Նիկոլ Փաշինյանին սուլոցներով ու ազդանշաններով են դիմավորել նաև Գյումրիում․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ Նիկոլ Փաշինյանն ուժեղացնում է իր անվտանգությունը, անհանգստանալով ժողովրդական զանգվածային հուզումներից, ԱԳՆ-ում հասունանում է նոր սկանդալ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝ «Նոր ուժ»:
Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ընդգրկված են լինելու ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների մեծամասնությունը՝ Արամ Թորոսյանը, Հովսեփ Կուբաթյանը, Գրիգոր Երիցյանը, Քրիստինա Վարդանյանը եւ այլոք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ որքան էլ անսպասելի է, բայց Իզաբելլա Աբգարյանը չի լինի «Նոր ուժ» կուսակցությունում։
Ի դեպ, Մարությանի թիմակիցները մեզ հետ զրույցում չբացառեցին նաեւ, որ ինչ-որ փուլում, հնարավոր է, դաշինքի ֆորմատով համագործակցեն «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ, որի կազմով մասնակցեցին ավագանու վերջին ընտրություններին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ եւ ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար: Նախ Պետական պահպանության ծառայությունը՝ ՊՊԾ-ն առանձնացրեց ԱԱԾ-ից ու դարձրեց իրեն ենթարկվող կառույց: Հիմա էլ որոշել է ծառայության համար զարգացման հնգամյա ռազմավարություն եւ դրանից բխող միջոցառումների ծրագիր կազմել, եւ այս նպատակով շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա այդ գործառույթը լիազորել վարչապետին:
Իսկ ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, նախագծում այսպիսի հիմնավորում է ներկայացվել․ «Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից:
Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ Ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում՝ այդ բացերը լրացնելու համար, եւ շարունակաբար կատարելագործում է, թե՛ Ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե՛ իր զինծառայողների մասնագիտական կարողությունները:
Ծառայության շարունակական կատարելագործման եւ թիրախային բարեփոխումների իրականացման համար հրամայական է հստակ բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող միջոցառումների ծրագրի առկայությունը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը թիկնապահից դարձել է պետական արարողակարգի ղեկավար՝ չունենալով դիվանագիտական կրթություն, փորձում է 44 պետությունները ներկայացնող պատվավոր հյուպատոսների հետ անտեղի սրել հարաբերությունները: Նա նամակներ է ուղարկում ոստիկանություն, որպեսզի ստուգման ենթարկվեն պատվավոր հյուպատոսների կողմից շահագործվող՝ կարմիր համարանիշներով մեքենաները:
Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր ճանաչել՝ ըստ էության խանգարելով հյուպատոսական հիմնարկների բնականոն աշխատանքը, անտեսելով Վիեննայի կոնվենցիան հյուպատոսական կապերի մասին եւ ֆակուլտատիվ արձանագրությունները:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Ի. Սաղաթելյանը հաստատեց քրեական գործ հարուցելու փաստը՝ նշելով, որ սա հերթական կարված գործն է՝ զուտ քաղաքական հետապնդման նպատակով:
«Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է: Ընդամենը ասեմ, որ դրանք անօգուտ քայլեր են, կարծում էի՝ մինչեւ հիմա պետք է դա հասկացած լինեին, բայց պարզվում է` չեն հասկացել: Հոգ չէ, առաջիկայում կհամոզվեն»։
Գործի մանրամասներին չցանկացավ անդրադառնալ: Ի դեպ, քրեական գործեր են հարուցված նաեւ Սաղաթելյանի 2 եղբայրների՝ Նաիրի եւ Գուրգեն Սաղաթելյանների (դիմադրության շարժման ցույցերի ժամանակ քաղաքացի ծեծելու մեղադրանքով) նկատմամբ։ Գործը մտել է դատարան։
Սեւանի քոլեջի տնօրենի պաշտոնից հեռացրել են Սաղաթելյանի քրոջ ամուսնուն:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնացել էր Գյումրի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները: Փաշինյանի ավտոշարասյանը վարորդները մեքենայի ձայնային ազդանշաններով ու սուլոցներով են ուղեկցել:
Նախ այդ օրը Գյումրու կենտրոնական փողոցները փակ են եղել, Փաշինյանի գալու առիթով պարեկները Գյումրիում «կանգնեցրել են» շարժը, ինչը եւս բարկացրել է տեղացիներին, ու այդ պատճառով նաեւ քաղաքացիները եւ պարեկները բախվել են, ընդհարումներ ունեցել:
Գյումրիում տեղի էր ունեցել նաեւ ՔՊ նախաձեռնող խմբի նիստը:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը Գյումրիում գրեթե նույն սպառնալից ու չհուսադրող հայտարարություններն է արել, ինչ Տավուշում:
Ասել է, որ այլընտրանք չունենք, պետք է Ադրբեջանի պահանջած տարածքները տանք, որպեսզի պատերազմ չլինի:
Միեւնույն ժամանակ նա երաշխիք չի էլ տվել, որ եթե Ադրբեջանի հերթական ապօրինի պահանջը կատարենք, ապա պատերազմ չի լինի:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Իրավունք» օրաթերթը գրում է․ Պարզվում է, արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին։ Վերջինս կոշտ զրույց է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ ու հրահանգել, որ ամեն գնով, համոզելով լինի, թե ոնց, փակի արցախցիների բերանը։
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում՝ կշահեն:
Մանրամասները՝ «Իրավունք» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս եւ հարակից համայնքների բնակիչներին խոստացել էր վերադառնալ ու լսել նրանց առաջարկները։ Մարտի 18-ին Փաշինյանն առաջին անգամ այցելել էր այդ համայնքներ եւ փակ հանդիպումների ժամանակ գուժել միակողմանի զիջումների մասին՝ սպառնալով, որ պատերազմ կլինի, եթե զիջումների չգնանք:
Անգամ կոնկրետացրել` շաբաթվա վերջին պատերազմ կսկսվի: Ոսկեպարցիներից մեկը երեկ մեզ ասաց, որ իրենք անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին եւ եթե նախորդ անգամ թույլ չեն տվել, որ բոլոր ցանկացողները մասնակցեն հանդիպմանն ու իրեն ուղղված հայհոյանքներն ուղիղ իր երեսին ասեն, այս անգամ ոչ ոք չի կարողանալու իրենց դեմն առնել։
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել էր։ Նազելի Բաղդասարյանը, իր բնույթին համապատասխան, չպատասխանեց մեր զանգերին։ Եվ չնայած տավուշցիներին խոստացել է, որ գալու է ու լսի ժողովրդի կարծիքը, սակայն վարչախումբն անթաքույց ռեպրեսիաներ է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են Տավուշից հող հանձնելու հետ կապված դիմադրության օջախներ ձեւավորել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում