Լեհաստանում բացատրել են, թե ինչու չեն խոցել երկրի օդային տարածք մտած ռուսական հրթիռը

Լեհաստանում բացատրել են, թե ինչու չեն խոցել երկրի օդային տարածք մտած ռուսական հրթիռը

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Յացեկ Գորիշևսկին հայտարարել է, որ լույս մարտի 24-ի գիշերը երկրի օդային տարածք մտած ռուսական հրթիռը խոցելը ռիսկային կլիներ նախ և առաջ տեղի բնակչության համար։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով RMF FM լրատվամիջոցը։

Խոսնակը պարզաբանել է, որ հրթիռը չխոցելու որոշումը կայացրել է Զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հրամանատարը։

«Որոշումը հիմնվել է մեր ռադիոտեղորոշիչ համակարգերից ստացված տեղեկատվության վրա: Հրթիռի հետագծի, արագության և բարձրության գնահատումը ցույց են տվել, որ այն կլքի մեր օդային տարածքը», – հայտնել է Գորիշևսկին:

Նրա խոսքով՝ հրթիռը խոցելու փորձն ավելի մեծ վտանգ կներկայացներ տեղի բնակիչների համար:

«Հրթիռը կշռում է ավելի քան երկու տոննա, որից 400 կիլոգրամը մարտական ​​բեռնվածությունն է։ Հրթիռը խոցելուց հետո դրա բեկորները կընկնեին մեր տարածքի վրա»,- ասել է նա` հավելելով, որ երկրի տարածքում կընկնեին նաև այն զենքի մնացորդները, որով կխոցվեր հրթիռը։

Գորիշևսկին նաև ասել է, որ Ռուսաստանն իր հրթիռներով միտումնավոր մանևրում է այնպես, որ դրանք շրջան կատարեն և խոցեն Ուկրաինայի թիրախներն արևմուտքից։

Լույս մարտի 24-ի գիշերը ժամը 04.23-ին տեղի է ունեցել Լեհաստանի օդային տարածքի խախտում Ռուսաստանի հեռահար գործողության ավիացիայի արձակած մանևրող հրթիռներից մեկի կողմից։ Հրթիռը Լեհաստանի օդային տարածք է մտել Լյուբլինի վոևոդության Օսերդուվ գյուղի շրջանում՝ այնտեղ գտնվելով 39 վայրկյան:

Լեհաստանը միջադեպի մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և հայտարարել, որ բացատրություն կպահանջի Ռուսաստանից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում