Էրդողանի կուսակցությունը պարտվեց ՏԻՄ ընտրություններում

Էրդողանի կուսակցությունը պարտվեց ՏԻՄ ընտրություններում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել վերջին քաղաքային ընտրություններում։

Բացի Ստամբուլից, Անկարայից և Անթալիայից, ընդդիմության կառավարման տակ են անցել նաև նոր քաղաքներ, ինչպիսիք են Բուրսա և Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները։

«Ցավոք, 2023 թվականի մայիսին ընտրություններում հաղթելուց հետո մենք չկարողացանք հասնել ցանկալի արդյունքների ինը ամիս անց տեղի ունեցած տեղական ընտրություններում», – ասել է Էրդողանը Անկարայում քվեարկությունից հետո իր առաջին ելույթում:

Հիշեցնենք, որ կիրակի օրը` մարտի 31-ին, Թուրքիայում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ գերազանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայների գրեթե 90%-ի հաշվարկից հետո։

Ընտրությունները մի շարք շրջաններում ուղեկցվել են միջադեպերով։ Դիարբեքիրի Սուր շրջանում մի խումբ անձանց միջև ընտրություների պատճառով վիճաբանություն է ծագել, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն։Վեճի հետևանքով մահացել է 1 մարդ, 11-ը՝ վիրավորվել։
Ընտրությունների հետ կապված մեկ այլ միջադեպ է գրանցվել Սիիրթ (Սղերդ) շրջանի Քոնաջըք գյուղում, որի հետևանքով մահացել է 1 մարդ, իսկ 4-ը ստացել է վիրավորում։

Շանլըուրֆայում ևս ղեկավարի ընտրության պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, որոնցից 2-ը ստացել են հրազենային վիրավորում։

Իսկ Մանիսա քաղաքում ընտրության ժամանակ քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և գրանցվել  է սրտի կանգ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում