Թուրքիայում տարեկան գնաճը մոտենում է 70 տոկոսին

Թուրքիայում տարեկան գնաճը մոտենում է  70 տոկոսին

Գնաճը Թուրքիայում մարտ ամսին աճել է 3,16 տոկոսով՝ տարեկան կտրվածքով հասնելով 68,5 տոկոսի։ Տվյալները հրապարակել է այդ երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտը։

Մեկ ամիս առաջ գնաճը կազմում էր 67,07 տոկոս, հունվարին՝ 64,86 տոկոս։ Այսպիսիով՝ տարվա սկզբից մինչև հիմա արձանագրվել է 5,37 տոկոսով գնաճ։

Այդուհանդերձ,գնաճի վերաբերյալ պաշտոնական գնահատականի հետ համաձայն չեն ENAG խմբի անկախ փորձագետները։ Նրանց տվյալներով՝ սպառողական գները երկրում մարտին աճել են 5,68 տոկոսով, իսկ տարեկան գնաճը փետրվարին կազմել է 124,63 տոկոս։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ հարցը կլուծվի զարգացման միջնաժամկետ ծրագրերով։

«Մենք հաստատակամ ենք՝ կյանքի կոչելու մեր միջնաժամկետ ծրագիրն ու տնտեսության զարգացման 12-ամյա պլանը, որոնք տնտեսական ոլորտի ճանապարհային քարտեզն են։ Լիահույս եմ, որ տարվա երկրորդ կեսին ականատես կլինենք գնաճի նվազմանը»,-Էրդողանի խոսքերը փոխանցում է   TRT Haber-ը։

Մարտի 30-ին Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարությունը  հաղորդել էր, որ 2023թ․ արդյունքներով՝ արտաքին պարտքը հասել է ռեկորդային՝ 500 մլրդ դոլարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում