Ադրբեջանը ոչնչացրել է հայկական էթնոմշակութային միջավայրը. բանաձևերն ու կոչերը մնացել են օդում
Նմանատիպ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ պատասխանել է Իլհամ Ալիևին։
«Ադրբեջանի նախագահը «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024թ.» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին բարձրաձայնել է UNESCO-ին ուղղված Ադրբեջանի դիմումի մասին՝ Հայաստան առաքելություն ուղարկելու վերաբերյալ, և դժգոհել, որ դիմումը մնացել է անպատասխան։ Ադրբեջանում սովոր են միջազգային կառույցների համարժեք քայլերը որակել «անհամարժեք»։ Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն է անում այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն օր ստացվում են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր-քրիստոնեական, ազգային մշակութային ժառանգության նմուշների ոչնչացման, խեղման, յուրացման մասին։
Հայկական մշակութային միջավայրի ոչնչացումը վաղուց դադարել է սահմանափակ քննարկման խնդիր լինել։ Այդ մասին արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ օտարազգի քաղաքական գործիչները, որոնք քանիցս շեշտել են, որ նման քայլերը միայն սրում են տարածաշրջանային անվստահության մթնոլորտը։ Սակայն այս ձևակերպումները չափազանց մեղմ են իրապես գնահատելու համար այն համակարգային հայատյացությունը, որը տասնամյակներ շարունակ տիրում է ադրբեջանական հասարակության հոգևոր-բարոյական համոզմունքներում։
Անցած երեսնամյակում Ադրբեջանը ծրագրավորված և պետականահեն գործելակերպով ոչնչացրել է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում ողջ հայկական էթնոմշակութային միջավայրը։ Այն բոլոր բանաձևերն ու կոչերը, որոնք ցուցել են ադրբեջանական կառավարությանը չդիմել էթնոֆոբ քայերի, մնացել են օդում։ Եվ այժմ Ադրբեջանն ակնկալում է, որ իրենց առաջ քաշած կեղծ օրակարգերին միջազգային կառույցները պետք է արձագանքեն։
Վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանն այնպիսի բռնապետություն է, որտեղ խոչընդոտվում է այնպիսի մարդասիրական կառույցների գործունեությունը, ինչպիսին Կարմիր խաչն է։ Քաղաքական ցինիզմի գագաթնակետն է այն, որ 10 ամիս շարունակ ավելի քան 100 հազար էթնիկ հայերի ռասիզմի հիմքով և քաղաքական նպատակներով հումանիտար աղետի ենթարկած վարչակարգը ինչ-որ մշակութային ժառանգության մասին է բարձրաձայնում։ Մինչդեռ համաշխարհային արդարությունն ու արդարադատությունը կայանում են նրանում, որ միջազգային իրավապաշտպան բոլոր կոնվենցիաների, բանաձևերի և հռչակագրերի հիմքով անվերապահորեն վերականագնվեն Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և նախիջևանի էթնիկ զտման ենթարկված հայության անօտարելի իրավունքները։ Իսկ UNESCO-ի առաքելությունը հսկայական աշխատանք ունի իրականացնելու ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայկական էթնոցիդի ուսումնասիրության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հերթական էթնոցիդի կանխման ուղղությամբ»,-նշված է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում