Հայաստանում սկսել են սկաֆանդրներ և ռոբոտներ փորձարկել

Հայաստանում սկսել են սկաֆանդրներ և ռոբոտներ փորձարկել

Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի հետազոտողները ձեռնամուխ են եղել ռոբոտների և սկաֆանդրների փորձարկմանը՝ դեպի Մարս ապագա հնարավոր թռիչքների համար։ Հետազոտությունն անցկացվում է Հայաստանի Արմաշ գյուղի մոտակայքում, քանի որ, մասնագետների կարծիքով, երկրի տեղագրությունը հիշեցնում է Մարսի ռելիեֆը։ Այս մասին գրում է Sputnik Armenia գործակալությունը՝ հղվելով Bild-ին։

Նշվում է, որ 2 կին և 4 տղամարդ բացարձակ մեկուսացման պայմաններում գործարկելու են ռոբոտներին և փորձարկելու նոր սկաֆանդրները, որոնք նախատեսված են Մարսի եղանակի համար (որտեղ ջերմաստիճանը տատանվում է -133-ից մինչև +27 աստիճան)։

Վեց «անալոգային տիեզերագնացները» կստուգեն սարքավորումը՝ Մարսի վրա կյանքի հետքեր հայտնաբերելու համար, ինչպես նաև Հայաստանում կփորձարկեն ռոբոտներին, որոնք կստեղծեն տարածաշրջանի 3D քարտեզը, հողի նմուշներ կվերցնեն և կտեղափոխեն ծանր բեռներ։

Թեստավորմանը մասնակցող հետազոտողները մշտական կապի մեջ են կառավարման կայանի հետ, որը ստեղծվել է Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) և Հայկական տիեզերական գործակալության մասնակցությամբ։

Ռադիոփոխանակման մեջ արհեստականորեն ներառվել է մոտ 10 րոպե ուշացում, դա համապատասխանում է Երկրի և Մարսի միջև ազդանշանի հետաձգմանը։

Հետազոտողների խումբը կաշխատի Հայաստանում մինչև ապրիլի սկիզբ։ Նախագծին մասնակցում է ավելի քան 200 գիտնական 26 երկրից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում