Ադրբեջանի հետ բանակցություններում շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
Նմանատիպ
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, այսօր՝ մարտի 15-ին, ներկայացրել է 2023 թվականի կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի հարաբերություններին վերաբերող հատվածը։
«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է առանցքային ուղղություններից մեկը։ ՀՀ կառուցողական ջանքերը՝ տարածաշրջանում երկարատեւ կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ, նպատակը շարունակել է մնալ նույնը։ Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ հիշատակել սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվել ենք եւ այսօր էլ առաջնորդվում ենք՝ այդ խաղաղության շուրջ բանակցելիս։
Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլեւ շահագրգռված ենք տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։ Մենք ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման, իհարկե, ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որեւէ կերպ չի կարող սահմանափակվել՝ արդարորեն ակնկալելով, որ այդ հեշտացումները, որոնք մենք պատրաստ ենք անելու, պետք է փոխադարձվեն մյուս հարեւան երկրների կողմից նույնպես»,-ասել է Միրզոյանը։
Ըստ ԱԳ նախարարի՝ խաղաղության պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ առաջընթաց հնարավոր է եղել ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինաբար բանտարկված մեր հայրենակիցներին, նշելով, որ այս պահին Բաքվում անազատության մեջ է պահվում 23 մարդ և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքները։
«Հումանիտար հարցերով առաջընթաց ենք ունեցել, Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարության արդյունքում 32 հայ ռազմագերի ազատ արձակվեց, մեր կողմից՝ 2-ը։ Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», – հավելել է Միրզոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում