Մոսկվայի ահաբեկչությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան

Մոսկվայի ահաբեկչությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան

Մոսկվայի ահաբեկչությունից րոպեներ անց պարզ դարձավ, որ կատարվածը ունենալու է նաև Հայաստան-Ադրբեջան կոնտեքստ:

Սկսենք փաստից, որ «Կրոկուս սիթի հոլը» ուղիղ կապ ունի Իլհամ Ալիևի հետ։ Սեփականատեր Էմին և Արազ Աղալարովները Մոսկվայի ադրբեջանցի մեծահարուստներ լինելուց բացի Բաքվի նախագահական ընտանիքի հետ ունեն խնամիական կապ։ Էմին Աղալարովն Ալիևի ավագ դստեր նախկին ամուսինն ու երեխաների հայրն է։ Ամուսնալուծությունը եղել է առանց մեծ սկանդալի, Ալիևների ու Աղալարովների հարաբերությունները պահպանվել են։

«Հայերեն հայհոյանքներ ու Ղարաբաղի մասին ինչ-որ գոռոցներ»

Երբ առաջին շոկի մեջ մարդիկ փորձում էին հասկանալ՝ ովքեր են ահաբեկիչներն ու ինչու են հարձակվել անզեն, անմեղ մարդկանց վրա, Ալիևի աշխատասենյակից կառավարվող ադրբեջանական մեդիան ու հատկապես տելեգրամյան ալիքները սկսեցին ահաբեկիչ կարգել հայերին։ Սա, իհարկե, կանխատեսելի էր:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ռուսաստանյան ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաալիքի ուղիղ եթերում որպես ահաբեկչության ականատես ներկայացած մեկը հայտարարեց՝ ինքն ադրբեջանցի է, ինչպես «Կրոկուս սիթի հոլի» բոլոր աշխատակիցները, ու քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները բավական սուր են, հայերեն շատ հայհոյանքներ գիտի: «Երբ սկսվեց հարձակումը, զինյալների գոռոցների մեջ պարզ հասկացա հայերեն լեզվով հայհոյանքները: Ենթադրում եմ, որ այն ինչ կատարվում է, կարող է ունենալ հայկական հետք»,- հայտարարեց ականատես ներկայացած ադրբեջանցին: «Դոժդի» մեկնաբանն այստեղ նրան ընդհատեց՝ նկատելով, որ իրենք ոչ մի կերպ այս տեղեկությունը չեն կարող հաստատել, ոչ ոք նման տեղեկություն չի հաստատում:

Հետևում է մի քանի հարց հենց կրակոցների պահին տեղի ունեցածի մասին, ադրբեջանցին պատմում է՝ ինչպես է գործընկերոջ հետ հաջողացրել փախչել: Հաջորդ հարցին, թե զինյալները կրակոցների պահին ինչ-որ պահանջներ ներկայացրել են, ադրբեջանցին նորից անցնում է հայերին. «Այդ հայհոյանքներն էին հայերեն լեզվով: Եվ լսեցի, որ ինչ-որ բան էին գոռում Ղարաբաղի մասին»:

Մեկնաբանը կրկին նկատում է, որ «Ղարաբաղի մասին պնդումները որևէ հաստատում չունեն»:

Բոլորովին ավելորդ չէ ավելացնելը երկու հանգամանք՝ ականատես ներկայացածն ինքն էր զանգել «Դոժդ»՝ հենց հայերի դեմ հայտարարություններ անելու համար: Եվ երկրորդ՝ երբ Բաքվի ալիքները սկսեցին ինտենսիվ տարածել այս ու նման լուրերը, սև գործի դրոշակակիրը Հայաստանում ամենահայտնի ադրբեջանական կայքն էր: Այն կառավարվում է Բաքվի նախագահականից, ինչն էլ հետևությունների տեղ է թողնում:

«Դոժդի» եթերից հետո հայտարարություն տարածեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը. «Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակաուղղված տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը ու ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ բորբոքելուն»:

Հաջորդ օրը «Դոժդի» գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն ներողություն խնդրեց անապացույց մեղադրանքներ հնչելու կապակցությամբ:

Աղալարով – Աբրահամյան

Ադրբեջանական որոշ մեդիահարթակներ, մեղավորների փնտրտուքի ու հայերին մեղավոր կարգելու փորձերի մեջ, պատկերը լայն տեսնելու փոխարեն այն նեղացրեցին որքան միայն իրենք կարող էին:

Հայերին թիրախավորելու նպատակով սկսեցին վերլուծել, թե ով կարող է շահել տեղի ունեցած ահաբեկչությունից ու հասան մտքին, թե ադրբեջանցի մեծահարուստ Աղալարովների բիզնեսին այսպիսի հարված հասցնելը օգուտ կբերեր միայն Մոսկվայի հայ մեծահարուստներին:

Նշեցին Արա Աբրահամյանի անունը: Երբ զինյալները դեռ հայտնաբերված չէին, Բաքվից հայտարարում էին՝ հնարավոր է, որ Արա Աբրահամյանն է հայերի զինված խումբ վարձել, որ ահաբեկչություն իրականացնեն Աղալարովների համերգասրահում:

Գնացին անգամ ավելի հեռու՝ Մոսկվայի ադրբեջանցիներին այսպես հարվածելով ինչ ուղերձ են հղում Բաքվին հայերը ու Կրեմլի վերնախավում հայերի հովանավորները:

Ահաբեկչության նախօրեին՝ թռիչք դեպի Երևան

Արդեն ահաբեկչությունից մեկ օր անց Բաքվի մեդիահարթակներն ինտենսիվ քննարկում են ահաբեկչության հայկական հետքն իբր ապացուցող ևս մեկ «հանգամանք»:

Շոկ ու սենսացիա բառերն ավելացնելով իրենց վերնագրերին՝ սոցիալական ցանցերում հարյուրավոր ադրբեջանցի օգտատերեր ու ադրբեջանական որոշ անկարևոր մեդիահարթակներ հայտնեցին՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մի քանի աշխատակիցներ ահաբեկչության նախօրեին հատուկ չվերթով մեկնել են Երևան: Ու հարցրեցին՝ ինչու:

Ու սրանք բոլորը հղում էին անում ադրբեջանցի պատմաբան ներկայացող Զաուր Ալիևին, որը նաև պատմել է, թե Երևան հասած ՌԴ ԱԴԾ աշխատակիցները գործողություն են իրականացրել գործողություն են իրականացրել ահաբեկչությունը նախապատրաստողների դեմ, որոնք զենք են տրամադրել զինյալներին և պայմաններ են ստեղծել, որ նրանք հաստատվեն Մոսկվայում: Ավելին՝ իբր ձերբակալված ահաբեկիչներից 6-ը հայեր են:

Այս Ալիևը դեռ ահաբեկչությունից րոպեներ անց էր հայտարարել, թե կատարվածում հայկական հետք կա ու ինքն ապացույցներ ունի:

Այս հայտարարությունները, իհարկե, որևէ հաստատում չունեն:

Սոլովյովի ակնարկները

Եվ քանի դեռ ադրբեջանցիները խիստ զբաղված էին հայերի գլխին փորձանք կազմակերպելով, հայ-ռուսական հարաբերություններում ևս մեկ խնդիր ավելացնելով, ու բացեիբաց սոցցանցային գրառումներով ու մեկնաբանութուններով հուսալով, որ «ռուսները հիմա հայերի դասը կտան», Մոսկվայում այլ մեդիազարգացումներ նկատվեցին: Նախ՝ Սոլովյով:

Վլադիմիր Սոլովյովը ուղիղ եթերում հայտարարեց. «Օգտագործել են Կրոկուսը, որը պատկանում է էթնիկ ադրբեջանցիներին: Հարվածում են, հստակ հաշվարկելով հանրության տարբեր շերտերի արձագանքը՝ հաճախ արդարացի, բայց հիմա սա ուղղակի շեղում է ուշադրությունը անպետք ուղղությամբ: Ինչպես են այդ չորսը հայտնվել Ռուսաստանում: Ընդ որում նկատեք, որ նրանցից մեկին ուղարկում են Թուրքիայի տարածքով, որպեսզի պատրանք չլինի, թե թուրքերը լավ հարաբերություններ ունեն մեզ հետ: Նրանք տաջիկներ են: Մեկը, ընդհանրապես, ադրբեջանական ազգանուն ունի՝ «օղլու» վերջածանցով: Բայց չգիտեմ ինչ անձնագրեր ունեն»:

Բաքվից սրան հետևեց վրդովված արձագանք՝ դատապարտեցին Սոլովյովի դիրքորոշումը, նրա հայտարարությունն անվանեցին տեղեկատվական դիվերսիա՝ ուղղված Ադրբեջանն այս ողբերգության հետ կապելուն, որի հիմնական նպատակը ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ներկա բարձր մակարդակի խաթարումն է:

Եվ, իհարկե, Ադրբեջանի մամուլի խորհրդի տարածած այս հայտարարության տեքստի ամենասպասված նախադասությունը. «Կասկած չկա, որ Սոլովյովի՝ ահաբեկչության մեջ Ադրբեջանի հետքեր գտնելու փորձը բխում է նրա հայամետ ֆանատիզմից»։

Ահաբեկչության թուրքական հետքը

Ահաբեկչությունից երեք օր անց՝ մարտի 25-ին ռուս լրագրող Սեմյոն Պեգովի WarGonzo տելեգրամյան ալիքը տարածեց տեղեկություն, որ թուրքերը նախ 4 ահաբեկիչներին պատրաստել ու ուղարկել են Մոսկվա, ապա ՌԴ հատուկ ծառայությունների հետ համատեղ գործողություն իրականացնելով իբր ոչնչացրել են նրանց:

«Նախ օգնել են կազմակերպել ահաբեկչությունը, ապա, իբր մեզ օգնելով, ոչնչացրել են հետքերը։ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը չգիտեր այդ ահաբեկչական բջիջների մասին: Միայն ՌԴ դիմումից հետո իմացա՞ն։ Սխեման ճիշտ նույն կերպ էր գործում 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին, երբ Հյուսիսային Կովկասում կռված զինյալները և Ռուսաստանում ահաբեկչությունների կազմակերպիչները վերապատրաստվում էին Թուրքիայում, մեկնում էին բուժման ու հանգստի Թուրքիա և Ադրբեջան։ Իսկ հետո Վրաստանի տարածքով կեղծ փաստաթղթերով գալիս էին եկել են Ռուսաստան և շարունակում իրենց գործունեությունը։

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը վերահսկում է բոլոր բջիջները, հատկապես Ստամբուլում։ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը սերտորեն համագործակցում է բրիտանական հատուկ ծառայությունների հետ։ Եվ անհեթեթություն է այն, թե ինչ-որ ահաբեկչական բջիջ վերապատրաստվել ու անցել է Ռուսաստան, և դրա մասին ոչ ոք չգիտեր», – գրել է Պեգովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի տարածքում զենքի պահոցները, Ուկրաինայի տարածքով նահանջի ուղին հնարավոր չէր կազմակերպել ահաբեկիչների համար առանց ավելի ուժեղ խաղացողների օգնության, որոնք վաղուց բջիջներ ունեն Ռուսաստանում: Ու ամենաուշագրավը՝ Պեգովը նկատել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները պետք է փորեն Ռուսաստանի տարածքում գործող բոլոր թուրքական կազմակերպությունների տակ: Իսկ Անկարայի ֆինանսավորմամբ Ռուսաստանում ամեն ամիս են ստեղծվում նոր հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնք ամեն օր ավելի ազդեցիկ են դառնում ու շուտով ցույց կտան իրական արդյունքները, որոնց համար ստեղծվել են:

Չավարտված պատերազմի մեդիագրոհը

Պատերազմն ամենուր է, բոլորի միջև: Պատերազմը միայն Տավուշի սահմանին, Վարդենիսի դիրքերում, Ջերմուկում ու Սյունիքի համար չէ: Ու բոլոր հայերի դեմ է՝ Լոս Անջելեսում սպառնալիքներով թռուցիկներից, Ուրուգվայում Թուրքիայի՝ այն ժամանակ ԱԳ նախարար Չավուշօղլուի ցույց տված գորշ գայլերի նշանից մինչև Թուրքիայում թուրքական հող համարվող Երուսաղեմի հայկական ունեցվածքից զրկելու և Մոսկվայում հայերին ահաբեկչության դեմ մեղադրանքներից: Հայերի դեմ պատերազմը ավարտված չէ:

Արցախի օկուպացիայից հետո Հայաստանի դեմ վտանգը չի մեղմվել, թուրք-ադրբեջանական զույգը գտել է պահն ու հարվածում է թույլ տեղին: Որպես հետևանք թիրախում հիմա հայերն են՝ ամենուր ու ամեն պատեհ ու անպատեհ առիթով: Պետական մակարդակով մշակված ու իրագործվող քաղաքականությամբ: Ու սա այս պահին շարունակվող, վերսկսված ցեղասպանության ցուցիչ կամ նախանշան է, որը, հավանաբար, կնկատեն ու կընգծեն պատմաբանները՝ 100 տարի անց:

Եվ վերջում, այն լուրի մասին, որ «Կրոկուսում» զոհվել է ամուսնական զույգ: Կինը՝ հայ, ամուսինը՝ ադրբեջանցի:

Ադրբեջանում թեժ քննարկում են: Սոցցանցերում գրում են, որ իրենց հայրենակից ադրբեջանցուն տեղն է, պատժվեց, սպանվել է, որովհետև հայի հետ էր ամուսնացել:

Ու եթե կարծում եք՝ սա ամբողջն է, ոչ: Որոշ ադրբեջանցիներ գրում են՝ լավ կլիներ նրանց երեխան-երեխաներն էլ ահաբեկչության պահին այնտեղ լինեին ու սպանվեին:

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում