Արևմուտք-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ Բաքվի հիստերիայի իրական նպատակը
Նմանատիպ
Այսօր Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղարը և Եվրահանձնաժողովի նախագահը, ինչի առիթով Բաքվից նկատվում է աղմուկ, որն ունի երկու հստակ հասցեատեր, և խոսքը բոլորովին էլ հանդիպողների՝ Երևանի ու Արևմուտքի մասին չէ։
Ովքեր են Փաշինյանի հետ հանդիպողները
Բաքվի աղմուկի իրական թիրախները նկատելու համար, պետք է նախ բացառել սխալ տպավորությունը, թե Բաքվին հուզում է բրյուսելյան հանդիպումը։ Բաքուն ունի լծակներ՝ այդ հանդիպման որոշումներն ու հետևանքները կառավարելու համար։ Եվ հուզմունքի իմիտացիան առավելագույնը ֆոն է՝ հնարավոր ռազմագործողության պատրվակ ստեղծելու համար։
Փաշինյանին Բրյուսելում դիմավորելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որն Արցախում պատերազմից հետո և Կիևի դեմ Ռուսաստանի գործողությունների ֆոնին մեկնեց Բաքու։ 2022-ի հուլիսի 18-ին եվրապաշտոնյա ֆոն դեր Լայենը ագրեսոր ու բռնապետ Ալիևի հետ ստորագրեց գազային գործարքը՝ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիրը։ Ադրբեջանից ԵՄ ներկրվող գազի ծավալը կրկնապատկելու, մինչև 2027-ը ադրբեջանական հարավային գազային միջանցքով տարեկան 20 մլրդ խորանարդ մետրի հասցնելու պայմանավորվածությամբ։
Եվրամիությունը փորձեց պատճառաբանել ու արդարանալ, թե ռուսական ագրեսիայից հետո կրճատում են կախվածությունը ռուսական գազից։ Անգամ Արցախի դեմ Ալիևի ագրեսիան մի կողմ թողնելով՝ Բրյուսելի հետ գործարքից հետո Ադրբեջանը ևս մեկ գործարք է կնքել Մոսկվայի՝ Գազպրոմի հետ։ Սա նշանակում է, որ այսպես, թե այնպես Եվրամիությունը գնում է նույնն ռուսական գազը, բայց Ադրբեջանի միջոցով։ Ու քանի դեռ սա շարունակվում է, Բրյուսելի բոլոր գործողությունների վրա Բաքուն ունի գազային լծակ, Երևանը՝ ոչ մի։ Փաշինյանից Բրյուսելին կարող է հետարքրել միայն Ռուսաստանից երես թեքելը։
Փաշինյանի հետ մյուս բանակցողը՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ևս Բաքվի համար մտահոգիչ չէ, որովհետև ամեն ինչից առավել Բաքու-Վաշինգտոն հարաբերությունների միջև կա Թուրքիան՝ ԱՄՆ ռազմավարական գործընկերը։ Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարարի բոլոր հանդիպումների ու հեռախոսազրույցների օրակարգում լինում է Հայաստան-Ադրբեջան հարցը։
Վաշինգտոնում, վստահաբար, հաշվարկում են, որ Բաքվի ուղղությամբ քայլերը նշանակում են Թուրքիայի նախագիծ Ադրբեջանի դեմ քայլեր, ու սա էլ Ալիևի լծակն է Բլինքենի դեմ։ Եվ այստեղ նույնն է՝ Վաշինգտոնին ևս Փաշինյանից պետք է միայն Ռուսաստանից երես թեքելը։
Հետևաբար, բրյուսլյան ռիսկերը Բաքվի համար կառավարելի են՝ գազային և Թուրքիայի գործոնով։
Բաքվի շոույի հրավիրյալ ունկնդիրները
Սակայն, Բաքուն աղմկում է, ընդ որում բավական բարձր, նկատելի և մշակված։ Խոսնակների ու տեղակալների մակարդակից գործը հասավ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, երբ Բաքվում նկատեցին, որ պլանը գործում է, առաջին արդյունքները կան։
Բայրամովը հայտարարեց, թե բրյուսելյան հանդիպման նման նախաձեռնությունները կարող են նոր սադրանքնեերի դրդել Հայաստանին, որտեղ ռևանշիստական տրամադրություններ կան։
Բայրամովն այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպմանը։ Եվ սա առաջին հուշումն է, թե ումն են ուղղված Բաքվի ռեվերանսները։ «Ջեյհուն Բայրամովը նշել է, որ մի շարք քայլեր, որոնք նոր մարտահրավերներ են ստեղծում խաղաղ գործընթացի առաջխաղացման համար, այդ թվում՝ տարածաշրջանից հեռու գտնվող երկրների փորձերը և տարածաշրջանում իրենց միակողմանի դիրքորոշումը նախագծելը, դանդաղեցնում են այդ գործընթացը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության տեքստում։
Արևմուտքի հետ պատերազմող Մոսկվայի համար թղթի վրա ռազմավարական դաշնակից, իրականում անվտանգային բուֆերային գոտի հանդիսացող Հայաստանի հայացքը դեպի Արևմուտք անընդունելի է՝ ուղիղ ձևակերպումը ԱԳ նախարար Լավրովից. «Նրանց նպատակը, ովքեր հիմա Հայաստանի ղեկավարությանը շեղում են դեպի Արևմուտք, պարզ է՝ այդ տարածաշրջանը ևս վերածել իրենց դոմինանտության գոտու, ինչպես փորձում են անել նաև Կենտրոնական Ասիայի պարագայում»։
Տարածաշրջանում կա ևս մեկ երկիր, որը բառացիորեն նույն կերպ է ձևակերպում իր դիրքորոշումը՝ դիմադրելով տարածաշրջանից հեռու գտնվող երկրների միջամտությանը։ Եվ Իրանը Փաշինյանի արևմտյան հանդիպման շուրջ Բաքվի աղմուկի երկրորդ հասցեատերն է։
Արցախում պատերազմից հետո Թեհրան – Բաքու հարաբերություններում փաստացի աննախադեպ բացահայտ լարվածություն էր սկսվել։ Ադրբեջանական հեռուստաալիքները բացեիբաց տարածքային հավակնություններ էին ցուցադրում Իրանին՝ իրար հերթ չտալով ողջունելով Իրանի տարածքի թյուրքախոսներին՝ օգտագործելով «այս կողմի և այն կողմի Ադրբեջան» ձևակերպումները։ Իրանական հեռուստաալիքները պատասխանեցին առաջին իսկ նման հայտարարությանը՝ ճիշտ նույն երեկոյան բարի գիշեր մաղթելով «Իրանի պատմական և հարվերժական հողեր Բաքվի, Գյանջայի և Նախիջևանի բնակիչներին»։
Լարվածությունը դրսևորվել էր անգամ սահմանին՝ իրանական կողմի զորավարժութուններով՝ գետը անցնելու սցենարով։ Եթե Իրանի զորքը անցնում են գետը, մտնում է Ադրբեջան։
Ալիևը, օկուպացված հայկական տարածքներով Իրանին մոտենալով, 2022-ի նոյեմբերին Շուշիից էր համարձակվել սպառնալից հայտարարություններ անել։ «Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում։ Հարկ եղած դեպքում, սա ևս մեկ անգամ ցույց կտանք ու կհասնենք մեր ուզածին․ սա գիտեն բոլորը, թող սա իմանան նաև նրանք, ովքեր մեր սահմանին զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել», ֊ հայտարարել էր Ալիևը։
Հաջորդ օրը Իրանի մեջլիսում պատգամավորները խոստանում էին գերեզման ուղարկել Ադրբեջանի և իր հովանավորի օսմանյան երազանքները՝ պատմության ցավոտ դաս տալով երկուսին էլ։ «Եթե Գյուլիստանի պայմանագիրը չկատարվեր, Ադրբեջանը կլիներ Իրանի մի մասը, և նա (Իլհամ Ալիևը) չէր կարող դառնալ այդ երկրի նախագահը» ,– հայտարարել էր պատգամավոր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին։
Ռուս-պարսկական պատերազմի արդյունքով 1813 թվականին Արցախի Գյուլիստան գյուղում ստորագրված պայմանագրով Ռուսական կայսրությանն անցել էր նաև Ադրբեջանի այժմյան տարածքը:
Ալիևն արձանագրեց, որ վերջին երեսուն տարում Իրանի հետ հարաբերություններն այս վիճակում չեն եղել, ինչին ամիսներ անց հետևեցին ուշագրավ փոփոխություններ։ Վստահաբար, Բաքվի պարագլուխը դիմել է Էրդողանի օգնությանը և ստացել հանձնարարականը՝ թուրք-իրանական դիմակայության ոճով ու ամբողջ խորամանկությամբ։ Արդյունքում 2023-ի նոյեմբերին Ռայիսի – Ալիև հանիդպմանը Բաքվի պարագլուխը, թուրքական ամբողջ հեռատեսությամբ հայտարարեց. «Նախորդ տարիներին մենք տեսել ենք արտատարածաշրջանային ուժերի կողմից Իրանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններին միջամտելու փորձեր։ Այդ փորձերը ոչնչի չբերեցին։ Վստահ եմ, որ այժմ էլ մեր թշնամիները չեն հասնի իրենց նպատակներին»։
Արտատարածաշրջանային ուժեր տարածաշրջան չբերելու ուղերձը կարմիր թելի նման է անցնում Երևանի և Բաքվի հետ շփումներում Թեհրանի ուղերձներում։ Ու քանի դեռ փաշինյանականները ուշադրություն չեն դարձնում այդ ուղերձներին՝ եվրադիրտորդներով և եվրաձգտումներով, Ալիևը գտել է ճիշտ պահն ու կետը խուսափելու համար Իրանի հետ ուղիղ առճակատումից, որը կարող է Բաքվի համար ունենալ վտանգավոր ու գոյաբանական հետևանքներ։
Ալիևը, միանալով արտատարածաշրջանային ուժերի դեմ Թեհրանի ուղերձին, մի կողմից սիրաշահելով հաշտվում է իրանական կողմի հետ, մյուս կողմից ցույց տալիս, որ Երևանն է այդ արտատարածաշրջանային ուժերին բերում տարածաշրջան, անշնորհակալ կերպով հակառակվում Իրանին, որը ՀՀ տարածքը հայտարարել է կարմիր գիծ և թույլ չի տալիս բացել թուրքական միջանցքը։
Միլիմետրերի ճշգրտությամբ մանևրելով՝ Ալիևը, Փաշինյանի գործողությունների հաշվին, Հայաստանին զրկում է ևս մեկ բնական դաշնակցից։ Ու երբ վաղը հերթական վտանգի ժամանակ Իրանը չպաշտպանի հայկական շահերը, չբավարարի Հայաստանի քաղաքացիների ակնկալիքները, հայտարարելու ենք, թե սխալ ու անպետք դաշնակից էր։
Հայաստանին մեկուսացնելու քայլերը
Նույն այս սցենարը՝ Հայաստանի դաշնակիցներից զրկելու պլանով, թուրքական զույգը կիրառել է նաև ՀԱՊԿ պետությունների հետ։ Բոլորի հետ աշխատելով առանձին – առանձին և հենց Հայաստանին անհրաժեշտ պահին անօգնական թողնելու օրակարգով։ Եվ սա ևս պատերազմից հետո Ալիևը խոստովանեց` 2022-ի նոյեմբերին հայտարարելով, որ հաջող արտաքին քաղաքականության շնորհիվ Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերն անգամ այն կազմակերպություններում, որոնց անդամ չէ։
«Մենք ՀԱՊԿ անդամ չենք: Մինչդեռ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, և այդ կազմակերպության միջոցով նպատակադրվել էր չհիմնավորված պահանջներ առաջ քաշել Ադրբեջանի դեմ, և, ըստ էության, ցանկանում էր բախման տանել դրա մեջ մտնող երկրներին Ադրբեջանի հետ: Դա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն, սադրանքը տապալվել է, և ՀԱՊԿ երկրները չեն տրվել դրան: Դա նշանակում է, որ մենք կազմակերպության մեջ ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը», ֊ հայտարարել էր Ալիևը։
Հատկապես այս պահին իմաստազուրկ ռուսամետ – արևմտամետ քննարկումների մեջ չներքաշվելու նպատակով կարող ենք անգամ մի կողմ դնել Մոսկվայի դժգոհությունը։ Փաշինյանականների արտաքին քաղաքականության անփութությունն արձանագրելու համար բավական է անգամ Իրանի օրինակը։
Փաշինյանականները պատրաստակամ են հրաժարվել բոլորից, ոչնչացնել տասնամյակներով կառուցված և բնական շահերի հիմքով հարաբերությունները, բայց ցեղասպան Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում նրբանկատ են ու հանդուրժող առավել քան որևէ այլ պետության հետ։
Արդյունքում, Էրդողանի ուղղորդմամբ ու վերահսկողությամբ փաստացի Ադրբեջանը կառավարում է զարգացումները տարածաշրջանի ներսում՝ մեկուսացնելով Հայաստանին, թշնամացնելով Իրանի և Ռուսաստանի հետ՝ դրանից բխող բոլոր ծանրագույն հետևանքներով։ Ինչպիսին կարող է լինել, օրինակ, Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի հարցում իրանական կոշտ և ռուսական ուղիղ դիրքորոշումների մեղմվելը։ Դրա արդյունքում այսօր կրած վնասները հարյուր տարի անց Թեհրանը և Մոսկվան շտկելու հնարավորթյուն կստեղծեն, սակայն դարեր անց պետականությունը վերստեղծած Հայաստանը կարող է անդառնալի կորուստներ կրել։
Եվ այսօրվա Արևմուտք – Փաշինյանն հանդիպումը, դրան գուցե հետևող օգնությունը, հազիվ թե մեղմեն դրա բացասական հետևանքները, և անգամ հազիվ թե բավարարեն հենց իր՝ Փաշինյանի ակնկալիքները։ Ինչպես հիմա դժգոհ են Կիևում։ Եվ այստեղ մեղավորները ո՛չ Վաշինգտոնում են, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Մոսկվայում։ Նրանք բոլորը իրավացիորեն պատրաստ են զոհել բոլորին՝ հանուն իրենց շահերի։ Իրական մեղավորները Կիևում են և Երևանում, որ ռուսական ու թուրք-ադրբեջանական ռիսկերը չկարողացան հաշվարկել, կառավարել։ Դա անելը Կիևի և Երևանի պատասխանատվությունն էր և է, ո՛չ Վաշինգտոնինը։
Անի Ավետյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն