Իշխող ուժի ներսում շարունակվում է հիասթափությունն ու անվստահությունը միմյանց նկատմամբ․ առավոտյան մամուլը Times.am-ում

Իշխող ուժի ներսում շարունակվում է հիասթափությունն ու անվստահությունը միմյանց նկատմամբ․ առավոտյան մամուլը Times.am-ում

Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում, խորանում է պառակտվածությունը․ հիասթափության նոր թիրախն Արարատ Միրզոյանն է․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» թերթը գրում է. «Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է առաջացրել արցախյան քաղաքական շրջանակներում։ Նրանք կարծում են, որ Ալիեւի ռեժիմը` սպառնալիքների ներքո, նրան պարտադրել է հայտարարություններ անել, որոնք կարող են ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։

Օրինակ, պաշտոնական Բաքուն, Արցախի նախկին նախագահի որոշ խոսքերի հիման վրա, կարող է փորձել, որ Հայաստանն ագրեսոր ճանաչվի՝ որպես արցախյան պատերազմների եւ հողեր ազատագրելու պատասխանատու։

Նշենք, որ հարցազրույցի անոնսը տարածվել է մի քանի օր առաջ, հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրվի մարտի 28-ին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս հունվարի 10-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչապետի հանձնարարությամբ։ Խոսքը մասնավորապես այն «դուշի» մասին էր, որը Նիկոլը հայտնաբերել էր ՝հանձնարարելով արագ պարզել գնի խնդիրն ու զեկուցել:

Հայտարարությունից երկու ամիս է անցել, ի՞նչ է պարզվել ուսումնասիրության արդյունքում, փորձել ենք հետաքրքրվել ՊՎԾ-ից, որտեղից տեղեկացրին, որ ուսումնասիրությունները դեռեւս ընթանում են, եւ որ այն ավարտվելուն պես կրկին ՊՎԾ-ն հանդես կգա հայտարարությամբ.
-Ուսումնասիրություններն արվում են պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, դրանց նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության ու արդյունավետության վերահսկողության նպատակով։

Ըստ կառավարության՝ ուսումնասիրության ենթակա են Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի տիպային նոր շենքը, Արմավիրի Ջրառատի ծանրամարտի նոր մարզադահլիճը, Ջանֆիդայի «Է. Դաշտոյանի անվ. Միջնակարգ դպրոցի» նոր մարզադահլիճը, Լոռու մարզի Վանաձորի «Ծովակալ Իսակովի անվ. Թիվ 23 հիմնական դպրոցի» նոր մարզադահլիճը, Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ում Նիկոլ Փաշինյանի հրամանով ԱԱԾ-ն ՀՀ-ում անցանկալի անձ էր ճանաչել, պատմել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած վերջին այցի ժամանակ Մակրոնի, իր եւ Փաշինյանի միջեւ խոսակցություն է եղել, եւ վերջինս Մուրադ Փափազյանին խոստացել է, թե ԱԱԾ-ին կասի, որ չբողոքարկեն վարչական դատարանի վճիռը, որը հօգուտ Փափազյանի է կայացվել։ Վարչական դատարանը բավարարել էր Մուրադ Փափազյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի եւ պարտադրել վերացնել պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին որոշումը։ Նույնկերպ վարչական դատարանը բավարարել էր նաեւ սփյուռքահայ դաշնակցականներ՝ հայր եւ դուստր Մասիս եւ Սյունե Աբրահամյանների հայցադիմումները։

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ հարցնելով, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել հօգուտ Փափազյանի կայացված վճիռը, որպեսզի հասկանայինք՝ ԱԱԾ-ն կատարե՞լ է Փաշինյանի հրահանգը, թե՞ ոչ։ ԱԱԾ-ից այնպիսի պատասխան ենք ստացել, որը վկայում է, որ ԱԱԾ-ն հենց Փաշինյանի հրահանգներն է կատարում։ Այս պարզ ու անմեղ հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասել են, թե մեր պահանջած տեղեկությունը Մուրադ Փափազյանի անձնական կյանքին է վերաբերում, ուստի «չեն կարող պատասխանել»։ Փափազյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան ասաց, որ ԱԱԾ-ն Փափազյանի օգտին կայացված վճիռը չի բողոքարկել, բայց բողոքարկել է Սյունե եւ Մասիս Աբրահամյանների օգտին կայացված վճիռները, թեեւ ԱԱԾ-ն բոլորի գործերով էլ դատարան ոչ մի հիմք չէր ներկայացրել, եւ իրավիճակը միանման էր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը։ Մասնավորապես, նման վիճակում է հայտնվել Արցախի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, ու նրան «Զվարթնոց» օդանավակայանից հետ են ուղարկել եւ արգելել են հատել ՀՀ սահմանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ պատճառը կապված է կոնկրետ քրեական գործի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները ԱՀ խորհրդարանականներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին՝ հետաքրքրվելով, թե ով կարող էր նրան ստիպել հրաժարական տալ։

Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թեւի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները:

Այս տեղեկությունները փորձեցինք պարզել անձամբ Արցախի պատգամավոր Գեղամ Ստեփանյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում խոր հիասթափություն կա արտգործնախարար Արարատ Միրզոյանից, որին թիմում ոմանք դիտարկում էին որպես Փաշինյանին փոխարինող՝ իր ինքնուրույնության եւ սկզբունքների շնորհիվ։ Սակայն Միրզոյանը կուսակցական վերջին հավաքներին իր դիրքորոշումներով եւ պահվածքով հիասթափեցրել է ՔՊ-ականներին։

Մեր աղբյուրի պատմելով՝ Արարատ Միրզոյանն իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Փաշինյանի հետ եւ հակադրվելու փորձեր էլ չի անում՝ անգամ այն հարցերում, որոնց վերաբերյալ իր անհամաձայնությունը չի թաքցնում նեղ միջավայրում։ Պատմում են, որ, դիցուք, Միրզոյանն էլ է դեմ, որ Հայաստանն Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխի, առավել եւս՝ Անկախության հռչակագրին հղումը հանվի։
Տարեսկզբյան իր ասուլիսում նա զգուշորեն ակնարկել էր այդ մասին՝ պատասխանելով  հարցին, թե Սահմանադրությո՞ւնն է խաղաղության գործընթացի արգելակման պատճառը․ «Ամենեւին ոչ»: Սակայն ներքին քննարկումներում լռում է` վախենալով հակադրվել «առաջնորդին»։ Ի դեպ, ԱԳ նախարարն առաջիկա օրերին հյուրընկալվելու է ՔՊ խմբակցությունում՝ փակ հանդիպման ձեւաչափով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշները 2024 թվականի հունվարին ունեցել են հետեւյալ տեսքը՝ պակասուրդ՝ 68 մլդ դրամ, ծախսեր՝ 116 մլդ դրամ, եկամուտներ՝ 184 մլդ դրամ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ եկամուտները եւ պակասուրդը նվազել են, սակայն բարձրացել է ՀՀ պետական բյուջեի հաշվին ծախսերին հատկացվող ֆինանսական միջոցների սանդղակը գրեթե 23 միլիարդով։

Ահա թե որն է պատճառը՝ ինչու են Հարկային օրենսգրքում փոփոխություններ արվում, բաց եւ թափանցիկ են դարձնում բանկային գաղտնիքը, որպեսզի հետեւեն բոլորի ֆինանսական ելքերին եւ մուտքեին։

Ահա թե ինչու է պետությունը հարկում նույնիսկ փողոցով անցնողին, որպեսզի հոգա պետության աստղաբաշխական եւ անհիմն ծախսերը, որոնք հաճախ «պոզով-պոչով» կոռուպցիայի աղբյուր են դառնում։

Ստացվում է, որ քաղաքացուն «տուգանքի մատերիալ» սարքող իշխանության նպատակն է հարկել հպարտ քաղաքացուն եւ հոգալ իրենց բարեկեցության ծախսերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Արցախի խորհրդարանի կատարած փոփոխությանը, համաձայն որի՝ այն արցախցիները, ովքեր ուզում են այսօր ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան վերցնել: Հատկապես որ ոմանք չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ շարունակել կուտակել կենսաթոշակային ֆոնդերում, որ «արժանապատիվ ծերություն» ունենան: Գրել էինք, որ պատկան կառույցը՝ ԿԲ-ն, որը պետք է կազմակերպեր այդ գործընթացը, ձեռքերը լվացել է։ Մեր հարցին էլ պատասխանել էին, թե խնդիրն իրենց իրավասության տիրույթում չէ։

Տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավը դիմել է ԿԲ-ին` առաջարկելով կարգ մշակել, որով կվերադարձնեն արցախցիների գումարները՝ 2019-23 թթ․ կուտակած։ ԿԲ-ն պատասխանել է, որ կառավարության հետ պետք է համաձայնեցնի հարցը, եւ դիմել է արցախցիների հարցերով զբաղվող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:

Օրեր անց ստացել են պատասխան, որ այդ հարցով շրջաբերական է ուղարկվել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, եւ մեծամասնությունը կողմ չէ այդ գործընթացին։ Մենք օրերս խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին, որը հասցեագրվել է ֆինանսների նախարարությանը։ Հուսանք, որ պատասխանում կներկայացնեն մերժման պատճառները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում