Մարշալ Բաղրամյանն իր «մարտական մկրտությունը» ստացել է 1918-ի Սարդարապատի ճակատամարտում. «Մեր պատմությունը» նախագիծ․ տեսանյութ
Նմանատիպ
ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը ռազմարվեստի պատմության մեջ հայտնի է որպես ստրատեգիական անակնկալների մեծ վարպետ: Մարշալ Բաղրամյանը 1941-1945-ի Հայրենական Մեծ Պատերազմի ամենաակնառու զորահրամանատարներից է, որը թե Առաջին Մերձբալթյան ճակատի, և թե Երրորդ Բելոռուսական ճակատի հրամանատարի պաշտոններում աչքի է ընկել ստրատեգիական պլանավորման բարձր կատարողականով և տակտիկական մտքի թռիչքով:
Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ Հովհաննես Բաղրամյանն իր անձով սերունդների միջև կամուրջ է հանդիսանում, քանզի ականավոր մարշալը նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային շրջանների հայ ռազմավերստը խորհրդանշող ամենակարևոր կերպարներից մեկն է: Կարևոր է նաև հիշատակել մարշալ Բաղրամյանի դերակատարությունը 1960-ականների սկզբի Կուբայի ճգնաժամում, երբ Հովհաննես Բաղրամյանի նախագծած և իրականացրած փայլուն օպերացիայի շրջանակներում խորհրդային միջուկային մարտագլխիկներն աննկատ և անակնկալ կերպով հայտնվեցին Կուբայում՝ անմիջապես ԱՄՆ-ի «քթի տակ»:
Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ մարշալ Բաղրամյանը, կյանքի զգալի հատվածն անցկացնելով ռազմաճակատներում, երբեք չի վիրավորվել, թեև նրա կյանքը բազմիցս է «մազից կախված եղել»: Ականավոր հայ զորահրամանատարին բարդագույն ժամանակներում մշտապես հաջողվել է պահպանել մարդկային ու զինվորական արժանապատվությունը՝ զերծ մնալով տարատեսակ քաղաքական դավադրություններին զոհ գնալու միջադեպերից:
Հովհաննես Բաղրամյանին նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ` տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում