Թուրքիայի ՏԻՄ ընտրությունները. Ինչ է որոշվում Հայաստանի համար
Նմանատիպ
Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները նախագահի ու մեջլիսի ընտրությանը համահավասար կարևորություն ունեն։ Երկու առաջնային պատճառով՝ այդ երկրում քվեարկողներն իսկապես որոշում կայացնող են, և երկրորդ՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ուրվագծում են նախագահի և մեջլիսի հաջորդ ընտրության ելքը։
Թեև, իհարկե, վերջին ընտրությունները բացառություն էին, որովհետև հակառակ երեք հիմնական քաղաքներում՝ Անկարա, Ստամբուլ, Իզմիր, ընդդիմադիր քեմալականների հաղթանակին, նախագահի ընտրություններում Էրդողանը պահպանեց աթոռը։ Թուրքիայում տնտեսական բարդություններն ու նախընտրական շրջանում 50 հազարից ավելի զոհերով երկրաշարժը բոլոր հնարավորությունները տվել էին ընդդիմադիրներին, որոնք միավորվել էին, սակայն միասնական սխալ թեկնածու էին ընտրել։ Աշխարհիկ ու արևմտամետ Քըլըչդարօղլու, որն Էրդողանի դեմ անզոր էր՝ թուրք ընտրողների սրտերը շահելու հարցում։ Էրդողանի, որի հաղթանակի գլխավոր սյուներից մեկը հենց իր անձն է՝ Թուրքիան մեծ տերություններից անկախ ու ինքնուրույն կայսրություն ցուցադրելու և ամբողջ թյուրքական աշխարհը միավորելու հավակնություններով։ Գումարած՝ իսլամը։
Պայքար Ստամբուլի համար
Եվ հենց այս՝ իրականում երկրորդ փուլով ու դժվարությամբ տարած հաղթանակից գրեթե մեկ տարի անց Էրդողանը նահանգից նահանգ, քաղաքից քաղաք ընկնելով առաջնորդեց իր կուսակցության թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Բոլորը, իհարկե, շունչը պահած էին սպասում դեռ այն ժամանակ, երբ Էրդողանը որոշում էր, թե ովքեր են լինելու իր թեկնածուները։ Որովհետև սա կարող էր լինել որոշում նաև նրա իրավահաջորդի մասին։ Բոլորի աչքերը, իհարկե, հառած էին նախ Ստամբուլի համար պայքարին։ Որովհետև Թուրքիայում հայտնի է՝ ով վերցնում է Ստամբուլը, վերցնում է Թուրքիան։ Էրդողանն ինքն է ամեն ինչ սկսել Ստամբուլի քաղաքապետը դառնալով։
Բայց ամեն ինչ զարգացավ անսպասելի հունով։
Ստամբուլի քեմալական գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հեղինակությունը և վարկանիշն այնքան բարձր են, որ շատերն իրավացիորեն ակնկալում էին մեկ տարի առաջ հենց նրան տեսնել նախագահական աթոռի համար Էրդողանի մրցակցի դերում։ Իմամօղլուն Ստամբուլի համար նախորդ պայքարում՝ 2019-ի մարտին հաղթել էր Էրդողանի մտերիմ ընկեր Բինալի Յըլդըրըմին։ Սա այն նույն Յըլդըրմն է, որը Բաքվում, մարտի 15-ին բացել էր Փաշինյան-Էրդողան շարունակական երկխոսության բովանդակությունը՝ հայտարարելով. «Հայաստանը պետք է որոշ քայլեր անի: Նախ պետք է հրաժարվեն հին երազանքներից, պետք է փոխեն Սահմանադրությունը, պետք է հրաժարվեն Թուրքիայից և Ադրբեջանից՝ իրենց Սահմանադրության մեջ եղած տարածքային պահանջներից: Սրան զուգահեռ պետք է հրաժարվեն Թուրքիայի դեմ, այսպես կոչված Ցեղասպանության մեղադրանքներից, պետք է հրաժարվեն Արարատից՝ որպես իրենց խորհրդանիշ, և իհարկե, պետք է քայլեր անեն Զանգեզուրի միջանցքը բացելու ուղղությամբ»։
Յըլդըրըմի պարտությունն ու Ստամբուլի կորուստն Էրդողանի համար անհավանական էին։ Նա հայտարարեց, թե իր կուսակցությունից ձայներ են խլել, մանավանդ, որ Իմամօղլուն առաջ էր միայն 20 հազար քվեով։ Էրդողանը պահանջեց վերահաշվարկ, ինչի արդյունքում, սակայն, Իմամօղլուի հաղթանակը վերահաստատվեց, թեև նվազած՝ մրցակցից միայն 13 հազարով ավելի քվեով։ ԿԸՀ-ն Իմամօլուին հայտարարեց քաղաքապետ, Իմամօղլուն երդվեց, բայց պաշտոնում մնաց միայն 19 օր։
Էրդողանի անթաքույց պահանջով ու ճնշմամբ Թուրքիայի ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց ընտրության արդյունքն ու նշանակեց նոր ընտրություն։ Երկու ամիս անց Իմամօղլուն աներկբա հաղթանակ տարավ։ Նույն օրը երեկոյան Էրդողանն ու նրա Յըլդըրըմն ընդունեցին պարտությունը, շնորհավորեցին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին։ Բայց եղածն Էրդողանի համար, իհարկե, անհետևանք չանցավ։ Պարտության վախը դրսևորվեց:
Իմամօղլուի դեմ հարուցվեց քրեական գործ՝ առաջին ընտրության արդյունքը չեղարկելու որոշումը «հիմարություն» անվանելու և այդ կերպ ԿԸՀ անդամներին վիրավորելու մեղադրանքով։ Իմամօղլուն պարզաբանեց՝ ինքը պարզապես պատասխանել է այն ժամանակ Թուրքիայի ՆԳ նախարար Սոյլուին, որն իրեն էր «հիմար» անվանել։
Այս դատական գործի իրական նպատակը ջրի երես դուրս եկավ 2022-ին։ Նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ ուրվագծվում էին Էրդողանի մրցակիցմները, ու նրանց մեջ Իմամօղլուն, Էրդողանը, օգտագործելով դատական իշխանությունը ,ուղղակի թույլ չտվեց Իմամօղլուին առաջադրվել՝ վերջապես հրապարակվեց «հիմարության գործով» դատավճիռը, Իմամօղլուին արգելեցին զբաղվել քաղաքական գործունեությամբ ու նաև սա էր պատճառներից մեկը, թե ինչու Իմամօղլուի փոխարեն նախագահի թեկնածու առաջադրվեց Էրդողանին մշտապես պարտված Քըլըչդարօղլուն՝ պարտվելով նորից։
Եվ հիմա, Էրդողանը նորից պայքարում է Ստամբուլի համար: Նրա առաջ նորից կանգնած է Իմամօղլուն, որին վերջին քսան տարում Էրդողանի ամենավտանգավոր մրցակիցը անվանելը չափազանցություն չի լինի։
Իմամօղլուի դեմ Էրդողանն այս անգամ դուրս է բերել իր կուսակցության ամենամաքուր՝ կուռուպցիոն սկանդալներից զերծ ու նախորդ պաշտոններում դրական արդյուքներ գրանցած, տեխնոկրատ անդամներից մեկին։ Մուրաթ Քուրումը եղել է մեջլիսի պատգամավոր ու բնապահպանության և քաղաքաշինության նախարար։ Նրա մասին առավել ուշագրավ փաստեր չկան։
Էրդողանի մարտավարությունը պարզ է, բայց նույնքան պարզ է նաև խնդիրը՝ Քուրումը չունի վարկանիշ։ Առանց Էրդողանի գործոնի Քուրումը Իմամօղլուի համար որևէ խնդիր չէր կարող առաջացնել։ Եվ անգամ Էրդողանն էր Ստամբուլի մեծ միտինգին ստիպված արձանագրել իր կորուստները՝ մեզ թողնելով հետևանքների վերլուծությունը. «Այս պահին իմ դիմաց այս հրապարակում 650 հազար մարդ կա։ Մենք սովոր ենք այս հրապարակում 1.5 միլիոն մարդ տեսնել: Բայց կանգ չենք առնելու: Մենք այս քաղաքը մարտի 31-ին այդ CHP-ական զուլումից պետք է փրկենք»: CHP-ն քեմալականների կուսակցության թուրքերեն հապավումն է։
Քուրումը, գոնե առայժմ, չի ընկալվում որպես Էրդողանի իրավահաջորդ։ Այդպիսին ավելի շատ ընկալվում են ԱԳ նախարար Ֆիդանն ու Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Քալընը, անգամ Էրդողանի փեսան՝ բայրաքթարները նախագծած Սելջուք Բայրաքթարը, որը ելույթները թուրքական տեխնոֆեստերի ժամանակ լսելու համար հազարավոր թուրք երիտասարդներ են հավաքվում։
Այնինչ Էրդողանն այս քարոզարշավի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց՝ սրանք իր վերջին ընտրություններն են։ Չորս տարի անց՝ 2028-ին Թուրքիան կունենա նոր նախագահ։ Եվ հենց այստեղ կարող են լինել որոշ փոխություններ Հայաստանի համար։
Թուրքիայի ընտրությունների հայկական բովանդակությունը
Թուրքիայի համար վճռորոշ հետէրդողանական նախագահական ընտրությունների այս «թեսթ դրայվին»՝ ՏԻՄ ընտրություններին կարևոր է հետևել նաև Հայաստանում։
Սկսենք նրանից, որ Հայաստանի և հայերի դեմ Թուրքիայի քաղաքականությունը վերջին 110 տարում չի փոխվել, թեև փոխվել են Թուրքիայի ու Ստամբուլ առաջնորդները։ Տարբեր են եղել միայն նրանց մոտեցումները և պայմաններն ու գործիքները, որ ունեցել են։ Եվ այդ քաղաքականությունը չի փոխվելու մինչև թուրքերը չհասնեն իրենց վերջնանպատակին, որը խաղաղությունը չէ։
Սակայն, կարող են փոխվել պայմանները։ Ընդ որում այդ փոփոխության ուրվագիծն արդեն իսկ նկատվում է։ Երկու ուղղությամբ՝ Արևմուտք և ազգայնամոլություն։
Էրդողանի հաջորդի նշանակությունը Հայաստանի համար
Էրդողանին հաջողվում է հավասարակշռութուն գտնել ոչ միայն Մոսկվայի և Վաշինգտոնի հետ հարաբերություններում, այլև Մոսկվա-Վաշինգտոն առճակատման մեջ՝ հասնելով Թուրքիայի համար ամենաշահեկան գործարքներին ու բանաձևերին։ Թուրքիան, իհարկե, ՆԱՏՕ-ի անդամ լինելով և արդեն 60 տարուց ավելի ձգվելով դեպի ԵՄ, ինչպես նաև իր ֆինանսատնտեսական կառուցվածքով կրում է արևմտյան ազդեցությունը։ Ինքնուրույնության նշույլներ պահպանելը վերջին քսան տարում Էրդողանի գերնպատակներից մեկն էր։ Նրան մասամբ հաջողվել է։ Կհաջողվի՞ նրա ընտրած հաջորդին՝ ով էլ նա լինի։ Եվ որ ավելի կարևոր հարց է՝ ի՞նչ կլինի, եթե չհաջողվի և Թուրքիան թեքվի դեպի Արևմուտք, ինչը կնշանակի Ռուսաստանի հետ դիմակայություն։ Վերջին անգամ, երբ թուրքերը որոշեցին օգտվել պատերազմող Ռուսաստանի թուլությունից ու «կարգավորել իրենց հարցերը», եղավ Հայոց ցեղասպանությունը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությանը՝ քեմալականներին, ապա նրանք անթաքույց վայելում են Վաշինգտոնի հովանավորությունը։ Սա առաջինը, իհարկե, մատնացույց է անում Էրդողանը։ Անգամ սկանդալային դրվագներով։ Էրդողանն իսկական միջպետական սկանդալի վերածեց մեկ տարի առաջ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Անկարայում ԱՄՆ դեսպանի այցը քեմալականների առաջնորդին։
Քեմալականները կարող են ունենալ արևմուտքի հովանավորությունը և ենթարկվել այն քաղաքականությանը, որը վարում է Արևմուտքը ՀՀ ուղղությամբ, անգամ եթե այդ քաղաքականությունը չորս տարի անց դեռ Հայաստանին սիրաշահելու մասին լինի, ինչպես հիմա։ Անգամ հիմա, երբ Արևմուտքը Հայաստանին տալիս է այնքան, որքան մինչև այս չէր տվել, Թուրքիան ստանում է ամեն ինչ՝ Արցախի Հանրապետությունը, Սյունիքից մինչև Տավուշ էլ ատամները սրած ու աչքը տնկած։
Ի վերջո, Թուրքիայի ներքաղաքական ինտրիգներին հետևելը, նախագահի ով լինելը կարևոր են, բայց առավել կարևոր է, թե ով է և ով է լինելու Հայաստանի առաջնորդը։ Որովհետև հստակ է միայն, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի ու հայերի դեմ որևէ պարագայում կանգ չի առնելու՝ մշտապես տատանվելով կոտորածից լուռ ճնշում ինտերվալի մեջ։ Սակայն այդ տատանումներին պետք է հետևել ուշադրությամբ՝ դիմադրելու, ինքնապաշտպանվելու, սողացող ողբերգությունը կանխելու համար։
Հայաստանի հերթը
Թուրքիայի նախագահը, վերջին մեկ ամսվա ընթացքում արտաքին քաղաքական ուղղությամբ ընդհանրապես, և Հայաստանի ուղղությամբ մասնավորապես փոքր-ինչ պասիվ էր գործում, որովհետև ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացրել էր ներքին ընտրական խնդիրների վրա։ Մարտի 31-ից հետո, երբ ավարտի այս գործերը, Էրդողանը կվերադառնա նաև հայկական ուղղությամբ ակտիվ հայտարարություններին ու Բաքվի ձեռքերով գործողություններին։
Մինչև այդ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Փաշինյան-Էրդողան գործընթացը, մարտի սկզբին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի զարգացումներով, փաստացի կանգ է առել հետևալ կետում՝ փաշինյանականները առաջարկել են բացել սահմանը ցանկացած պահի, ինչին թուրքական կողմը պատասխանեց՝ եթե սահմանի բացումը դրվում է որպես նախապայման, ապա խնդիր ունենք։ Թուրքիան այս պահին ակնկալում է առանց միջնորդների ուղիղ հանդիպումներ ոչ թե այլ երկրների, այլ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում։
ՏԻՄ ընտրություններից հետո Թուրքիայի նախագահից պետք է սպասել նոր հայտարարություններ, որովհետև Թուրքիան՝ 100 տարի առաջ սկսած գործը դեռ չի ավարտել։ Նախիջևան-Արցախ-Սյունիք հերթականությամբ Անկարա-Բաքու զույգը շտապում է՝ օգտագործելու հարմար պահը։ Եվ շտապողականությունը դրսևորում են պարբերաբար՝ «վայրկյան առաջ» խաղաղության պայմանագիր կոչվածը կնքելու՝ Արցախը պայմանագրով թուրքերին հանձնելու պահանջից մինչև «հնարավորության պատուհանը փակելու»՝ Հայաստանը թուրքական միջանցքի վերածելու սպառնալիք։
Անի Ավետյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն