ՀՀ-ն չի կարողանա պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը առանց ՌԴ-ի աջակցության
Նմանատիպ
Հայաստանը չի կարողանա պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը առանց Ռուսաստանի աջակցության։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Հակառուսականության ալիքի վրա ՀՀ իշխանությունների կողմից որոշում է կայացվել 2024-ի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՌԴ սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում: Խնդիրը թերևս չէր մտահոգի, եթե հարցն այսքանով սպառվեր: «Զվարթնոց» օդանավակայանում ռուսական ներկայությունն ու դերը չնչին են ծառայողների թվաքանակի խիստ ցածր լինելու և իրավական գործիքակազմ չունենալու պատճառով, քանզի ծառայության առումով բոլոր որոշումները կայացվում են ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարության կողմից: Հետևաբար «Զվարթնոցի» հետ կապված որոշումն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ»։
ՀԿ-ի ներկայացուցիչները նաև նշել են, որ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, փաստացի ստեղծված իրավիճակը վկայում են, որ Ռուսաստանի հետ պառակտող քայլերը շարունակական են լինելու: «Այսինքն` հաջորդաբար դադարեցվելու է մեր համագործակցությունը` հանվելու են ռուսական 102-րդ բազան, ինչպես նաև ռուսական սահմանապահ բոլոր չորս զորամասերը»:
«Մեր գնահատմամբ Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել հայ-թուրքական պետական սահմանը, այն առանց ՌԴ աջակցության պահել անառիկ:
Պատճառներն ավելի քան ակնհայտ են`
-չունենք բավարար քանակով մասնագիտացված ու օժանդակ սպայակազմ: Դրա պատրաստման համար ժամանակ, միջոցներ են պետք,
-հայ-թուրքական սահմանում գործում է դեռևս Խորհրդային Միության տարիներից սկսած ինժեներական կառույցներ և միջոցներ, որոնց պահպանումը, սպասարկումը ոչ միայն ֆինանսական մեծ ծախսեր են պահանջում, այլև այդ կառույցների, միջոցների համար նեղմասնագիտացված կադրեր,
-ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները,
-անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանն այսօր ստիպված է ինքնուրույն ապահովել հայ-ադրբեջանական շուրջ 1000 կմ գերլարված սահմանի պահպանությունը:
Այս ամենը հաշվի չառնելը միանշանակ հանգեցելու է երկրի անվտանգության խաթարմանլրջագույն խնդիրների, ընդհուպ պետականության կորստի, ինչը չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք»,- եզրափակվում է գրառումը։