Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կհանդիպի Իլհամ Ալիևին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր Փարիզում տեղի կունենա Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը Փարիզից, սկզբում Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Այնուհետև բանակցությունները կշարունակվեն Մարինյի պալատում, որտեղ երեկոյան տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հիշատակված հանդիպմանը կհետևի երկու երկրների ղեկավարների մոտ մեկ ու կես ժամ տևողությամբ առանձնազրույցը։

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայ-ադրբեջանական բանակցություններին կմիանա ավելի ուշ։ Երևանի ժամանակով երեկոյան 21։15-ին Ելիսեյան պալատում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հանդիպում, որին կհետևի պաշտոնական ընթրիք` ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների։ Այսքանով հայ-ադրբեջանական բանակցությունների փարիզյան փուլը կավարտվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում