Կառավարությունը չի կարողանում աշխատանքով ապահովել բռնի տեղահանված արցախցիներին

Կառավարությունը չի կարողանում աշխատանքով ապահովել բռնի տեղահանված արցախցիներին

Արցախից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակում մինչ օրս կնքվել է եռակողմ 397 պայմանագիր՝ շահառու-գործատու-Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ, տեղեկացնում է ReArtsakh տելեգրամ ալիքը։

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Փոխնախարարը 397 պայմանագիրը որպես մեծ ձեռքբերում է ներկայացնում ու նշում, թե ծրագրին մասնակցելու համար որևէ սահմանափակում չկա։ «Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շրջանում կան ցանկացողներ, ապա պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության իրենց տարածքային գրասենյակ։ Այնտեղ կուղղորդեն և կներկայացնեն, թե ինչ փաստաթղթեր են պետք։ Ասեմ, որ մասնակցության 2 պայման կա՝ վերջին մեկ ամսում աշխատած չլինեն և լինեն 16-63 տարեկան»,-ասում է Ռուբեն Սարգսյանը։

Իսկ երբ փոխնախարարին տեղեկացնում են, որ իրականում ցանկացողները շատ-շատ են և որ իր նշած Միասնական ցոցիալական ծառայության գրասենյակներում արցախցիներին այլևս չեն հերթագրում աշխատանքի համար, պնդելով թե տեղերը լրացվել են, մարդն առանց ամաչելու ասում է. «Որևէ խնդիր չկա, ցանկացողները հանգիստ կարող են դիմել։ Կառավարությունը պատրաստ է պահանջարկին համահունչ շահառուներ ընդգրկել։ Եվս մեկ անգամ Միասնական սոցիալական ծառայության գրասենյակին կզգուշացնենք, կիրազեկենք, որպեսզի բոլոր ցանկացողներն ընդգրկվեն»։

Ստացվում է, որ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչով է զբաղված։ Փաստացի ՀՀ կառավարությունը 6 ամիսների ընթացքում նշված ծրագրով ընդամենը 397 արցախցու է կարողացել աշխատանքի տեղավորել և դա հերոսություն է համարում՝ կանգնում ու գլուխ են գովում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում