Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել ԱԺ-ում, որ հետը Փարիզ տանի․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել ԱԺ-ում, որ հետը Փարիզ տանի․ առավոտյան մամուլը Times.am-ում

Պարզվում է Նիկոլ Փաշինյանը հարկատուներին հռչակել է Հայաստանի թիվ մեկ հերոսը, որպեսզի նրանց հաշվին ՆԳՆ-ն գնի շուրջ 11 միլիոն դրամի ժամացույց, ԱԺ-ն՝ շուրջ 5 միլիոն դրամի օրացույց, իսկ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հավաքված գումարները բաժանի յուրայիններին որպես աշխատավարձ ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել, որոնցից 45 հատից յուրաքանչյուրն արժե 114 հազար 540 դրամ, իսկ 44-ից յուրաքանչյուրը` 128 հազար դրամ։ Ժամացույցների համար ընդհանուր վճարվել է 10 մլն 786 հազար դրամ։ Նկարագրությունից տեղեկանում ենք, որ ժամացույցները որպես պարգեւ տալու համար են նախատեսված:

Դրանք 925 հարգի արծաթից են, նաեւ բարձր հարգի ոսկով են պատված, մեխանիկական են, ապակին՝ շափյուղա, գոտին՝ բնական կաշի, իսկ վրան փորագրված է՝ «ՀՀ ՆԳ նախարարի կողմից»։ Նման նվեր-ժամացույցներ շնորհում է նաեւ ՀՀ վարչապետը»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Շիրակի մարզ:

Նախնական մարզային այցի օր նշանակված է շաբաթ՝ մարտի 23-ը:

Ավելին՝ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Փաշինյանի այցին հնարավոր է նաեւ հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Փաշինյանը մտադիր է ամեն գնով Շիրակի մարզպետ նշանակել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին:

Եւ, ահա, Մուշեղ Մուրադյանի հնարավոր պաշտոնանկությունից հետո Շիրակի մարզպետ կդառնա վարչապետի տիկնոջ ազգականը»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով: Ժամանակը ցույց տվեց, որ նրանք իրավացի էին: Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները անընդհատ հայտարարում են, թե «փողի խնդիր չունեն»: Իրականում ստացվում է, որ լրիվ հակառակն է: Պետք է հաշվի առնել, որ հարկերն ու տուրքերն ավելացնելը, նոր հարկատեսակներ մոգոնելը, հարկման շրջանակներն ընդլայնելը «ոչ պոպուլ յար» քայլեր են, որոնք, բնականաբար, հարվածում են իշխանությունների՝ առանց այդ էլ գերցածր վարկանիշին: Արդյոք տնտեսության իրական վիճակն այնքան վա՞տ է, որ նույնիսկ գիտակցելով նշվածը՝ իշխանությունները գնում են նման քայլերի: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իրավիճակը նկարագրում է պարզ օրինակով:

«Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի տեղ աշխատենք, կա՛մ մեկ վայրի աշխատավարձը բարձրանա: Մի քանի տեղ աշխատելու հնարավորությունը սովորական մարդու համար շատ դեպքերում ժամանակի անբավարարություն է ենթադրում: Պետության պարագայում դա ենթադրում է արտադրական հնարավորություններ: Նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վաճառված, այդ թվում՝ արտահանված արտադրանքի ավելացում նախատեսո՞ւմ ենք, թե՞ ոչ: Նայում ենք ցուցանիշներին և տեսնում՝ սննդի արդյունաբերություն՝ նվազում, խմիչքի արտադրություն՝ նվազում, դեղագործական հիմնական արտադրություն՝ նվազում և այլն:

Եթե արտադրանքը քանակապես նվազում է, ապա մնում է Արևմուտքից ներմուծում և Ռուսաստանին կամ հակառակ ուղղություններով ապրանքների վաճառքը, այդ դեպքում էլ ընդունեցին երկու տեսակ որոշում՝ տրանսպորտային միջոցների և երկակի նշանակության ապրանքների վերարտահանման արգելքը՝ այսպիսով արհեստական խոչընդոտ ստեղծելով: Հետևաբար, մնում է մեր ունեցած եկամուտների, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնական սպառումից ավելի շատ հարկերի հավաքագրումը: Սրան պետք է հաջորդի գնաճը, այսինքն՝ պետք է կա՛մ գները բարձրացնեն, որ նույն դրույքաչափերով ավելի շատ հարկ հավաքեն, կա՛մ պետք է հարկի դրույքաչափը բարձրացնեն, որ նույն եկամուտից ավելի շատ հարկ հավաքեն: Սրանք երկու ճանապարհով էլ գնացին:

2024 թ.-ի մեկնարկից անցել է 2,5 ամիս: Կառավարության ղեկավարը կառավարության նիստին խոսեց ջրի սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին, թե՝ սա ինչ ցածր թվեր են, այնուհետև տրանսպորտի գնի վերանայում, տրանսպորտի գնի բարձրացումը ենթադրում է նաև ավելի շատ հարկեր, այնուհետև կարմիր գծերի, հետագայում՝ փաստաբանական, բրոքերական ծառայությունների գների բարձրացում, պետբյուջեի օրենքի մեջ նախատեսել են կրթության, գիտության և առողջապահության՝ ավելացված արժեքի հարկով հարկում, ինչը նշանակում է 20 տոկոսով այդ ոլորտների սակագների բարձրացում: Ապագայում դեռ ականատես կլինենք բազմաթիվ նման նախաձեռնությունների, որովհետև 340 մլրդ դրամով բյուջեի ավելացումն ուղղակի հնարավոր չէ կատարել արտադրության նվազման պարագայում»,-եզրափակում է Սարգսյանը:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի առաջին եռամսյակի գնումները՝ նկատում ենք, որ խորհրդարանը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել ՀՀ Ազգային ժողովի 2024 թվականի կարիքների համար օրացույցներ։ Ազգային ժողովը կնքել է 2 նմանատիպ պայմանագիր, որոնցից մեկը 3 մլն 239 հազար դրամ արժե, իսկ մյուսը՝ 1 մլն 626 հազար դրամ։

Ազգային ժողովն իր կարիքների համար շատ է նմանատիպ անհիմն գնումներ իրականացնում։ Պարզաբանենք՝ ինչպես։ 3 մլն 239 հազար դրամի ձեռք է բերվել աշխատանքային օրագիր եւ սեղանի օրացույց։ Ըստ պայմանագրի բնութագրի եւ պայմանագրի պահանջի՝ օրագրերը եւ օրացույցները պետք է լինեն ՀՀ ԱԺ լոգոյի տպագրությամբ կամ դաջվածքով: Յուրաքանչյուր էջի վերին հատվածի աջ եւ ձախ կողմերում պետք է տպագրված լինի ՀՀ ԱԺ լոգոն՝հայերեն-անգլերեն լեզուներով, ինչպես նաեւ ամիս, օր, շաբաթվա օրեր գրառումերը, էջերը պետք է լինեն համարակալմամբ (էջի ներքեւի հատվածի մեջտեղում): Օրագրի 1-ին էջի վրա պետք է տպագրված լինի ՀՀ ԱԺ լոգոն՝ հայերեն, անգլերեն լեզուներով , եւ գրառումը, ինչպես նաեւ 2-րդ էջը պետք է լինի դատարկ՝ առանց տպագրության, 3-րդ էջի վրա հայերեն, անգլերեն լեզուներով պետք է տպագրված լինի՝ անձնական տվյալների լրացման դաշտ, 4-րդ էջում՝ 2024 թվականի օրացույցի, իսկ 5-րդ էջում՝ 2025 թվականի օրացույցի տպագրությամբ՝ նիստերի օրերին համապատասխան վանդակները մոխրագույն երանգավորված: Գնվել է 1200 օրագիր եւ օրացույց, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 2 799 դրամ եւ 2 199 դրամ։ Այս պայմանագիրը կնքվել էր «ԷԼ ԸՆԴ ԷՎ» ՍՊԸ-ի հետ, սակայն մեկ այլ պայմանագիր, որով կրկին օրացույցներ են գնվել, ձեռք է բերվել անհատ ձեռներեցից։

Նշված պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 626 հազար դրամ, որը ծախսվել է 2024 թվականի համար նախատեսված եռափեղկ կամ եռամսյա օրացույց ձեռք բերելու համար։ Նշված օրացույցից ձեռք է բերվել 570 հատ, որի մեկ հատի արժեքը կազմել է 2 058 դրամ։ Նույն պայմանագրով ձեռք է բերվել նաեւ 2024 թվականի համար նախատեսված օրացույց՝ տնակաձեւ։ Նշված օրացույցից ձեռք է բերվել 500 հատ, որի արժեքը կազմել է 905 դրամ։

Ստացվում է, որ Ազգային ժողովը պատրաստ է եւ՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, եւ՛ օրացույցների եւ օրագրերի համար, սակայն որն է տրամաբանությունը, պարզ չէ»»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարդկությանը հայտնի բոլոր բարեգործական հիմնադրամների շնորհները ուղղվում են տարբեր կարիքավոր անձանց եւ ոլորտներ։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277,5 միլիոն դրամ շնորհներից ստացված եկամտի կեսից ավելին` 147.5 միլիոն դրամը, աշխատավարձի, գործուղման եւ այլ ծախսերի տեսքով ուղղվել է վարչական ծախսերին (կազմակերպության 2022թ. հաշվետվություն), այսինքն՝ հենց իրենց։
Հիրավի խելացի մտածված սխեմա է` ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ՝ բարեգործականի անվան տակ կորզել գումարներ` ապա դրանց «անմեղ» ձեւով տիրանալ` ստանալով որպես աշխատավարձ։

277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավ են իրականացնում եւ հաջողել են ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ գեներացնելու առումով, սակայն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր։

Դիցուք, «ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» 1997 թ. ստորագրված եւ մեկ տարի անց ուժի մեջ մտած պայմանագրի ժամկետը լրանում էր անցած տարի․ այն կնքվել էր 25 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ, որից օգտվել են ՀՀ իշխանությունները։
Ըստ պայմանագրում ամրագրված դրույթի՝ «Սույն Պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով եւ ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հաջորդ տասնամյա ժամանակաշրջանով, եթե Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան դրա գործողության համապատասխան ժամանակաշրջանը լրանալուց մեկ տարի առաջ գրավոր չծանուցի մյուս Բարձր պայմանավորվող կողմին Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին»:

ՀՀ իշխանությունները չեն դիմել, ուստի ժամկետն ինքնաբերաբար եւս 10 տարով երկարացվել է։ Այն դեպքում, երբ դեռեւս 2021-ից ՀՀ իշխանության տարբեր պաշտոնյաներ դժգոհում են, որ ՌԴ-ն հավատարիմ չէ ՀՀ-ի հետ ստորագրած միջպետական պայմանագրերին եւ չի աջակցում Հայաստանին։ Մասնավորապես ԱԽՔ Արմեն Գրիգորյանը դեռ 2021-ին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ոտնձգություննների առիթով քանիցս կոչով դիմել է ՌԴ-ին՝ հիշեցնելով 1997 թ. պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտավորության մասին»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, «հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ»։ Սակայն «բնակիչների հետ» բառակապակցությունը, «Փաստ» թերթի տեղեկություններով, մեղմ ասած, չափազանցված է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե այցելել է գյուղեր, շրջել ու զրուցել մարդկանց հետ, ինչպես սիրում էր անել ժամանակին, այլ ունեցել է դահլիճային փակ հանդիպում (նույնը՝ Կիրանցում), որին ներկա են եղել համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, քպական ակտիվը ու ևս մի քանի «ընտրյալներ», որոնց ցանկը կազմվել է նախապես՝ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:

Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ Փաշինյանին, չի եղել: Ավելին, մինչև վերջին պահը Նիկոլ Փաշինյանի այցը գաղտնի էր պահվում, իսկ լրատվամիջոցների հարցին կառավարությունից պատասխանում էին, թե «վարչապետի այցերի մասին մենք միշտ ժամանակին տեղեկացնում ենք»: Մեր ունեցած տեղեկություններով, բնակիչների անունից խոսել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա բավական կոշտ ելույթ է ունեցել, նշել է, որ ադրբեջանցիները Հայաստանից բավական տարածքներ են օկուպացրել, բայց դրանց մասին խոսք անգամ չկա, այնինչ խոսվում է Ադրբեջանի պահանջը կատարելու պատրաստակամության մասին՝ Տավուշի մարզի տարածքների հետ կապված:

Աղաբաբյանը, մեր տեղեկություններով, ասել է, որ այդ տարածքների հանձնումը նախ՝ անկլավ կդարձնի հենց Ոսկեպար ու Բաղանիս գյուղերը, երկրորդ՝ վտանգի տակ կդնի ռազմավարական նշանակության ճանապարհը, ինչի հետևանքով ոչ միայն խնդրահարույց կդառնա Վրաստանի հետ կապը այս հատվածում, այլև լրջորեն կվնասի հենց Նոյեմբերյանին, որտեղից մարդիկ պարզապես կհեռանան: Մեր զրուցակցի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը «շատ ուշադիր լսել է», հետո ինչոր անորոշ բաներ է խոսել, ի մասնավորի՝ «կուսումնասիրենք», «հանձնաժողով կստեղծենք» և այլն, վախեցրել է պատերազմով, ապա հեռացել է առանց կոնկրետ բան ասելու: Ընդ որում, մեր տեղեկություններով, նա ավելի շուտ է թողել-հեռացել, քան նախատեսվում էր, ավելին, ականատեսների խոսքերով, բավական այլայլված է եղել ու նեղված՝ նույնիսկ «ընտրովի» հանդիպման ժամանակ սառն ու անբարյացակամ վերաբերմունքից:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ Փարիզ տանի: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել:

Մինչ մանրամասներին անդրադառնալը արձանագրենք, որ կոռուպցիան հետապնդում է Ալեն Սիմոնյանին: Նրա գործունեության շատ դրվագներում կան կոռուպցիայի դրսեւորման ցցուն օրինակներ, որպիսիք ինքը՝ Ալեն Սիմոնյանը, նախկինում քննադատում էր՝ համարելով անթույլատրելի:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանի կարիերայի փթթուն ժամանակահատվածն էր, նոր ԱԺ նախագահի պաշտոն էր ստացել, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միլիոնատեր քավորին ընդունել է ԱԺ-ում իր ենթակայությամբ աշխատանքի, ներգրավել աշխատանքային պատվիրակության կազմում, որոնք գործուղվել են Փարիզ։

Ուսումնասիրելով ԱԺ նախագահի կարգադրությունը՝ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, կարծես բոլորը Ազգային Ժողովի աշխատակիցներ են, որոնց մի մասի գործուղման ծախսերը հոգում է ՀՀ պետբյուջեն, մի մասն իրենց միջոցներով են մեկնել, սակայն շարքն ուսումնասիրելով՝ նկատեցինք, որ ցանկի վերջին տեղերում նշված է Էդգար Ավագյանի անունը, որը ներկայացված է Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ, իսկ կրտսեր մասնագետները գրեթե երբեք չեն մեկնում ԱԺ նախագահի հետ որեւէ երկիր։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերոնշյալ անձն Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է։ Այո՛, նույն Էդգար Ավագյանն է, որը Ծաղկաձոր քաղաքի «Պալլադա Ծաղկաձոր» բնակելի համալիրի սեփականատերերից է, «Ֆրինյուզ» հեռուստաընկերության սեփականատերը, որտեղ տնօրենն Ալեն Սիմոնյանի կինն է:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն, որտեղ պաշտոնապես հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները:

Պարզվեց, որ Ալեն Սիմոնյանի որդու քավորը՝ Էդգար Ավագյանը, իսկապես Ազգային ժողովում աշխատանքի է անցել 2021 նոյեմբերի 5-ին եւ այնտեղ աշխատել է գրեթե 3 ամիս՝ մինչեւ 2022 հունվարի 17-ը։

Ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը գտել է քավորի հետ իր ենթակայությամբ հեշտ ճանապարհորդելու եղանակը։ Տարօրինակն, իհարկե, նաեւ այն է, որ օլիգարխ ներկայացող Էդգար Ավագյանը համաձայնել է ԱԺ պատվիրակության կազմում Ֆրանսիա կամ այլ երկրներ մեկնել, որ ինքնաթիռի «տակից» հատուկ ավտոմեքենաներով դիմավորեն, տանեն բարձրակարգ հյուրանոց»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում