ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամի չափով
Նմանատիպ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 20 միլիոն դրամի չափով տուգանք։
ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշումը միաձայն ընդունվել է հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում։
Ինչպես նշվել է օրակարգային հարցի քննարկմանը՝ հանձնաժողովն իրականացրել է 2023 թվականի 1-ին և 3-րդ եռամսյակների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում չեն պահպանվել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով (կանոններ) սահմանված ժամկետները։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը` հանձնաժողովը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` վերոնշյալ պահանջների հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։
ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, ով ներկա էր հանձնաժողովի նիստին, պարզաբանել է, որ միացումների ուշացումները պայմանավորված են եղել նաև միացումների թվի աննախադեպ աճով։
«Ընդհանուր առմամբ՝ ընդունելի ենք համարում որոշմամբ ներկայացված այս տվյալները։ Ուշացումների հիմնական պատճառը աննախադեպ աճն է։ Եթե նախորդ տարիներին մենք յուրաքանչյուր տարի ունենում էինք միացումներ միջինում 5-6 հազար բաժանորդ, հիմա կոնկրետ 2023 թվականին ունեցել ենք 14 հազար 500 միացում»,-ասել է Հարությունյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում