Ինչու է վտանգավոր Թուրքիայից սահմանի բացում մուրալը

Ինչու է վտանգավոր Թուրքիայից սահմանի բացում մուրալը

Անթալիայի դիվանագիտական ֆորումում Փաշինյանի պատվիրակությունը տապալվեց, թեև տապալումը, իհարկե, կձևակերպեն իբրև արտաքին ու անվտանգային իրենց քաղաքականություն, իրականում՝ հերթական արկածախնդրություն: Ընդ որում հենց Անթալիայում՝ թուրքերի առաջ ու թուրքերի ներկայությամբ խոստովանելով, որ մինչև այս իրենց ձեռնարկած գլխավոր՝ «Ալմա-Աթա» էսպետրիմենտն է տապալվել:

Ռուբինյանի խայտառակությունը

Ինչպես հատել դիվանագիտական սահմանն ու ստանալ պատասխան ապտակ՝ րոպեներ անց: Անթալիայի դիվանագիտական ֆորումը դեռ չսկսված (բացման պաշտոնական արարողությունը Էրդողանի և Ֆիդանի մասնակցությամբ էր) Փաշինյանի պատվիրակությունը դրսևորվեց: Փաշինյան-Էրդողան կարգավորման գործընթացում Փաշինյանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը թուրքական հարթակում քննարկման ժամանակ նվազագույնը մատնեց իր անփորձ լինելը, առավելագույնը՝ խայտառակեց և՛ իրեն, և՛ Հայաստանի Հանրապետությունը:

«Հայաստանը պատրաստ է ունենալ ամբողջությամբ կարգավորված հարաբերություններ, ապաշրջափակված կոմունիկացիաներ, բաց սահման Թուրքիայի հետ հենց հիմա, վաղը: Եթե Սերդարը համաձայնի, մենք կարող ենք դրա մասին հայտարարել հենց հիմա: Հուսով եմ՝ նա կհամաձայնի և մենք այս ֆորումը կդարձնենք պատմական», – հայտարարեց Ռուբինյանը:

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին արձագանքն ամենախոսունն էր՝ փորձառու թուրք դիվանագետն անգամ չթաքցրեց իր վերաբերմունքը՝ բացահայտ ծիծաղելով: Ոչ թե արձագանքելով ժպիտով, այլ հենց ծիծաղելով:

Հետո եղավ նաև պատասխանը՝ իհարկե, մերժումը. «Ես մի քանի անգամ Ռուբենին ասել եմ, որ պատրաստ եմ գալ Երևան` հետագա բանակցությունների համար: Եվ ես նրան հրավիրել եմ Անկարա: Բայց եթե Երևանում և Անկարայում հանդիպումների համար որպես նախապայման է դրվում սահմանը բացելը, ապա մենք խնդիր ունենք»:

Երբ մի տեղ լսած, մի տեղ տեսած դիվանագիտական հնարքը փորձում ես գործի դնել, պետք է նաև հաշվի առնել, թե ում դեմ, որ երկրի ներկայացուցչի: Եթե անգամ Ռուբինյանն իրավասու է ՀՀ անունից անել նման հայտարարություն, ապա Քըլըչը, վստահաբար, իրավասու չէ դրական պատասխանել: Որովհեև Թուրքիայի պետական համակարգում Քըլըչը որոշում կայացնող չէ: Որովհետև Թուրքիան ունի պետական համակարգ, որն ունի կառուցվածք ու քաղաքականություն, նպատակ ու քայլ առ քայլ մշակված ծրագիր: Ու Փաշինյան-Ռուբինյան հրապարակային արկածախնդրությանը տրվելը թուրք դիվագատի համար, և ոչ միայն նրա, ծիծաղելի է:

Միայն այսքանը հաշվի առնելով է, որ սահմանը բացելու հարցը՝ այն էլ այսպիսի ձևակերպմամբ, մեջտեղ բերելն անփորձություն ու խայտառակություն էր: Եվ նույնպիսի անփորձություն է կարծելը, թե թուրքական կողմին կարող էին անակնկալի բերել կամ թուրքական կողմի վրա այդ կերպ ճնշում գործադրել: Թուրքիային անակնկալի բերելու ու այդ երկրի վրա ճնշում գործադրելու միջոցներ կան, բայց դրանք բոլորովին այլ հարթության մեջ են:

Մինչդեռ Փաշինյանն ու նրա թիմը նախապես չեն շոշափել Անկարայի տրամադրությունները, հնարավոր արձագանքը: Ավելին՝ տպավորություն է, թե Փաշինյանն անընդհատ գլուխը հարվածում է նույն պատին: Որովհետև Էրդողանից մինչև նրա նախարարներ, իրականում, բավական տեսանելի ու ընկալելի ակնարկներ են արել այն մասին, որ Թուրքիան սահմանը բացելու մտադրություն առայժմ չունի:

Արարատ Միրզոյանի հարցազրույցը

Բայց ամեն ինչ ավելի խնդրահարույց է, որովհետև հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ Ռուբինյանի հայտարարության բովանդակությունն ինքնագլուխ չէր: Մարտի 7-ին Թուրքիայի պետական լրատվական գործակալությանը հրապարակեց Անթալիայում Արարատ Միրզոյանի հարցազրույցը:

«Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորին չափ շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- նշել է Միրզոյանը:

Թուրքիայից սահմանի բացումն այսպես անհուսորեն, այսպես մուրալով ակնկալելը վտանգավոր է, որովհետև այդ հարցը Թուրքիայի համար վերածում է գործիքի: Սահմանի հարցը Փաշինյանն ինքն է դարձնում հաղթաթուղթ Թուրքիայի ձեռքում՝ միաժամանակ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում սահմանը բացելը ներկայացնել իբրև թուրքերի մեծագույն զիջում ու բարեհոգություն:

Այնինչ իրականությունն այն է, որ փաստացի ցեղասպանված կողմը ցեղասպանից մուրում է սահմանի բացում: Անգամ էական չէ հանուն ինչի: Երբ ցեղասպանը, եթե նոր ցեղասպանություն ծրագրելու և Հայաստանի սուվերեն տարածքը կլանելու մեծ ծրագիր չունենար՝ հանուն բոլոր թյուրքերին համախմբելու գլխավոր հավակնության, սահմանը կբացեր վայրկյան առաջ:

Մյուս կողմից հայ-թուրքական սահմանը բացելու Փաշինյանի միտումը ակնառու է՝ եթե այդ սահմանը բաց է, այն հսկող ռուս սահմանապահների կարիքը վերանում է: Բայց այստեղ երեք խնդիր կա: Նախ՝ ռուսական կողմի ներկայությունից ազատվելու միտումը բխում է Փաշինյանի՝ դեպի Արևմուտք հառած հայացքից: Ու պետք է հաշվի առնել, որ Փաշինյանի արևմտյան գործընկերները անկեղծ լինելու պարագայում կարող էին հենց իրենք սահմանը բացելու հարցը դնել Թուրքիայի առաջ: Նրանք Էրդողանին ճնշելու առավել լայն գործիքներ ունեն, քան Փաշինյանը: Եթե դա չեն անում՝ մինչև այս պահը դրա մասին հայտարարություն չի եղել, ապա Փաշինյանի համար առնվազն պետք է հարցեր առաջանան:

Երկրորդ՝ անգամ սահմանը բացելուց հետո թուրքական կողմը կարող է ցանկացած պահի գտնել պատրվակ ու նորից փակել այն: Սահմանը իրապես բացելու և կոտրած տաշտակի առաջ նորից չհայտնվելու միակ ճանապարհը ցեղասպանի խոստովանությունն ու զղջումն է:

Եվ երրորդ՝ հաշվի առնելով հայ-թուրքական սահմանային շրջաններում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում քրդական գործոնը, հայ-թուրքական բաց սահմանը կարող է լինել առավել վտանգավոր, և այդ վտանգը հնարավոր չի լինի վերահսկել ու կառավարել ՀՀ ուժերով: Սիրիան ու Իրաքը՝ ապացույց: Հետևաբար «հանուն ինքնիշխանության ռուսներից ազատվելու» թեզը ևս մ եկ փաստարկով կորցնում է ուժը:

Փաստացի, փորձելով «լուծել» մի «խնդիրը», Փաշինյանն ավելացնում է տասը նորը: Փորձելով մանևրել դեպի Արևմուտք, Փաշինյանը ոչ միայն ներքաշվում է ՌԴ հետ առճակատման մեջ, այլև Արևելքի ամենասուր բախման, Թուրքիայի համար ամենազգայուն, Թուրքիայի համար ամենավճռորոշ հարցի մեջ:

Ձախողված Ալմա-Աթա

2022-ի հոկտեմբերին Պրահայում Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումից մինչև 2023-ի հոկտեմբեր և Գրանադա՝ առանց Ալիևի Փաշինյան-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպում. Ալիևի ձեռքբերումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, թե Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասն է: Փաշինյանը, մինչև վերջերս քննադատողներին լռեցնել էր փորձում աղաղակելով, թե Արցախը զիջելով ստացել է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում Ալիևի կողմից: Կադաստրի թղթից մինչև լեգիտիմ սահմաններ հայտնի եզրերով:

Բայց պարզագույն իրականությունն այն է, որ Փաշինյանը ստում էր: Իրականությունն այն է, որ Փաշինյանի ԱԳ նախարարը հերթական անգամ խոստովանում և արձանագրում է, որ Փաշինյանը, զիջելով ամենակարևորը, անզիջելին, Իլհամ Ալիևից ստացել է ոչինչ, որ Ալիևը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում անգամ Արցախից հետո:

Թուրքական պետական լրատվական գործակալությանը՝ Անադոլուին տված հարցազրույցում Միրզոյանը խոսել է նաև Ալիևի հետ բանակցային խնդիրների մասին: Միրզոյանը շեշտել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն. «այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը»:

Միրզոյանը նշել է, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հավելելով, որ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։

Միրզոյանի այս հայտարարությունը ուղիղ նշանակում է, որ Փաշինյանի գլխավոր պայմանավորվածությունը ձախողված է: Ստանալով այն, ինչ իրեն պետք է՝ Արցախը, Ալիևը հրաժարվում է Փաշինյանի հետ պայմանավորվածությունից: Եվ որքան էլ ողբերգական է, պետք է արձանագրել՝ այսպիսի վերջաբանի բոլոր հուշումները կային: Ավելին՝ բոլոր հուշումներն այն մասին էին, որ ամեն ինչ հենց այսպես էլ լինելու է: Եվ այն, ինչ հիմա փորձում է անել Փաշինյանը՝ դեպի Արևմուտք քայլերից, Ռուսաստանի հետ հարաբերությունները զոհաբերելուց մինչև հայ-թուրքական սահմանը բացել՝ ունենալու է ճիշտ նույն ձախողված վերջը: Որովհետև Փաշինյանի հետ պայմանավորվածությունները հարգել թուրք-ադրբեջանական կողմը չի պատրաստվում: Թուրքիան և Ադրբեջանը հարգում են այլ գործոններ, պայմանավորվում են այլ ուժերի հետ:

Իսկ Փաշինյանը, անվերջ ձախողումները արձանագրելուց հետո գործնական պատասխանատվություն ստանձնելու փոխարեն շարունակում է ավելի լայն բացել պանդորայի արկղը, և հիմա փուլ առ փուլ այդ արկղից դուրս են գալիս նոր վտանգներ: Այս իրավիճակում գլխավոր հաղթաթուղթը կորցրած ու թուրքական ճանկերում հայտնված Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է, և ողբերգականն այն է, որ այդ օղակը նաև Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շուրջ է: Դեռ:

Անի Ավետյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Հետևեք մեզ նաև Telegram-ում