X-ը հեռուստացույցների համար YouTube-ի անալոգ թողարկելու ծրագրեր ունի
Նմանատիպ
X ընկերությունը ծրագրում է հաջորդ շաբաթ հավելված գործարկել Amazon և Samsung հեռուստացույցների համար՝ Smart TV-ների աջակցությամբ, հայտնում է Fortune ամսագիրը՝ հղում անելով ընկերության աղբյուրին։ Նրա խոսքով՝ հավելվածը կունենա YouTube հեռուստատեսային հավելվածի նման ինտերֆեյս։
Այս մեկնարկը X-ին թույլ կտա վերածվել վիդեոպլատֆորմի և սկսել մրցել YouTube-ի հետ, գրում է հրատարակությունը։ Fortune-ի աղբյուրի փոխանցմամբ՝ սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը փորձում է օգտատերերին խրախուսել մեծ էկրանին երկար տեսանյութեր դիտել։ Ի թիվս այլ ընկերությունների, որոնց հետ X-ը մտադիր է մրցակցել, ամսագրի զրուցակիցը նշել է նաև ուղիղ հեռարձակման Twitch հարթակը, կոդավորված հաղորդագրությունների Signal հավելվածը և սոցիալական ցանցերի Reddit ֆորումը։
Fortune-ը հեռուստատեսային X հավելվածի թողարկումը կապում է վիդեո հոսքային շուկայում ավելի ակտիվ դեր խաղալու ընկերության ցանկության հետ: Պարբերականը պնդում է, որ Մասկի ծրագիրը կենտրոնացած է հայտնի մարդկանց, ազդեցիկ մարդկանց և տեսախաղերի հեռարձակումների շուրջ: Մասնավորապես, X-ը վերջերս պայմանագիր է ստորագրել CNN-ի նախկին հաղորդավար Դոն Լեմոնի հետ նոր շոուի համար, որը կթողարկվի բացառապես հարթակում։ Բացի այդ, մեկ այլ ամերիկացի հեռուստալրագրող՝ Թակեր Կարլսոնը, հաճախ է X-ում հրապարակում իր տեսանյութերը, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում