Ակնկալում ենք, որ Թուրքիան կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը․ Փաշինյան
Նմանատիպ
ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները և մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությունում։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունենք, չենք մասնակցում ՀԱՊԿ բարձրագույն մակարդակի հանդիպումներին, բայց չենք էլ արգելափակում որոշումները։ Այս մասին «Kathimerini» հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում։
«Այդ նպատակով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները անվտանգության հարցերի շուրջ»,-ասել է նա։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Փաշինյանը նշել էր, որ Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր զարգացումների վերաբերյալ։ Պակաս ուշադրություն է դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել գործընթացները։ Մյուս կողմից, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության խթանմանը։
«Ինչպես գիտեք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ուղղված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների լիարժեք բացմանը։ Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանների բացման վերաբերյալ։ Այնպես որ, մենք իսկապես հավատում ենք, որ այս համաձայնագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա նաև տարածաշրջանային դինամիկայի վրա»,-ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և ձևավորել հարևանների միջև համագործակցության փոխշահավետ օրակարգ։
Հունական պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը», – ասել է Փաշինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում