Ըստ Բաքվի՝ Եվրախորհրդարանի բանաձևը երկակի ստանդարտների կիրառում է Ադրբեջանի հանդեպ

Ըստ Բաքվի՝ Եվրախորհրդարանի բանաձևը երկակի ստանդարտների կիրառում է Ադրբեջանի հանդեպ

Պաշտոնական Բաքուն դժգոհություններ է հայտնել Եվրախորհրդարանի երեկվա՝ մարտի 12-ի բանաձևից։ Այս մասին հայտնում է ԱՊՊ գործակալությունը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի «Եվրամիության և Հայաստանի միջև սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը «ոչ միայն անհիմն է և կողմնակալ, այլև Ադրբեջանի նկատմամբ հերթական երկակի ստանդարտների վառ օրինակն է»։

Ըստ Բաքվի՝ նման բանաձևը Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ է, որում բոլոր փաստերը կեղծված են։

«Եվրախորհրդարանի անդամներին հայտնում ենք, որ նման բանաձևերը ի սպառ զրոյացնում են Եվրախորհրդարանի դերն ու նշանակությունը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 12-ին, Եվրախորհրդարանում քվեարկության էր դրվել ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը։

Փաստաթղթի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը. «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալով և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»:

Պատգամավորները կոչ են արել Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին և Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջև շփումների, ոլորտային ինտեգրման ոլորտներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում