«Համենայն դեպս, մենք գիտակցում ենք, թե ինչի համար ենք կռվում…»
Նմանատիպ
Այս խոսքերի հեղինակը լուսանկարում պատկերված գնդապետն է։ Տանկային գումարտակի հրամանատարն էր։ Ցավոք, նրա անունը մենք չգիտենք։ Իսկ եթե ավելի անկեղծ՝ չենք էլ փորձել ճշտել։ Մեկ պարզ պատճառով՝ որովհետև նա իսկական հայ հրամանատարի հավաքական կերպար է։ Այս մասին գրում է ReArtsakh տելեգրամ ալիքը։
Լուսանկարում արձանագրված պահից մի քանի վայրկյան առաջ թշնամին խոցել է մեր տանկը։ Ողջ անձնակազմը, որը մինչ այդ դեպքը պարզապես հրաշքներ էր գործում մարտի դաշտում, զոհվել է։ Իսկ հրամանատարը մարտը կառավարում էր այս բարձունքից։ Տեսնելով, թե ոնց է պայթյում մեր տանկը՝ նա նստում է խրամատում, մոտ մեկ րոպե անշարժ այսպես մնում, հետո մոտենում զինվորներին և ասում. «Համենայն դեպս, մենք գիտակցում ենք, թե ինչի համար ենք կռվում…»
Ապրիլյան պատերազմը մեր բանակի գիտակցված կռիվն ու ծանր գնով ձեռքբերված հաղթանակն էր։
Նման և շատ ավելի մեծ հաղթանակներ մեր ժողովուրդը դեռ շատ է ունենալու։ Դրանում մենք ոչ մի վայրկյան չենք կասկածում։ Կարևոր նախապայմանը մեկն է՝ գիտակցենք, թե ինչի համար ենք կռվում ու երբեք չմոռանանք դրա մասին։
Այն տանկի տղաները հենց այնպես չեն զոհվել։ Եվ դրանից հետո եղած մարտերում էլ մեր տղաները հենց այնպես չեն զոհվել։ Նրանց գործն անմահ է։ Արդյունքներն էլ անպայման լինելու են։ Հիշենք դա ու ամեն ինչ անենք մեր հայրենիքը նորից մեր զավակների ճիչով լցնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում