ՌԴ հատուկ ծառայությունները ԱՄՆ-ից տեղեկություն են ստացել ահաբեկչության պատրաստման մասին

ՌԴ հատուկ ծառայությունները ԱՄՆ-ից տեղեկություն են ստացել ահաբեկչության պատրաստման մասին

ՌԴ հատուկ ծառայությունները ԱՄՆ-ից տեղեկություն են ստացել ահաբեկչության պատրաստման մասին, բայց այդ տվյալները ընդհանուր բնույթ են ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ռուսական հատուկ ծառայություններում ունեցած աղբյուրին։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էյդրիեն Ուոթսոնի՝ ռուսական կողմին պատրաստվող ահաբեկչության մասին տվյալների փոխանցման մասին հայտարարության հետ կապված՝ աղբյուրը ռուսական հատուկ ծառայությունում հաստատել է, որ «նման տեղեկություն իսկապես ստացվել է»։ Նա, սակայն, ընդգծել է, որ «այն ունեցել է ընդհանուր բնույթ, առանց որեւէ կոնկրետության»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին, անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall»-ում, «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, ինչի արդյունքում նաև հրդեհ է բռնկվել։

Այս պահին զոհերի թիվը հասել է 121-ի, որոնցից 3-ը երեխա, սակայն այն կարող է դեռևս աճել։ Հիվանդանոցներում է գտնվում 115 մարդ, որոնցից 5-ը երեխա։

Ներկայումս հրդեհը մեկուսացված է։ Հրդեհի մեկուսացումից հետո զոհերից մեկի հագուստի վրա հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա: Այն վնասազերծվել է։ Նախնական տվյալներով՝ մահացածը ահաբեկիչներից մեկն է։
«Կրոկուսի» 5 աշխատակից է ձերբակալվել, նրանց հարցաքննում են։ Հայտնի է, որ ահաբեկիչները միասին են տեղաշարժվել, ոչինչ չեն բղավել և պատանդ չեն վերցրել, նրանք անխնա գնդակահարել են մարդկանց։

ՌԴ հատուկ ծառայությունները հայտնում են, որ Հարձակվողների ուսապարկերում եղել են վառելիքով տարաներ, հարձակումից հետո նրանք լցրել են այն և այրել, ինչը ուժեղ հրդեհ է առաջացրել։

Հիշեցնենք նաև, որ ըստ «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության՝ «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Մոսկվայի ահաբեկչության պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում