«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հայերի հասցեին հնչած մեղադրանքների համար

«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հայերի հասցեին հնչած մեղադրանքների համար

«Տղամարդը ներկայացել էր որպես «Կրոկուսի» ձայնային ռեժիսոր։ Նշեմ, որ ուղիղ եթերից առաջ՝ նախնական հարցազրույցի ժամանակ նա այդպիսի բան չէր ասել։ Երբ մենք լսեցինք նմանատիպ մեղադրանքները, եթերի հաղորդավարն ընդգծեց, որ դա ապացուցված չէ։ Մենք հանեցինք նրան այդ եթերից ու հաղորդումից էլ հեռացրինք այդ հատվածը։ Ես ներողություն եմ խնդրում որ «Дождь»-ի եթերում նմանատիպ արտահայտություններ են հնչել»,-գրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն։

Հիշեցնենք, որ «Դոժդ» հեռուստաընկերության եթերում Crocus City Hall-ի ծագումով ադրբեջանցի աշխատակից ներկայացած ոմն «ականատես Էմին» հեռախոսով ուղիղ եթերում պնդում էր, թե հարձակում գործած ահաբեկիչներից հայերեն հայհոյանքներ է լսել: Հեռուստատեսության աշխատակիցը շտապեց հավելել, որ չեն կարող հաստատել այդ տեղեկատվությունը:

Հիշեցնենք նաև, որ ավելի ուշ, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում խորը մտահոգություն էր հայտնել «Դոժդ» հեռուստաալիքի վերջին հայտարարությունների առնչությամբ՝ կապված Կրոկուսի համերգասրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության հետ։

«Իրականությանը չհամապատասխանող և Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ հրահրելուն ուղղված նման տեղեկատվության նպատակային տարածումը համարում ենք վրդովեցուցիչ։

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հայտարարություններ է տարածել՝ դատապարտելով քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային հանցագործությունը։ Երևանում մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

Եվս մեկ անգամ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մեր բոլոր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են։
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,-նշված էր հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում