Մոսկվայի ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները վրդովեցուցիչ են

Մոսկվայի ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները վրդովեցուցիչ են

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի վերջին հայտարարությունների առնչությամբ՝ կապված Կրոկուսի համերգասրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության հետ։

«Իրականությանը չհամապատասխանող և Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ հրահրելուն ուղղված նման տեղեկատվության նպատակային տարածումը համարում ենք վրդովեցուցիչ։

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հայտարարություններ է տարածել՝ դատապարտելով քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային հանցագործությունը։ Երևանում մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

Եվս մեկ անգամ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մեր բոլոր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են։

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում