Ալեն Սիմոնյանի կինը նոր բիզնես է հիմնել․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ աղքատությունը ձեր գլխում է, ամենայն հավանականությամբ նկատի ուներ յուրայիններին, որովհետև եթե շարքային քաղաքացիների կյանքը էլ ավելի բարդացավ համատարած թանկացումների ֆոնին, ՔՊ-ականները նոր բիզնեսներ են հիմնում, իսկ իշխանամերձ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ն պետությունից միլիարդների պատվերներ է ստանում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Գյումրի, հավաքելու է բոլոր ՔՊ-ականներին եւ կուսակցական մեծ ժողով է անցկացնելու, գրում է «Հրապարակ»-ը։
«ՔՊ-ական վերնախավը «Շիրազ» ռեստորանում մեծ ճաշկերույթ է կազմակերպելու, որին կհաջորդի ՔՊ վարչության նիստը: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը պատրաստվում է գիշերել Գյումրիում»,- հայտնում է աղբյուրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ, կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Եղիազար Վարդանյանը։ ArmLur.am-ը գրել էր, որ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն էր եւ այդ պաշտոնը լքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր հունվարի 4-ից. հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ հանդերձարանի կախիչը պոկեց, դժգոհեց, Քաղշին նախագահ Արմեն Ղուլարյանն էլ կռացավ, վերցրեց կախիչը, այնուհետեւ ազատվեց պաշտոնից:
Եղիազար Վարդանյանի նշանակումը պատահական չէր. նա մինչ ռեկտոր լինելը լուրջ քաղաքաշինական գործունեությամբ է զբաղվել։ Մասնավորապես, նախկինում Վարդանյանը ունեցել է շինարարական ընկերություն եւ մասնակցել է յուղալի մրցույթների։ Վարդանյանը վայելում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորչությունը։
Հավելենք, որ արդեն նախկին ռեկտոր Եղիազար Վարդանյանը միջամտություն ունի նաեւ Ակադեմիական քաղաքի՝ կյանքի կոչման գործին։ Դեռ փետրվար ամսին կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որին, որպես ռեկտոր, մասնակցել է Վարդանյանը եւ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը։ Վարդանյանն այս հանդիպման ընթացքում նշել է. «Կարող ենք արդեն ճշգրտությամբ ասել, թե որքան ջուր, ոռոգում, գազ, էլեկտրաէներգիա է պահանջվում: Արդեն կարող ենք այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։
Վերջում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, անճարությունից է այս ընտրությունը կատարել՝ 3 ամիս անց համալսարանի ռեկտորին տեղափոխելով իր ենթակայության տակ գտնվող գերատեսչություն։ Մնում է տարակուսել՝ արդյոք Վարդանյանը կարդարացնի Փաշինյանի հույսերը»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 23-ին, այցելելու է Շիրակի մարզ, որը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ մարզպետ Մուշեղ Մուրադյանի համար։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանի այցից հետո մարզպետը կհեռանա պաշտոնից, եւ Շիրակի ղեկավարումը կհանձնվի վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի 28-ամյա ազգական Վահագն Մկրտչյանին։
Գործող մարզպետի հեռացման մասին դեռ ամիսներ առաջ էր խոսվում, սակայն ներկայում, ըստ ամենայնի, պարարտ հող է ստեղծվել` այն առումով, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, թե Շիրակի մարզպետի աշխատակազմում սկսվել են ձերբակալություններ, կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է մարզպետարանի 2 պաշտոնյա, մեկը՝ քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, որոշ տեղեկություններով՝ Վեդիի համայնքապետի խնամին՝ քրոջ սկեսրայրը։
Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում մասնակցելու է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում հիմնանորոգված լսարանների բացման արարողությանը»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օկուպացված Ստեփանակերտում այժմ մոտ 500 ադրբեջանցի է ապրում՝ հիմնականում զինվորականներ, քաղաքի աղբահանությամբ զբաղվողներ, շինարարներ, ոստիկաններ, որոնք հետեւում են քաղաքի մաքրությանը, քանի որ Ալիեւը սկսել է հաճախ պատվիրակություններ տանել Ստեփանակերտ, շրջայցեր կազմակերպել եւ այլն։ Արցախում մնացած մեր հայրենակիցները պատմում են, որ քաղաքում այս պահին 70 բնակարան է կարգի բերվում, որ ադրբեջանցի որոշ ընտանիքներ տեղափոխվեն իբր «իրենց տներ»։
Ստեփանակերտում արդեն խանութ է բացվել, բենզինի լցակայաններ են տեղադրվել: 1 լիտր բենզինը վաճառվում է Հայաստանի գներից կրկնակի էժան՝ 190-200 դրամին համարժեք ադրբեջանական մանաթով: Ստեփանակերտում մնացած արցախցիներից յուրաքանչյուրին Կարմիր խաչը 2 հարյուր դոլարին համարժեք գումար է ամսական տրամադրում, որ հոգան իրենց կարիքները:
Հիշեցնենք, որ ընդամենը 17-20 արցախցի է մնացել Ստեփանակերտում: Արցախի մայրաքաղաքում վերջին շրջանում ինտերնետ կապի խնդիր կա, եւ նրանք դժվարությամբ են կապվում Հայաստանում գտնվող ազգականների հետ»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները մտադիր են ինտենսիվ հանդիպումներ սկսել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, մեղմել նրանց զայրույթը:
Ինչպես հայտնի է, երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամկոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հերթական հրահանգը, այն է՝ պարբերաբար փակ հանդիպումներ անցկացնել բռնի տեղահանված արցախցիների հետ, զրուցել նրանց հետ:
Այսպիսով, ՔՊ-ականները Երեւանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաեւ մարզերում ինտենսիվորեն հանդիպումներ կունենան բռնի տեղահանված արցախցիների հետ:
Թե իրենց իշխանության օրոք իրենց տներից ու սեփականություններից զրկված արցախցիների հետ ինչ պետք է խոսեն ՔՊ-ականները, դժվար է ասել: Հրահանգը, սակայն, կա եւ պիտի իրագործվի»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2018 թվականին հիմնադրված «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից ՀՀ պետական իշխանության տարբեր մարմինները միլիարդների հասնող գնումներ են կատարել։ Մասնավորապես, այս ընկերությունից 2019 թ. մայիսի 21-ից մինչ օրս կատարվել է 33 գնում, որոնց ընդհանուր գումարը կազմում է 328 մլն 125 հազար դրամ։ Այս ՍՊԸ-ից գնումներ են կատարել գրեթե բոլոր պետական մարմինները՝ Ազգային ժողովը, նախարարությունները, բուհերը, ծառայությունները եւ այլն։ Վերջին գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը՝ փետրվարի 12-ին․ մոտ 19 միլիոն դրամով գնել են համակարգիչներ։
Ընկերությունը, փաստորեն, զբաղվում է համակարգչային, կենցաղային տեխնիկայի, պահեստամասերի վաճառքով։ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը ոմն Արամ Ալբերտի Ստեփանյանն է: Պարզվում է` Զինվորների ապահովագրության հիմնադրամին ամսական կտրվածքով այս ընկերությունը վճարում է ընդամենը 1500 դրամ, այստեղից ակնհայտ է դառնում, որ պետական մարմինների հետ այսպիսի խոշոր պայմանագրեր կնքող, մեծ վաճառք ունեցող ՍՊԸ-ն ընդամենը 1 գրանցված աշխատող ունի, թեեւ բոլորի համար էլ պարզ է, որ նույնիսկ հասարակ շաուրմայանոցը չի կարող 1 աշխատակցով գործել։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, բացի լրատվամիջոց ղեկավարելուց, նաեւ ունի սեփական բիզնեսը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի կինն իր սեփական կազմակերպությունն է հիմնել, որը համագործակցում է հայկական էստրադայի տարբեր ներկայացուցիչների հետ ու համերգներ կազմակերպում: Կազմակերպությունը, որի իրական շահառուն հենց ԱԺ նախագահի կինն է, կոչվում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»: Այն հիմնադրվել է 2019թ.-ին, ՍՊԸ-ն գրանցված է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոց, 72 շենք, 21 բնակարան հասցեում: Թեեւ Ալեն Սիմոնյանի կնոջ ՍՊԸ-ի գրանցման հասցեն նշված է Արամի փողոց, բայց, մեր տեղեկություններով, Մարիամ Մարգարյանն իր ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերության՝ Հերացի փողոցի վրա գտնվող գրասենյակին հարակից տարածքում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»-ի գործունեությունը ծավալում:
Ինչպես կազմակերպության գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, այն տարբեր միջոցառումների, համերգային ծրագրերի կազմակերպմամբ է զբաղվում: Մարիամ Մարգարյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք նաեւ, որ «ԷՖԷՄԷՖ գրուպ»-ում աշխատանքից նա մոտ 8 մլն դրամ շահույթ է ստանում տարեկան: Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք նաեւ Մարիամ Մարգարյանին. վերջինս ասաց. «Համատեղությամբ աշխատանք է, այո՛: «ԷՖԷՄԷՖ»-ը ակտիվ գործունեություն չի ծավալում, շատ ժամանակ չի խլում»:
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր նաեւ, որ ԱԺ նախագահի կնոջ տնօրինությամբ եւ քավոր Էդգար Ավագյանի ֆինանսավորմամբ գործող «Ֆրինյուզ»-ը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել էր 23,3 մլն ՀՀ դրամ, որը ավելի ուշ մարվեց՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտումներից բարձրացած աղմուկի ֆոնին»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթվ կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Միջոցառումը նախատեսված է մայիսի 8-ին։ Մեր աղբյուրը հստակ չասաց՝ Փաշինյանը մայիսի 9-ին կմասնակցի՞ Հաղթանակին նվիրված ամենամյա միջոցառումներին, բայց մեկ այլ աղբյուրից տեղեկացանք, որ նա որոշել է մի քանի ժամ մնալ Մոսկվայում, ասենք` առավոտյան մեկնել, երեկոյան` վերադառնալ։ Դատելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա ընթացքից, դա քիչ հավանական է։
Բանն այն է, որ Փաշինյանն ու իր թիմը միտումնավոր եւ ցուցադրաբար սրում են հայ-ռուսական հարաբերությունները: Վերջին դրվագը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ արված հակառուսական հայտարարություններն էին։
Իշխանական շրջանակներն էլ հրապարակային տարածում են այն թեզը, թե ՌԴ-ն դրդում է Ադրբեջանին պատերազմի, մինչդեռ իշխանության ներսում էլ որոշ շրջանակներ չեն կասկածում, որ Փաշինյանը, ըստ ամենայնի, պայմանավորվել է Ալիեւի հետ կամ էլ անկարող է դիմադրել նրա պահանջներին եւ սրում է իրավիճակը, հակառուսական գիծ տանում, որ հետո ռուսներին մեղավոր հռչակի։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում