Արարատ Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները հարթել թիմակիցների հետ, բայց չի հաջողվել հաղթահարել վախերը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Արարատ Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները հարթել թիմակիցների հետ, բայց չի հաջողվել հաղթահարել վախերը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Իշխանությունները հակառուսական «կենտրոններին» հրահանգել են նոր թափով լոբբինգ անել ՀԱՊԿ-ից դուրս գալն ու թիրախավորել այն մարդկանց, որոնք կողմնակից են հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում ՀՀ իշխանությունների կողմից տարվող հակառուսական քաղաքականությունը նորանոր «երանգներ» է ստանում: Ի մասնավորի, ռուսական քաղաքական ու պաշտոնական շրջանակները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բավական կոշտ են տրամադրված՝ հնարավոր հետևանքների «ուրվագծերով», ինչի մասին, բնականաբար, հիանալի տեղյակ է նաև վերջինս: Ըստ այդմ, նա փորձում է իրականացնել «կոնտր»-քայլեր, այդ թվում՝ փորձելով հայկական քաղաքական ներկապնակում պրոռուսական ուժերին ու գործիչներին հնարավոր բոլոր տարբերակներով «փչացնել»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանում գործող հակառուսական «կենտրոններին» նոր հանձնարարական է իջել՝ իրենց կողմից վերահսկվող տեղեկատվական հարթակներով ոչ միայն լոբբինգ անել ՀԱՊԿ-ից դուրս գալը և Հայաստանի ու Արցախի հետ կապված բոլոր դժբախտությունները կապել Մոսկվայի հետ, այլ նաև թիրախավորել այն մարդկանց, որոնք հայռուսական հարաբերություններում «անվտանգության բարձիկի» որոշակի դերակատարություն ունեն, այսինքն՝ իրենց կապերով կարողանում են որոշակիորեն մեղմել ՌԴ իշխանական վերնախավում տիրող տրամադրությունները՝ հստակ իրականացնել Հայաստանի դեմ այնպիսի գործողություններ, որոնց հետևանքները կկրեն ոչ միայն իշխանությունները, այլ նաև երկիրը։

Ի թիվս այլ անձանց, թիրախի կենտրոնում է հայտնվել նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը վերջին տարիներին ՌԴ-ում բավական բարձր պաշտոններ է զբաղեցնում ու իր ունեցած կապերի շնորհիվ կարողանում է իրականացնել այդ գործառույթը։ Հակառուսական կենտրոններին հրահանգվել է պարբերաբար հրապարակել նրա անվան հետ կապված նախկին այնպիսի պատմություններ, որոնց մասին անգամ Փաշինյանի իշխանության օրոք կան դատական վճիռներ առ այն, որ նա կապ չունի։ Այս մեթոդով խնդիր է դրվել «կտրել» Երևանի ու Մոսկվայի միջև լարվածության թուլացման վերջին կենտրոններն ու երկիրը տանել ուղիղ առճակատման ՌԴ-ի հետ։»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում։ Մասնավորապես, դատական համակարգում կարծիքներ են հնչել, որ իր թեկնածությունը առաջադրի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգը վերջինիս հնարավոր առաջադրումը դրական է ընդունել, բայց դեռ վերջնական որոշում չկա։

Հիշեցնենք՝ քանի որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, ԱԺ-ում բոյկոտեց ՍԴ դատավորի պաշտոնում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությունը, դատավորները էլի պետք է հավաքվեն, կրկին պիտի ՍԴ դատավորի թեկնածու ընտրեն եւ ուղարկեն ԱԺ-ի հաստատմանը: Դատական համակարգում ակտիվ քննարկում են, թե ում ընտրեն, որ ՔՊ-ի սրտով լինի:

Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի հանձնվում եւ ամեն գնով իր թեկնածուին է առաջ տանելու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, կրկին առաջադրվի, որին դատավորները մի անգամ արդեն մերժել էին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակը» գրում է. «Երկրորդ նախագահի որդուն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լեւոն Քոչարյանին, երեկ հարցրինք՝ ճի՞շտ են արդյոք լուրերը, թե մտադիր եք կուսակցություն բացել, որը կղեկավարեք ինքներդ։ Քոչարյանը, որ շտապում էր, լակոնիկ պատասխանեց․ «Ճիշտ չեն»։

Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել հաջորդ ընտրությունների ժամանակ՝ արդյո՞ք Դաշնակցության հետ եք մասնակցելու, հատկապես որ վերջին ամիսներին հենց ՀՅԴ-ականների հետ եք մարզային այցելություններ իրականացնում, իսկ առանձին կուսակցություն չունեք։

«Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման»,- ասաց Քոչարյանը եւ հեռացավ»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամսվա վերջին Երևանում նախատեսվում է անցկացնել «ԲՐԻՔՍ-Հայաստան» համաժողով, որին մասնակցելու են պատկառելի թվով ներկայացուցիչներ ԲՐԻՔՍ-ի անդամ երկրներից, մասնավորաբար՝ Ռուսաստանից, Չինաստանից, Հնդկաստանից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս համաժողովը նախաձեռնել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ Մհեր Ավետիսյանը: Ի դեպ, նրա ֆեյսբուքյան էջում արված հրապարակումներն, ըստ էության, հաստատում են մեր ունեցած տեղեկությունները. ի մասնավորի, նա հրապարակել է մի քանի նկար, որոնցից պարզ է դառնում, որ այս օրերին Ավետիսյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում ռուսաստանյան հայտնի գործարար, հասարակական ու գիտական, հատկապես տնտեսագիտական շրջանակների հետ՝ քննարկումներ ծավալելով «ԲՐԻՔՍ-Հայաստան» համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված: Ի դեպ, մեր տեղեկություններով, Ավետիսյանը բավական «պահանջված» անձ է ռուսաստանյան լրատվամիջոցների համար:

Ի մասնավորի, օրերս նա հարցազրույց է տվել հայտնի հաղորդավար, քաղաքագետ Դմիտրի Սուսլովին, որի ժամանակ անդրադարձ է եղել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, Ռուսաստանում ապրող և աշխատող հայ մեծահարուստներին և այլն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հաջորդ շաբաթ փակ նիստ կանեն: Ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գնալու Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի մյուս անդամները:

Վարչապետն ու նախարարները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ԱԺ նիստերից առաջ՝ երկուշաբթի օրը, ՔՊ խմբակցությունը փակ նիստ կանի: Իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է. պատրաստվում են, որպեսզի պատշաճ դիմավորեն ու ճանապարհեն Փաշինյանին:

Ահա երկուշաբթի օրը եւս մեկ անգամ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն, որպեսզի, այսպես ասած, դերաբաշխում անեն ու նախապես որոշեն, թե որ պատգամավորը ինչ հարց պետք է ուղղի Փաշինյանին, ինչ ելույթ պետք է ունենա, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարների կողմից համապատասխան ցուցումներ ստանան:

Բանն այն է, որ ամեն անգամ Փաշինյանի՝ խորհրդարան գնալը իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է առաջացնում. եթե, օրինակ, սովորական նիստերի ժամանակ նրանց մեծ մասը գալիս, գրանցում ու դուրս է գալիս նիստերից, ապա Փաշինյանի գալու դեպքում միայն ու միայն ընդմիջումների ժամանակ է թույլատրվում դուրս գալ դալիճից:

Իսկ նիստի ժամանակ Փաշինյանին կարելի է ուղղել միայն նախապես մշակված ու սերտած հարցեր, որոնք նախապես բաժանվում են պատգամավորներին, եւ որոնց արդեն պատրաստ է Փաշինյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակը» գրում է. «Պետության թիվ մեկ դիվանագետը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, երեկ խորհրդարանում կառավարության ծրագրի անցած տարվա հաշվետվությունը ներկայացնում էր անվտանգության ծառայության ուժեղացված հսկողության ներքո։ Նա խորհրդարան էր եկել մի քանի թիկնապահով, որոնցից մեկը քննարկման սենյակի ներսում էր հսկողություն իրականացնում, երկուսը՝ դռան մոտ։ Ընդ որում՝ սենյակ մուտք գործող լրագրողներից, չգիտես ինչու, պահանջում էին հանել եւ դրսում թողնել անգամ բաճկոնները, նոր ներս մտնել։

Միրզոյանը թերեւս չի հաղթահարում 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերվա վախերը։ Իսկ քննարկման կեսին, երբ ընդդիմադիրների հետ երկխոսությունը թեթեւ լեզվակռվի վերածվեց, եւ ձայները մի փոքր բարձրացան, ԱԺ անվտանգության որոշ աշխատակիցներ վազքով մոտեցան հանձնաժողովի սենյակին, որ շեֆին պաշտպանեն կին ընդդիմադիր պատգամավորներից»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հարաբերությունները տեւական լարվածությունից հետո կարգավորվել են:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, երեկ Արարատ Միրզոյանը գնացել էր խորհրդարան՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորները, ի տարբերություն նախորդ անգամների, բավականին լավ են ընդունել Միրզոյանին, նրա հետ զրուցել, հարցեր են քննարկել՝ առանց քամահրանքի ու ագրեսիայի:

Այսինքն՝ Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ, ու նախկին լարվածությունն այլեւս չկա:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում