Նիկոլ Փաշինյանը հնարավոր է չեղարկի «Ակադեմիական քաղաքի» կառուցումը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Նիկոլ Փաշինյանը հնարավոր է չեղարկի «Ակադեմիական քաղաքի» կառուցումը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել, հասնելով պատմական նվազագույնի, նա ավելացնում է իր անվտանգությանն ուղղված ծախսերը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ: Կազմակերպության հիմնադիրները նշել էին, որ իրենց նպատակներն են՝ լսել և լսելի դարձնել արցախահայության ձայնը, «վեր հանել Հայաստանում բնակություն հաստատած՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրները, քննարկել և ի մի բերել այն բոլոր հնարավոր տարբերակներն ու ուղիները, որոնք կարող են օգնել բոլորիս վերադառնալ Արցախ» և այլն:

Ի թիվս այլ ծրագրերի, ՀԿ անդամները սկսել են «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը, որի շրջանակներում, «Փաստի» տեղեկություններով, նախատեսում են Հայաստանի բոլոր մարզերում հանդիպումներ ունենալ արցախցի մեր հայրենակիցների հետ՝ քննարկելու արցախցիներին անհանգստացնող հարցերը: Ուշագրավ է, որ շարքն սկսել են Սյունիքից, մասնավորաբար Կապանից: Այստեղ, ի մասնավորի, նշվել է, որ ՀԿ-ն արցախցու ձայնը լսելի է դարձնելու թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ միջազգային կազմակերպություններին… Մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ «կանգառը» Շիրակի մարզն է: Ապրիլի 6-ին «Արդարություն և վերադարձ» ՀԿ ներկայացուցիչները բռնի տեղահանված արցախցիների հետ կհանդիպեն Գյումրիում:

Ի դեպ, հավելենք, որ ՀԿ նախագահը ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է, համահիմնադիրներից մեկը՝ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեկ երեկոյան Երևանում քաղակտիվիստները տոնեցին իրենց հաղթանակը: Երևանում ծառերի սպանդը կդադարեցվի. համենայնդեպս այդպես խոստացավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երբ մի խումբ ակտիվիստներ հավաքվեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով դադարեցնել ծառասպանությունը, Տիգրան Ավինյանը ստիպված եղավ իջնել ու զրուցել մարդկանց հետ: Նա խոստացավ, որ էլ ծառ չի կտրվի:

Հիշեցնենք, որ Կանաչապատման ՀՈԱԿ-ի տխրահռչակ ղեկավար Արմեն Բեգոյանի մանիպուլատիվ հնարքներով հաստատվել էր քաղաքապետարանում ծրագիր, որ 3000 ծառեր պետք է արմատախիլ արվեին՝ փոխարինվելով նոր խորհրդանշական անուն ունեցող Հուդայածառերով, սակայն մոտ 350 ծառերի հատումից հետո երեկ Ավինյանը կասեցրեց ծրագիրը:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանի հետ, ով «Էկոցիդ, փրկենք Երևանի ծառերը» բնապահպանական շարժման հիմնադիրներից է և երեկ մասնակցում էր ակցիային:

«Շաբաթ օրը, երբ մեր ակտիվիստ ընկերների հետ միասին հայտարարեցինք քաղաքացիներին, որ պետք է հավաքվենք և կանխենք ծառերի սպանդը Սուրբ Զատկի և մեր մեկ ժամ առաջ ծանուցման պատճառով առավել քիչ երևանցիներ հավաքվեցին: Բայց երեկ արդեն ավել մեծ թվով էինք, շնորհակալ եմ մեզ միացած քաղաքացիներին: Հատուկ շնորհակալություն նաև մեր մայրաքաղաքի նոր ռուս բնակիչներին առանց որոնց կազմակրպչական հմտությունների չէինք կարողանա երեկվա ակցիան կազմակերպել: Նրանք ակտիվ էին նաև սոցհարթակներում և մեզ միասնաբար հաջողվեց կասեցնել ծառերի սպանդը»,- ասաց Վիկտոր Մնացականյանը:

Նկատենք, որ երեկ, երբ քաղաքապետը առաջին անգամ հանրային լուրջ ճնշման տակ էր, հարազատ ՔՊ-ն Տիգրան Ավինյանին միայնակ թողեց: Ավագանու ՔՊ-ական որևէ անդամ չկար Ավինյանի կողքին: Միայն փոխքաղաքապետերն ու մի քանի աշխատակիցներ էին: Ավինյանի կողքին չէր նաև առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի հարցերի հանձնախմբի համակարգող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ հանձնախմբի որոշ անդամներ տարեսկզբին հանդիպել են ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ։ Արցախի հանձնախումբը հարկ է համարել իրենց անելիքների մասին տեղեկացնել ՀՀ իշխանության պատկան գերատեսչություններին՝ հույս ունենալով, որ եթե ոչ բացահայտ, ապա ստվերային աջակցություն կցուցաբերեն իրենց ինչ-ինչ հարցերում։

Հանձնախումբը քննարկել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպելու տարբերակները, ի վերջո, նախապատվությունը տվել են ծագումով արցախցի Գրիգորյանի հետ հանդիպելուն՝ հույս ունենալով, որ նա իրենց համախոհը կդառնա, եւ համագործակցություն կստեղծվի։ Սակայն հադրութեցի Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումն անցել է աննկարագրելի սառը մթնոլորտում:

Մեզ պատմեցին, որ ընդամենը 20-30 րոպե է տեւել այն, ներկայացվել են հանձնախմբի անելիքներն ու առաքելությունը, փորձել են նրան հասկացնել, որ եթե անգամ մեծ արդյունքների հնարավոր չլինի հասնել, գոնե հարցը տաք կպահեն, եւ դա կնպաստի Հայաստանի պաշտպանության հզորացմանը, ադրբեջանական ագրեսիան կզսպի։ Սակայն Արմեն Գրիգորյանն անգամ չի ցանկացել մինչեւ վերջ լսել հանձնախմբին եւ հասկացրել է, որ Արցախի թեման փակված է` իշխանությունն անելիք չի տեսնում այդ հարցում։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ հրապարակվեցին «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում անցկացված հերթական հարցման արդյունքները, որոնք բավական հետաքրքիր պատկեր են «գծագրում»: Մասնավորաբար, պետք է նշել, որ Հայաստանի քաղաքացիների գնահատման առումով Նիկոլ Փաշինյանն ունի պատմականորեն ամենացածր ցուցանիշը: Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը «լիովին դրական» գնահատել, իսկ 47,1 տոկոսը՝ «ընդհանրապես բացասական»։

Եթե սրան գումարենք, որ հարցվածների մոտ 20 տոկոսն էլ «ավելի շուտ բացասական» է գնահատել, ապա պատկերն առավել պարզ կդառնա: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի աշխատանքն «ընդհանրապես բացասական» էր գնահատել հարցվածների 31,3 տոկոսը, «լիովին դրական»՝ 16,2 տոկոսը։ Քաղաքացիներին հարց է տրվել, թե «ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»: Այստեղ ևս խայտառակ պատկեր է. բացասական պատասխան է տվել 67 տոկոսը, և միայն 8,7 տոկոսն է միանշանակ դրական պատասխանել: Այս օրերին կարևորագույն թեմաներից մեկը կապված է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության հետ՝ Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս բնակավայրերը:

Հարցման մասնակիցների 79,7 տոկոսն այս մոտեցումն ընդհանրապես ընդունելի չի համարել, ևս 7,8 տոկոսը «ավելի շուտ անընդունելի» է համարել: Այսինքն, չնայած Նիկոլ Փաշինյանն Ալիևի անունից սպառնալիքներ էր հնչեցնում ու վախեցնում պատերազմով, միևնույնն է, մեր քաղաքացիների 87,5 տոկոսը արմատապես դեմ է Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը: Ի դեպ, այստեղ «փակագծերում» նշենք, որ երեկ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում բացարձակ անհիմն է համարել մեղադրանքներն այն մասին, թե իր երկիրը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: Իհարկե, Ալիևի խոսքերին հավատ ընծայելու համար չափազանց միամիտ պետք է լինել, սակայն այստեղ ուշագրավ են Փաշինյանի «վախ ծախելու» հանգամանքն ու, ի հակադրություն դրա, մեր հասարակության հստակ դիրքորոշումը:

Հիշեցնենք նաև, որ թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կգնա, կխոսի մարդկանց հետ, կբացատրի իրավիճակը, ավելին՝ նույնիսկ այցելեց Տավուշ, սակայն, չնայած դահլիճային հանդիպման համար հատուկ ընտրված կազմին, շատ վատ ընդունելության արժանացավ։ Նրա այցին նախորդել էր «Հայաքվե» նախաձեռնության անդամների՝ Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ ակցիաները Ոսկեպարում և Բաղանիսում, այնուհետև տարածաշրջան այցելեցին խորհրդարանական ընդդիմության և այլ ուժերի ներկայացուցիչներ ու անհատներ: Փաշինյանի հայտարարությունից և այս այցերից հետո սահմանամերձ այս գյուղերը յուրահատուկ դիմադրության օջախներ են դարձել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամրացնել իր պաշտպանությունը` մեծ միջոցներ ծախսելով, նորանոր ուժեր ներգրավելով եւ մեթոդներ կիրառելով: Այս անգամ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ վճարվել է 10 մլն 600 հազար դրամ։ Իհարկե, մետաղորսիչներ կային կառավարությունում, բայց երեւի սրանք ավելի ժամանակակից են ու վստահելի: Եթե նույնքան ջանք, որքան Փաշինյանը գործադրում է անձնական անվտանգությունն ապահովելու համար, գործադրեր պետության անվտանգության ուղղությամբ, Հայաստանը գուցե իրապես դառնար այն խաղաղ Շվեյցարիան, որի մասին ՔՊ-ականներն առավոտից երեկո հայտարարում են իրենց կենացներում։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ArmLur.am-ի ապրիլմեկյան կատակների շարքը, հերիք չէ, իշխանականների վերնախավը սրտին շատ մոտիկ ընդունեց, հիմա էլ այդ կատակներից մեկը կարծես աստիճանաբար ճշմարտություն է դառնում։ Խոսքն «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին է։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ լուրջ քննարկում է ունեցել, որի հիմնական թեման «Ակադեմիական քաղաք» նախագիծն է եղել։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը դժվար իրագործելի է, դժգոհություններ է հարուցել, եւ դժվար թե մինչեւ 2030 թվականն այն իրականանա։ ՀՀ վարչապետի խոսակցությունը գնացել է նախագծի չեղարկման ուղղությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղարին, որը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը․ ««Ակադեմիական քաղաք» նախագիծը սահմանված ընթացակարգով առաջ է գնում եւ սահմանված կարգով իրականացվում է։ Առաջիկայում սպասվում է «Ակադեմիական քաղաք» նախագծի հանրայնացում, որին կհրավիրվեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները»։

Նախարարությունը պնդում է, որ հստակ որոշում ունի՝ ամեն գնով իրագործել «Ակադեմիական քաղաք» նախագիծը, սակայն մինչ օրս բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր, հստակ համաձայնություն ու կարծիք չեն ստացել:

Հիշեցնենք, որ բուհերը ինքնավար մարմիններ են եւ, ըստ օրենսդրության, անկախ են:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում