, անհատների հետ, այլեւ ակտիվ շփումներ կան Հայաստանում ներկայացված տարբեր երկրների դիվանագետների հետ։ Շահրամանյանը մի քանի դեսպանի հետ է վերջերս հանդիպել, այդ թվում՝ Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դեսպանների։ Իսկ քննարկման օրակարգի գլխավոր հարցը, ըստ մեր աղբյուրների, արցախցիների՝ Արցախ վերադարձի խնդիրն է։
Չնայած գրեթե բոլոր դիվանագետները խոսքային մակարդակում դա համարում են այսօրվա թիվ մեկ խնդիրը, սակայն երբ հարցը հասնում է միջազգային երաշխիքներին, որոնք պետք է տրամադրվեն, որպեսզի արցախցիների անվտանգությունն իրենց հայրենիքում ապահովվի, ոչ ոք նման երաշխիքներ չի տալիս։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմադիր շարժման ներսում տարձայնություններ կան. հանրահավաք՝ առանց օրակարգի: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձեւավորված «Միասին» այլընտրանքային հասարակական շարժման ներսում արշալույսներն այնքան էլ հանդարտ չեն. շարժման անդամները տարաձայնություններ ունեն իրար հետ:
Դեռ նախորդ տարի ընդդիմադիր մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ ձեւավորեցին «Միասին» շարժում ու խոստացան ամեն ինչ անել՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու եւ Արցախի հարցը կրկին օրակարգ բերելու համար:
Շարժումը պարբերաբար ակցիաներ էր իրականացնում՝ իրենց ձեւակերպմամբ՝ «աթոռներից հեռացնելու օրվա ձախորդ կառավարությանը»:
Բայց, արի ու տես, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», ու ոչ միայն Փաշինյանին հեռացնել չստացվեց, այլ շարժումն է կարծես փլուզման գնում:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման անդամները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ: Խոսքը, մասնավորապես, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի եւ ՍԴԿ նախագահ Արամ Սարգսյանի մասին է, որոնք, ըստ մեզ հասած տեղեկությունների, լուրջ տարաձայնություն են ունեցել՝ շարժման օրակարգի ու բովանդակության հետ կապված:
Բանն այն է, որ Էդգար Ղազարյանը Սարգսյանին ասել է, որ նմանատիպ ակցիաներն ու նույնաբովանդակ ելույթներն անիմաստ են, միայն մսխում են հանրային ռեսուրսը, ու պետք է նոր քայլեր ձեռնարկել:
Արամ Սարգսյանը, սակայն, համաձայն չի եղել նրա հետ, ինչից հետո, կարելի է ասել, շարժման անդամների ճանապարհները բաժանվել են։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ Էդգար Ղազարյանը, որը վարում էր «Միասին» շարժման՝ փետրվարի 20-ին տեղի ունեցած ակցիան, շարժման հաջորդ ակցիաներին ներկա չէր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Էդգար Ղազարյանի հետ՝ պարզելու՝ ինչ տարաձայնություններ են ունեցել Արամ Սարգսյանի հետ, ու ինչու չի մասնակցում շարժման ակցիաներին։ Վերջինս չցանկացավ փակագծեր բացել, միայն նշեց.«Շարժման ակցիաներին կրկին կմիանամ միայն այն ժամանակ, երբ դրա օրակարգի ու բովանդակության հետ կապված հստակեցումներ լինեն»»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ անցած շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել է Տավուշի այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Այդ հարցով, ի դեպ, նաեւ Մյունխենում էր քննարկում եղել։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել է, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ հայտնի է, թե խոսքը որ չորս գյուղերի մասին է․ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Կըզըլ Հաջիլի:
Հիշեցնենք, որ դեռեւս պատերազմից մեկ տարի անց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բարձրաձայնեց, թե, իր տեղեկություններով, ադրբեջանցիներն արդեն չափագրումներ են անում նշված գյուղերում, իշխանությունը, բնականաբար, հերքեց, բայց կյանքը ցույց է տալիս, որ դրանք հեռու չէին իրականությունից։
Ի դեպ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւս հայտարարել է, որ իրենց մարզում ադրբեջանական գյուղեր կան։ Թե ինչու է հիմա խոսվում չորս գյուղերի, այլ ոչ թե ութի մասին, ինչպես նախկինում Փաշինյանն էր հայտարարում, իշխանական մեր աղբյուրների կարծիքով՝ նշված չորսի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ դրանց հանձնումը խնդրահարույց չի լինի մեզ համար՝ այնպես, ինչպես մյուսներինը, դիցուք՝ Տիգրանաշենինը, որը փաստացի կապում է Հայաստանի մնացած մասը հարավին։ Ալիեւն առաջնահերթ պահանջում է ոչ խնդրահարույց տարածքները, հետո հանրությունը կընտելանա նաեւ մյուսների հանձնմանը։ Այսինքն, Փաշինյանն իրականացնում է փուլ առ փուլ հանձնման ծրագիրը՝ պարբերաբար հանրությանը վախեցնելով պատերազմով։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վիլնյուս նախապես պլանավորված այցը չեղարկվել է. Լիտվայի ԱԺ նախագահը ժամանակ չունի Ալեն Սիմոնյանին ընդունելու: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության ԱԺ կայքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը բավական մեծ շքախմբով մարտի 3-ից 6-ը պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, այնուհետեւ՝ 7-ից 8-ը, մեկնելու է Տալլին։ Պատվիրակության կազմում էին Արսեն Թորոսյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ մի խումբ աշխատակիցներ, սակայն ոչ մի ընդդիմադիր պատգամավոր:
Մարտի 3-ից անցել է արդեն 4 օր, սակայն ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը լռում է Վիլնյուսի պաշտոնական այցի լուրի մասին։ Ավելին՝ ՀՀ ԱԺ նախագահը երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել Տալլինից, ինչը ուղիղ փաստում է, որ ԱԺ նախագահի պատվիրակությունը միանգամից մեկնել է Տալլին: Այն, որ Ալեն Սիմոնյանը Վիլնյուս չի մեկնել, վկայում է նաեւ նրա կողմից ստորագրված հաջորդ կարգադրությունը, որով ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները մարտի 5-ից 7-ը դրվում է Հակոբ Արշակյանի վրա։ Ավելի ուշ ԱԺ-ն հավելումներ է արել ԱԺ նախագահի գործուղման մասին համապատասխան կարգադրության մեջ՝ հավելվածի վերջում ավելացնելով, որ կարգադրության տեքստից հանում է Վիլնյուս բառը, բայց ծախսերի վերադարձի մասին ոչինչ չկար փաստաթղթերում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումների համար զանգահարեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակին, սակայն հեռախոսազանգին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անձամբ: ԱԺ նախագահը հաստատեց, որ Վիլնյուս այցը չի կայացել, հետաձգվել է:
«Երկկողմ համաձայնությամբ է այցը չեղարկվել: Իրենք ընտրությունների են պատրաստվում, նախընտրական թոհուբոհի օրերի հետ կապված՝ անհամաձայնություն կար, ես էլ վատառողջ էի, չէի կարող գնալ»,- պարզաբանեց Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ եթե այցը հետաձգվել է, կա՞ արդյոք պայմանավորվածություն, թե որքան ժամանակ է այն հետաձգվել, երբ այն պետք է կայանա: «Ապրիլի 2-րդ կեսին համաձայնություն կա, երեւի 19-ի կողմերը, որ հետաձգված հանդիպումը տեղի կունենա. դեռ չենք հաստատել, քննարկում ենք սա»,-մանրամասնեց ԱԺ նախագահը:
Այսպիսով, արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանի համար իր պաշտոնակիցը՝ Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորիա Խմելիտե Նիելսենը, ժամանակ չունի: Հետաքրքիր է՝ ԱԺ նախագահի այցը կազմակերպողները չգիտեին արդյոք, որ Լիտվայում ընտրություններ են սպասվում այցի օրերին»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում