ՌԴ-ում հավաքված Իլ-114-300 ինքնաթիռն առաջին փորձնական թռիչքն է իրականացրել

ՌԴ-ում հավաքված Իլ-114-300 ինքնաթիռն առաջին փորձնական թռիչքն է իրականացրել

Ռուսական արտադրության Իլ-114-300 ինքնաթիռն օրեր առաջ հաջողությամբ իրականացրել է առաջին փորձնական թռիչքը: Մինչև 900 մետր բարձրության վրա, մինչև 230 կմ/ժ արագության պայմաններում ստուգվել են օդանավի կայունությունն ու կառավարելիությունը։ Այդ մասին հաղորդում է  Sputnik-ը։

Այն նախատեսված է մինչև 68 ուղևոր (անձնակազմը` 2 մարդ) կամ 6.5 տոննա բեռ (մինչև 2000 կմ հեռավորությամբ) տեղափոխելու համար։

Իլ-114-300-ի երկարությունը 26,9 մ է, թևի բացվածքը՝ 29,8 մ, բարձրությունը՝ 9 մ: Թևի վրա տեղակայված են երկու տուրբոպտուտակային շարժիչները (3100-ական ձիաուժ թռիչքի պահին):

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր Իլ-114-300-ի ստեղծման անհրաժեշտությունը։

Իլ-114-300-ը տարածաշրջանային ինքնաթիռը տուրբոպտուտակային Իլ-114-ի արդիականացված տարբերակն է։

Ինքնաթիռն աչքի է ընկնում բարձր տեխնիկական բնութագրերով, նոր թվային օդաչուական և նավիգացիոն համալիրով, կոմպոզիտային նյութերի լայն կիրառությամբ: Ինքնաթիռի տուրբոպտուտակային շարժիչը մշակվել է Սանկտ Պետերբուրգի «ՕԴԿ–Կլիմով» ձեռնարկությունում և, ըստ աղբյուրի, տեխնիկական բնութագրերով գերազանցում է արտասահմանյան նմանակներին։

Նոր Իլ-114-300-ը ունիվերսալ հարթակ է, որի վրա կարելի է օդանավերի տարբեր մոդիֆիկացիաներ ստեղծել` տրանսպորտային, բեռնաուղևորատար, սանիտարական, հատուկ նշանակության (բևեռային, պարեկային, հետախուզական):

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախատեսվում է քաղաքացիական ավիացիային մատակարարել 1036 ինքնաթիռ, այդ թվում` մոտ 100 միավոր Իլ-114-300։

Իլ-114-300-ի առավելագույն թռիչքային զանգվածը 23,5 տոննա է, թռիչքի հեռավորությունը՝ վառելիքի առավելագույն պաշարի (8780 լ) և 1300 կգ բեռնվածության դեպքում, 5000 կմ։

ԻԼ-114-300-ի արտադրությունն իրականացվում է Ավիակառուցման միացյալ կորպորացիայի ձեռնարկությունների համագործակցությամբ․ «Իլ»-Ավիաստար (Ուլյանովսկ) ՀԲԸ-ի և Վորոնեժի ինքնաթիռաշինական բաժնետիրական ընկերության, «Սոկոլ» ավիաշինական գործարանի (Նիժնի Նովգորոդ) մասնաճյուղերի հիման վրա:

Ինքնաթիռը վերջնական տեսք է ստանում Մոսկվայի մարզում գտնվող ռուսական «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի ձեռնարկությունում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում