Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործարարների նկատմամբ․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Հերթական կոռուպցիոն բացահայտումը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված․ ըստ տեղեկությունների՝ նա աշխատանքի է ընդունել մի մարդու, որը ստանում է պարգևներ ու աշխատավարձ, առանց ԱԺ գալու․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգը մոռացել է Երեւանի քաղաքապետարանի միջադեպի գործը։ Քրեական վարույթից 5 ամիս անց քրեական հետապնդման ենթակա անձ չկա։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել եւ հարցաքննվել Երեւանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը. նրանից հետո այլ անձ չի հարցաքննվել։
Միջադեպից անցել է շուրջ 5 ամիս, եւ գործով ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ տուժող։
Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթ գրում է․ Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։ Թե ինչու է Գալստյանը որոշել Արցախը դատարկվելուց միայն յոթ ամիս անց վերադառնալ Հայաստան, հարազատներին մանրամասներ հայտնի չեն։
Մեզ պատմեցին, որ ի սկզբանե Սարգիս Գալստյանին եւ կնոջը հարազատները խնդրել-հորդորել են՝ չմնալ Արցախում, հետագայում էլ շարունակ հորդորել են` հեռանալ, սակայն նա մշտապես հույս է հայտնել, որ բռնի տեղահանված արցախցիները ռուսական կողմի միջնորդությամբ վաղ թե ուշ կվերադառնան Արցախ, իսկ այդ դեպքում ինքն արդեն որոշակի կարգավիճակ կունենա Արցախում՝ իբրեւ Արցախը չլքած, եւ կարող է ինչ-որ դերակատարում ստանձնել։ Թերեւս 7 ամիս անց համոզվել է, որ վերադարձ չկա, ուստի որոշել է տեղափոխվել:
Ամուսինները, որ այս ամիսներին Արցախում բնակվում էին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավոր-սանիկական կապեր ունեն, վերջին ամիսներին հարազատների հետ հաղորդակցության խնդիր են ունեցել: Վերջին անգամ մեկ ամիս առաջ են կապ հաստատել՝ հայտնելով, որ ինտերնետ կապի խնդիր կա Ստեփանակերտում: Բայց հարազատների համար էլ է անսպասելի եղել, երբ իմացել են, որ Գալստյանը սահմանն անցել է եւ Հայաստանում կալանավորվել։
Ի դեպ, արցախցիների շրջանում կան խոսակցություններ, որ այնտեղ մնացած հատուկենտ հայերին ադրբեջանցիները լավ չեն վերաբերվում՝ ծաղրում են, սադրում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթ գրում է․ Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերը տագնապ են առաջացրել գործարար շրջանակներում: Եվ անգամ իշխանական ու իշխանամերձ գործարարներն այս ամենից լավ հոտ չեն առնում։ Մեզ ասացին, որ այս շրջանակն արդեն Մոսկվայից ուղերձներ է ստացել, որ առաջիկայում պատժամիջոցներ են կիրառվելու Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործարարների նկատմամբ: Ասենք, բացի Լարսում քաշքշուկներից ու արգելքներից, նրանց արտադրանքի առաջ փակելու են ռուսական շուկան, հարկային եւ այլ միջոցներ են ձեռնարկելու՝ ցույց տալով, թե ինչի կարող է հասցնել Ռուսաստանից հրաժարվելը։ Ռուսաստանի իշխանությունները սպասում են բրյուսելյան հանդիպմանը, որից հետո այդ քայլերը գործնական տեսք կստանան, երբ պարզ դառնա ՀՀ իշխանությունների ընտրությունը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Էդգար Մուրադյան անուն- ազգանունով մի մարդու, որը աշխատանքի չի ներկայանում, բայց պարգեւ ու աշխատավարձ ստանում է: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել:
Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ներկայացնելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը շրջել է ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատասենյակի միջանցքներով, ԱԺ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքային սենյակները արձանագրել է, սակայն Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն ավարտած Էդգար Մուրադյանի աշխատասենյակը, դրա մասին վկայող ցուցանակը չկա:
Հարց. 1. Էդգար Մուրադյանը վերջին 6 ամիսների ընթացքում քանի՞ անգամ է աշխատանքի հաճախել. խնդրում ենք տրամադրել ՊՊԾ անցակետի միջոցով նրա աշխատանքի ներկայանալու հավաստիացումները:
2. Որտե՞ղ է աշխատանքային գործունեությունը ծավալում Էդգար Մուրադյանը, ո՞ր սենյակում, եւ ինչո՞ւ չկա ցուցանակ:
3. Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում նա՝ ստանալով աշխատավարձ եւ պարգեւավճար պետության միջոցներից:
4. Ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը ամսական տաբելը լրացնելիս ԱԺ նախագահի հրահանգով մշտապես Էդգար Մուրադյանի անվան դիմաց ներկա է գրել՝ ապահովելով նրա՝ աշխատավարձի ամբողջական ստացումը:
5. Իրականում Էդգար Մուրադյանի աշխատավարձը ստանում է ինքը՝ Մուրադյա՞նը, թե՞ նրա բանկային քարտին փոխանցված գումարը ձեր մտերիմներից մեկին է փոխանցվում եւ ի՞նչ նապատակով:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի խոսակ Նելի Դուրյանը հաստատել է մեր բոլոր ինֆորմացիաները, որոնք շարադրված էին հարցերում: Ճիշտ է, հրաժարվել է տրամադրել Էդգար Մուրադյանի մուտք ու ելքի մասին հստակ տեղեկություն, բայց հայտնել է, որ, այո, Էդգար Մուրադյանը հեռավար է աշխատում, այսինքն՝ աշխատանքի չի գալիս, առանձնացված սենյակ, համապատասխան ցուցանակ ու աշխատանքային պայմաններ չկան նրա համար: «Անհրաժեշտության դեպքում աշխատում է ԱԺ նախագահի աշխատակազմին հատկացված ընդհանուր աշխատասենյակներից մեկում»,- գրել է ԱԺ նախագահի խոսնակը:
Այսինքն՝ միայն անհրաժեշտության դեպքում է աշխատում, իսկ իրականում կան ամիսներ, որ ընդհանրապես ԱԺ չի մտել ռեֆերենտը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանի կողմից կատարված ենթադրյալ կեղծիքին, ապա ԱԺ նախագահի խոսնակը լղոզված պատասխան է տվել. «ԱԺ նախագահի գրասենյակի աշխատակիցների ներկայությունը լրացվում է աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում՝ սահմանված կարգով»: Այսինքն՝ հաստատել է նաեւ այդ ինֆորացիան: Այ թե ով է իրականում ստանում Մուրադյանի աշխատավարձը. ԱԺ-ից գրել են որ «փոխանցվում է իրեն պատկանող բանկային հաշվեհամարին»։
Այս մասով դեռ լրացուցիչ ճշտումներ կանենք, քանի որ կասկածահարույց տեղեկություններ ունենք:
Բայց այժմ ներկայացնենք նաեւ, թե ով է արտոնյալ ռեֆերենտը, որ աշխատում է «Կարույուտ» ընկերությունում՝ ըստ իր համացանցային էջի, սակայն համատեղության կարգով ԱԺ նախագահի ռեֆերենտ է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա ԱԺ իշխանական պատգամավոր Լենա Նազարյանի օգնական Սյուզաննա Գալստյանի ամուսինն է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Սյուզաննա Գալստյանի հետ, որն ասաց. «Իմ ամուսինն աշխատում է ԱԺ-ում, այլ աշխատանք չունի, վաղուց դուրս է եկել եւ ամեն օր աշխատանքի է հաճախում»։ Իրականում Լենա Նազարյանի օգնականը ստեց, թե ամուսինն ամեն օր աշխատանքի է ներկայանում, քանի որ հենց ԱԺ նախագահի խոսնակը մեզ հայտնել է, որ Էդգար Մուրադյանը աշխատանքի չի հաճախում, հեռավար է աշխատում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը Չարենցի փողոցից տեղափոխվում է Հանրապետության փողոց․ Դաշնակցության եւ Հանրապետականի անմիջական հարեւանությամբ, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց են տեղակայվել, «Ազգ» թերթի խմբագրության շենքի առաջին հարկում: Տեւական ժամանակ է՝ այստեղ նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ժամանակին այստեղ ԲՀԿ-ի շտաբն էր` ինչ-որ նախընտրական փուլում, ընտրություններն ավարտվելուց հետո ԲՀԿ-ն դուրս եկավ:
Ուշագրավն այն է, որ շենքում իրականացվող շքեղ վերանորոգմանը զուգահեռ ամբողջությամբ փոխվեցին մայթի սալիկները, թեեւ բոլորովին վատ վիճակում չէին: Շենքին կից տեղադրված մեծ աղբամանները հանվեցին եւ տեղափոխվեցին: ՔՊ-ն փողի պակաս չունեցող իշխանական կուսակցության պահվածք է ցուցաբերում, իսկ պետական կառույցներն ու քաղաքապետարանն ամեն ինչ անում են, որ կուսակցական գրասենյակն էլիտար պայմաններում ու միջավայրում գործի:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում