Google-ը կջնջի օգտատերերի վերաբերյալ «Ինկոգնիտո» ռեժիմով հավաքված տեղեկությունները

Google-ը կջնջի օգտատերերի վերաբերյալ «Ինկոգնիտո»  ռեժիմով հավաքված տեղեկությունները

Google-ը համաձայնել է ոչնչացնել  օգտատերերի գործողությունների մասին միլիարդավոր տեղեկությունները՝ առանց օգտատերերի իմացության նրանց անձնական տվյալներին հետևելու հիմքով ներկայացված կոլետիվ հայցը լուծելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է  Bloomberg-ը։

Հիշեցնենք, որ կոլեկտիվ հայց էր ներկայացվել 2020թ․ ԱՄՆ-ում՝ այն բանից հետո, երբ պարզվել է, որ Google-ը հետևում է օգտատերերի անձնական տվյալներին՝ առանց նրանց իմացության։ Համաձայն հայցը ներկայացնողների՝ Ընկերությունը Chrome-ի «Ինկոգնիտո»  ռեժիմն օգտագործելով՝ գաղտնի տեղեկություններ է հավաքել բրաուզերից օգտվողների ու նրանց հետաքրքրությունների մասին։

Google-ը հայտարարել է, որ կթարմացնի, թե հատկապես ինչ տեղեկություններ է հավաքում «մասնավոր» դիտման դեպքում։  Դա թույլ կտա օգտատերերին «Ինկոգնիտո»  ռեժիմում արգելափակել cookie  կողմնակի ֆայլերը` հինգ տարվա ընթացքում։

«Մենք ուրախ ենք, որ լուծում ենք այս հայցը, որը միշտ համարել ենք չհիմնավորված»,-աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարել է Google-ի ներկայացուցիչը։

Հայցատուները Google-ից պահանջել են 5 մլրդ ԱՄՆ դոլար վճարել՝ օգտատերերին պատճառված վնասի համար։ Ավելին՝ օգտատերերը կարող են նաև առանձին հայցեր ներկայացնել Ընկերությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում